ՎԱՐՊԵ՛Տ, ՔՇԻ՛Ր ԹՈՒՐՔԻԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենսաթոշակների ոլորտում հայտնաբերված չարաշահումների առնչությամբ հարուցված քրեական գործով երեկ կալանավորվել են սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ ՀՀԿ-ական Վազգեն Խաչիկյանն ու եւս 2 հոգի: Ուշագրավն այն է, որ նրա ձերբակալությունը տեղի ունեցավ օրերս կառավարությունում Սերժ Սարգսյանի անցկացրած խորհրդակցությունից հետո: «Խաչիկյանի պատմությունը… տասն անգամ էն ժամանակ էլ ասում էինք՝ թոշակները կարգավորե՛ք, նպաստները կարգավորե՛ք: Բոլորն ասում էին՝ կարգին ա, էստեղ բան չկա: Վերջը պարզվեց՝ կա»,-ասել էր Սարգսյանը: Եւ ահա տեսակետ կա, որ ինչպես չարաշահումների դեպքում, այնպես էլ Խաչիկյանի հետագա կարգավիճակի մասով այս տարիներին Ս. Սարգսյանին խաբել են: Ու ինքը միայն վերջերս է պարզել, որ Խաչիկյանը ոչ միայն գտնվում է ազատության մեջ, այլեւ քրեական գործում ընդգրկված չէ անգամ կասկածյալի կարգավիճակում, ինչից հետո էլ նրան ձերբակալել են: Այս պատմությունը հիշեցնում է հայտնի անեկդոտը, երբ 1915թ. Ցեղասպանության մասին հենց նոր իմացած քաղաքացին նստում է առաջին պատահած տաքսին ու պատվիրում. «Վարպե՛տ, քշի՛ր Թուրքիա»: Իսկ մինչ այդ, ինչպես պնդում են մեր աղբյուրները, ժամանակին Խաչիկյանը սպառնացել էր իրեն ձերբակալելու դեպքում տալ այն բոլոր ՀՀԿ-ականների անունները, որոնք ոչ միայն տեղյակ են եղել իր գործունեությունից, այլեւ ինքը նրանց պարբերաբար գումարներ է վճարել: Այնպես որ, Խաչիկյանն իր հետեւից դեռ շատերին կտանի:




Լրահոս