Ո՞ւմ դրդմամբ առաջացավ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մեկ ամիս է անցել այն օրից, ինչ Սերժ Սարգսյանը հաստատեց սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը, որից հետո ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորած հանձնաժողովի կողմից բուն տեքստը մշակելու գործընթացն այլեւս պաշտոնապես արտոնվեց:

Սահմանադրական փոփոխությունների շուրջ քննարկումները հիմնականում մեկ խնդրի շուրջ են ընթանում` ինչ կառավարման համակարգ պետք է ունենա Հայաստանը. պիտի շարունակի մնալ կիսանախագահակա՞ն, թե՞ դառնա խորհրդարանական կառավարմամբ երկիր: Եւ այս քննարկումների մեջ հետաքրքիր առանձնահատկություն կա: Խորհրդարանական կառավարման համակարգին հիմնական դեմ արտահայտվողներ քաղաքական ուժերը մեկ ընդհանրութուն ունեն` նրանք բոլորը պրոռուսական քաղաքական ուժերն են: Իհարկե, այնպես չէ, որ Սերժ Սարգսյանն էլ արեւմտյան արժեքների կողմնակից է, սակայն կարեւոր է հիշել, թե երբ նա հայտարարեց սահմանադրական փոփոխություններ անելու մտադրության մասին՝ 2013-ի սեպտեմբերի 3-ին ԵՏՄ պայմանագիրը ստորագրելուց մեկ օր հետո: Քաղաքական շրջանակներում լուրեր տարածվեցին, որ նա այդ քայլն անում է, քանի որ եվրոպացիներին խոստացել է:

Այսինքն՝ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու որոշումից հետո Սերժ Սարգսյանը եվրոպացիների բարեհաճությունը պահպանելու համար խոստացել է, որ սահմանադրական փոփոխություններ կնախաձեռնի: Ըստ խոստման, Հայաստանը պետք է անցում կատարի խորհրդարանական կառավարման համակարգին, ինչպես նաեւ բարելավի մարդու իրավունքների սահմանադրական պաշտպանության հարցը:
Խորհրդարանական կառավարման համակարգով Հայաստանն արեւմուտքին ավելի ձեռնտու է այն պարզ պատճառով, որ այդ դեպքում հնարավոր է ստեղծվի այնպիսի վիճակ, որտեղ երկրի կառավարման ղեկն ամբողջությամբ մեկ անձի ձեռքում չի լինի: Այսինքն՝ եվրոպացիները շատ լավ հասկացել են, որ եթե Հայաստանում խորհրդարանական կառավարման մոդել գործի, ապա որեւէ քաղաքական ուժ, այդ թվում նաեւ իշխող ՀՀԿ-ին, նույնիսկ կեղծիքներով չի կարողանա միանձնյա իշխանություն ունենալ, եւ կոալիցիա կձեւավորվի: Իսկ կոալիցիայի դեպքում երկրի իշխանությունն ամբողջությամբ մեկ անձի ձեռքում չի լինի, այլ մի քանի մասի բաժանված կլինի:

Հենց վերը բերված գործոնների պատճառով էլ ենթադրվում է, որ Ռուսաստանի ղեկավարությունը դեմ կլինի, որ Հայաստանն անցնի կառավարման խորհրդարանական մոդելին: Ռուսների համար ավելի հեշտ է Հայաստանը վերահսկել կառավարման կիսանախագահական մոդելի պայմաններում, որտեղ իշխանությունն ամբողջությամբ կենտրոնացած է մեկ մարդու ձեռքում: Նման պայմաններում ռուսներին մնում է ապահովել, որպեսզի այդ մեկ անձը լինի ընտրությունների կեղծման ճանապարհով իշխանության հասած իրենց դրածոն, որպեսզի հնարավոր «վտանգները» հեշտ չեզոքացվեն:

Ու թերեւս այդ պատճառով է, որ մինչ օրս Ռուսաստանը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իր տեսակետն արտահայտում է առայժմ մի քանի քաղաքական ուժերի եւ Ռոբերտ Քոչարյանի շուրթերով: Ակնհայտ է, որ երբ արդեն խնդիրը լրջանա, եւ գա վերջնական որոշում կայացնելու պահը, Ռուսաստանը ստիպված է լինելու ինչ-որ ձեւով միջամտել: Բայց անհասկանալի է, թե Ռուսաստանի ղեկավարությունն ինչպես է դա անելու: Սահմանադրական փոփոխությունները եվրոպական ասոցացման պայմանագիր ստորագրել չէ, որպեսզի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր մոտ կանչի Սերժ Սարգսյանին եւ նրանից պահանջի այդ ճանապարհով չգնալ:

ՌԴ ղեկավարության կողմից Սերժ Սարգսյանին կառավարման համակարգ պարտադրելը նույնն է, թե նրան ասեն՝ այլեւս մուգ կոստյումով մոտներս չգաս, այսինքն՝ առավել քան նվաստացուցիչ կլինի: Բայց մյուս կողմից էլ կասկածից վեր է, որ ինչպես ասոցացման պայմանագրի դեպքում, ռուսները վերջին պահին անպայման միջամտելու եւ իրենց կամքը թելադրելու են, ուստի հետաքրքիր է, թե ինչպես են դա անելու, եւ ինչպե՞ս է դիմադրելու Սերժ Սարգսյանը: Գուցե նա այդ հարցով պայմանավորվածություն արդե՞ն ունի ՌԴ-ի հետ, որ համարձակ քայլեր է անում: Ի վերջո, այս տարբերակն էլ չպետք է բացառել:

Բայց ամեն դեպքում, թերեւս պետք է արձանագրել, որ այսօրվա Հայաստանում ամենամեծ խնդիրն հաստատ Սահմանադրության փոփոխությունը չէ, որ պետք է լուծել: Երկիրն ենք կորցնում, Հայաստանը հայաթափվում է:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս