ՓՈՒԼԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՕԵԿ-ՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՕԵԿ-ականները շարունակում են ինտենսիվորեն զբաղվել կուսակցության շարքերը համալրելու գործընթացով: Երեկ կուսակցությունում կրկին քաղխորհրդի նիստ էր հրավիրված, ինչի կապակցությամբ “Ժողովուրդ”-ը զրուցեց ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանի հետ:
-Պարո՛ն Շահգելդյան, ՕԵԿ-ի հրավիրած քաղխորհրդի նիստն ի՞նչ նպատակ ունի:
-Մեր քաղխորհրդի նիստերը ֆիքսված են, մենք կոնկրետ ժամանակահատվածներ ունենք, սա մեր հերթական քաղխորհրդի նիստն է, որի ընթացքում քննարկվում են մի շարք հարցեր՝ կազմակերպչական, ֆրակցիայի աշխատանքի եւ այլն:
-Տեղեկություն կա, որ վերջին օրերին էլի ինչ-որ նիստ եք արել՝ ,ֆիքսվածից դուրսե:
-Ո՛չ, հատուկ ֆիքսված ժամանակահատվածներ են մեր նիստերը:
-Հատուկ վերակազմավորման հարցը չե՞ք քննարկել:
-Ընթացքում, իհարկե, մենք պարբերաբար անդրադառնում ենք բարեփոխումների այն ընթացքին, որն իրականացվում է: Յուրաքանչյուր քաղխորհրդի նիստի ժամանակ անդրադառնում ենք այդ հարցերին, ընթացքին, փուլային վերլուծություններ են կատարվում, սա ընթացիկ աշխատանք է:
-Իշխանական կուլիսներում քննարկվում է մի սցենար, որի համաձայն՝ առաջիկայում կոալիցիոն գործընկեր ՀՀԿ-ն պետք է օգնի ՕԵԿ-ին՝ ավարտելու վերակազմավորման աշխատանքը, քանի որ ձեզ ոչ մի կերպ չի հաջողվում կուսակիցներ հավաքել: Ըստ այդ սցենարի՝ ՕԵԿ-ին պետք է անդամագրվեն տարբեր երիտասարդական կազմակերպություններ, մանր-մունր կուսակցություններ՝ տպավորություն ստեղծելով, թե ՕԵԿ-ը գնալով հզորանում է: Լուրեր են շրջանառվում նաեւ, որ անդամագրվողները գումարներ կներդնեն:
-Գիտեք, կան բաներ, որ բացարձակ, ավելի կոպիտ չեմ ուզում ասել, չեն համապատասխանում իրականությանը: ՕԵԿ-ում երբեք ոչ ոք գումարով չի ընդգրկվել, չի ընդգրկվում ու երբեք էլ չի ընդգրկվելու, որովհետեւ դա ո՛չ մեր աշխատաոճն է եւ ո՛չ էլ մեր մոտեցումները: Մարդիկ որ գալիս են, գալիս են իրենց մոտեցումներով, իրենց պատկերացումներով կարող է լինեն պատեհապաշտ մարդիկ, ինչպես բոլոր քաղաքական ուժերում: Բայց Ձեր տեղեկությունները բացարձակ չեն համապատասխանում իրականությանը:
-Այդ դեպքում ՕԵԿ-ում ինչպե՞ս է որոշվում, թե ում պետք է կուստոմսեր տրամադրվեն, կա՞ հատուկ մեխանիզմ, թե՞ “հատուկ” մարդիկ կլինեն ապագա ՕԵԿ-ականները:
-Ներկայիս փուլում, ինչպես մենք ասել ենք, իրականացնում ենք բարեփոխումներ, որի ժամանակ փոխվում է նաեւ անդամագրման կարգը, նախկինում էլ էինք անում իհարկե, հիմա ավելի ենք կոշտացնում: Մարդը եթե գալիս, ներկայացնում է մոտեցումները, ծրագրերը, պատկերացում պետք է ունենա կուսակցության գործունեության մասին, մեր սկզբունքների ու գաղափարների: Դրանից բացի, պետք է որոշակի ակտիվություն ցուցաբերի եւ մեր կուսակցականների կողմից երաշխավորված լինի: Այսինքն՝ նոր ընդունվածների վերաբերյալ մենք պետք է ունենաք որոշակի պատկերացումներ: Մեր կուսակցականներից եթե ճանաչում են մարդուն, պետք է կարողանան նրան բնութագրել, սա նորմալ է:
-Կարո՞ղ են ՕԵԿ-ում ընդգրկվել այնպիսի մարդիկ, որոնք ժամանակին մեկ այլ կուսակցության անդամ են եղել, այնուհետեւ փոխել են իրենց մտածելակերպն ու գաղափարները:
-Խնդիրը հենց դրա մեջ է, եթե մարդը մի կուսակցությունից անընդհատ մի կուսակցություն է գնում, եթե ունի գաղափարական մոտեցումներ, դա ուրիշ խնդիր է, գիտի ծրագրերն ու մոտեցումները: Բայց եթե մարդը մեկից մյուսը թռնում ա, անընդհատ, սա իհարկե ցանկալի չէ, դա մարդու ցանկությունն է, որը քննարկվում է առանձին դեպքում:
-Այսինքն՝ ՕԵԿ-ում դեմ չեն, որ իրենց նոր կուսակիցը ժամանակին այլ կուսակցության անդամ եղած լինի:
-Կարող են լինել մարդիկ, որոնք չընդունվեն, որոնց գործունեության ոճը մեր ոճին համապատասխան չլինի:
Կարելի՞ է կարծել, որ վստահելիներին անդամագրելով՝ ՕԵԿ-ը պատրաստվում է նախագահական ընտրություններին:
-Գիտեք՝ ոչ, այս խնդիրը կապված չէ նախագահական ընտրությունների հետ, Դուք շատ լավ գիտեք, որ բարեփոխումների գործընթացը մենք սկսեցինք ԱԺ ընտրություններից հետո, եւ ես ուզում եմ կրկնել, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ զարգացող է, եւ կյանքը կանգ չի առնում:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս