ՕՐԵՆՍԳՐՔԻՑ ԱՆՏԵՂՅԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 23-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Արծվաբերդ համայնքում առկա էին համայնքի ղեկավարի հինգ թեկնածուներ: 431 ձայնով գյուղապետ է վերընտրվել ԲՀԿ անդամ Վոլոդյա Ուզունյանը, նրանից տասը ձայն պակաս է ստացել նախկին գյուղապետ Յուրիկ Զարգարյանը: Արծվաբերդում առկա է ընտրական երկու տեղամաս: Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից (տեղակայման վայրը՝ Իջեւան) տեղեկացանք, որ Արծվաբերդի տեղամասային ընտրական երկու հանձնաժողովների նախագահներն էլ անտեղյակ են ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներից: Նրանք քվեարկության ավարտից հետո չսահմանված նմուշի քվեաթերթիկները հաշվել են անվավեր քվեաթերթիկների հետ, ինչի հետեւանքով անվավեր քվեաթերթիկների մեծ թիվ է եղել: Թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն այդ պատճառով ստիպված է եղել քվեաթերթիկների վերահաշվարկ կատարել եւ չսահմանված նմուշի քվեաթերթիկներն առանձնացնել անվավեր քվեաթերթիկներից: Նշենք, որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը դա արել է սեփական նախաձեռնությամբ, ոչ թե բողոքի արդյունքում: Կատարված վերահաշվարկի արդյունքում էականորեն չի փոխվել թեկնածուների միջեւ եղած ձայների տարբերությունը:
Թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աիդա Սարգսյանը մեզ հայտնեց, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից առաջ ինքն առանձին-առանձին զրուցել է այդ ընտրատարածքի 16 համայնքների բոլոր 31 ընտրական տեղամասերի նախագահների հետ: Տավուշի մարզի թիվ 41 ԸԸՀ նախագահը նրանց բացատրել է ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջները: Տիկին Աիդան մեզ հայտնեց, որ ինքը մտավախություն ուներ, որ Արծվաբերդի ընտրական երկու տեղամասերի նախագահները դժվարանալու են իրենց գործը պատշաճ ձեւով կատարել: Թիվ 41 ԸԸՀ անդամները մեզ հայտնեցին, որ այդ հանձնաժողովների նախագահները նաեւ գրագիտության հետ կապված խնդիրներ են ունեցել: Նշենք, որ երկու ընտրական տեղամասերի նախագահներն էլ նշանակվել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից: Զարմանալի է, ընտրական հանձնաժողովների նախագահներն ինչպե՞ս են անցել ՀՀ ընտրական օրենսգրքի վերաբերյալ ուսուցում եւ համապատասխան քննություն հանձնել: Հարկ է, որ այդ քննություններն ավելի օբյեկտիվ անցկացվեն, ոչ թե խնամի-ծանոթ-բարեկամ փորձված եւ արատավոր եղանակով:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս