Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների շրջանակներում երբ և որ փողոցները փակ կլինեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ոստիկանության պետի տեղակալ, Ոստիկանության գնդապետ Սամվել Հովհաննիսյանը լրագրողներին ներկայացրեց ապրիլի 23-ին և 24-ին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների անցկացման վերաբերյալ որոշակի տվյալներ, քաղաքում երթևեկության կազմակերպումը և այլ տվյալներ: Հովհաննիսյանը նշեց, որ Ոստիկանության ծառայողները ապրիլի 1-ից անցել են ուժեղացված ծառայության:

Եվ այսպես՝ ապրիլի 22-ին Մարզահամերգային համալիրում տեղի կունենա Ցեղասպանության թեմայով ֆորում: Նույն օրը Էջմիածնի Մայր Աթոռում տեղի կունենա հսկման կարգ, որը նախորդում է սրբադասման արարողությանը:

Ապրիլի 23-ին Մարզահամերգային համալիրում ֆորումը կավարտվի, իսկ 17:00-ին Էջմիածնի Մայր Աթոռում տեղի կունենա սրբադասման արարողությունը: Սամվել Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ քաղաքացիներից ովքեր ցանկություն կհայտնեն ներկա լինել Էջմիածնում արարողություններին ժամը 14:00-ից Բրազիլիայի հրապարակում ավտոբուսներ կլինեն նրանց տեղափոխումն ապահովելու համար:

Նույն օրը երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի կունենա System of a Down ռոք խմբի համերգը: Ոստիկանության գնդապետի խոսքով՝ Հանրապետության հրապարակում մարդկանց հոսքը կսահմանափակվի: Սահմանված է մոտ 50 հազար քաղաքացի: Հովհաննիսյանը նշեց, որ Հանրապետության հրապարակի համապատասխան վայրում տեղադրված կլինի սարք, որն էլ կհաշվի քաղաքացիների քանակը: Ժամը 20:00-ից փակ կլինեն հանրապետության հրապարակին հարող փողոցները: Դեպի հրապարակ մուտքը կլինի Շահումյան հրապարակից, իսկ ելքը՝ Տիգրան Մեծ փողոցի կողմից:

Իսկ ապրիլի 24-ին մինչև 13:00 մուտքը դեպի Ծիծեռնակաբերդ փակ կլինի քաղաքացիների համար: Այնուհետև դեպի Եղեռնի հուշահամալիր մարդկանց տեղափոխումը հիմնականում կկատարվի Կիևյան փողոցի կողմով: Քաղաքացիները մեքենաները կարող են կայանել Մերգելյան ինստիտուտի հրապարակում, այնտեղից էլ ոտքով ուղևորվել դեպի Ծիծեռնակաբերդ:

Ս. Հովհաննիսյանը նշեց՝ ապրիլի 24-ին փակ կլինի Բաղրամյան պողոտան, Հանրապետության հրապարակը` կիսով չափ: 24-ի երեկոյան 20:15-ին  նախատեսված է համերգ, որի ավարտից հետո ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդ:

Վերջում Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հորդորեց քաղաքացիներին կարգը չխախտել և ցանկացած պարագայում անտարբեր չլինել և դիմել քաղաքում ծառայություն իրականացնող ոստիկաններին:




Լրահոս