ՍԷՖԻԼՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄՈԹՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՂՀ ԱԺ նախկին ընդդիմադիր պատգամավոր Վահան Բադասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանի եւ Արցախի ներքին կյանքում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Քիմ Քարդաշյանի այցը Արցախ տեղին չէ, եւ լավ է, որ Քիմը չի ցանկացել մեկնել Արցախ:

-Պարո՛ն Բադասյան, ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին քիչ ժամանակ է մնացել, եւ այս ընթացքում Արցախում արդեն սկսվել է կուսակցությունների քարոզարշավը: Տեսակետ կա, որ այն շատ հանգիստ է ընթանում, քանի որ այդպես էլ Արցախում ընդդիմություն չձեւավորվեց: Համակարծիք ե՞ք եւ արդյո՞ք Դուք որեւէ ուժի սատարում եք:
-Լինելով ընդդիմության ներկայացուցիչներից մեկը, բայց խորհրդարանում միակ ռեալ ընդդիմությունը, ընդդիմախոսը՝ ես տեսա, որ խաթարված է ընդդիմադիր դաշտը: 2012 թվականին, երբ Վիտալի Բալասանյանը նախագահի թեկնածու էր, այդ թիմը, փաստորեն, պառակտվեց, ինչ-որ տեղ ես իմ մեղքն ունեմ, որ չկարողացա համախմբել, ես պառակտողների մեջ չէի, ես համախմբողների մեջ էի, բայց ինձ չհաջողվեց համախմբել: Իսկ եթե թիմը երկու ուժով է ներկայանում ու ասում է, որ ինքն ընդդիմություն է, ուրեմն դա նշանակում է, որ ընդդիմությունը պառակտված է: Միայն ես չեմ դա ասում, դա ցույց է տալիս քարոզչության ընթացքը, մենք տեսնում ենք, որ այդ հանդիպումներին ներկա են լինում մի քանի հոգի, իսկ դա նշանակում է, որ արդեն ժողովուրդն էլ է հասկացել: Կարծում եմ, որ խորհրդարանում այս անգամ 1-2, թող 3 հոգի լինեն, բայց դա ներկայություն չէ: Այն տրամադրությունները, որոնք այսօր կան ժողովրդի մեջ, ցույց են տալիս, որ նրանք չեն գնալու խորհրդարան:
-Այսինքն՝ ըստ Ձեզ՝ այն ընդդիմադիր ուժերը, որոնք այսօր մասնակցում են քարոզարշավին, ժողովրդի հարգանքը չեն վայելո՞ւմ, ժողովուրդը նրանց չի հավատո՞ւմ:
-Ինչպես կարող են հավատալ, եթե ընդդիմադիրներն անգամ չեն կարողանում լեզու գտնել, երկու կես են դարձել, չեն կարողանում միասնական ճակատով գնալ, որպեսզի արտահայտեն ժողովրդի կարծիքը:
-Իսկ ինչի՞ հետեւանք է դա, գուցե ինչ-որ մտավախություն կա, քանի որ Հայաստանում, օրինակ, նման խնդիր կա: Այստեղ եթե քաղաքական ուժերը սկսում են կոշտ հայտարարություններով հանդես գալ, դրան հետեւում է իշխանությունների կոշտ գործելաոճը, ինչպես դա եղավ «Շուշիի առանձնակի գումարտակի» հրամանատար Ժիրայր Սէֆիլյանի դեպքում՝ նրան երկու ամսով կալանավորցին:
-Այո՛, Ժիրայր Սէֆիլյանը Հայաստանում ընդդիմություն է ու նա չի խափում ժողովրդին, այլ հարց է, որ Ժ. Սէֆիլյանը քիչ հետեւորդներ ունի… Ես որոշում եմ կայացրել չմասնակցել խորհրդարանական ընտրություններին, այստեղ ես կլինեմ արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչ: Հայաստանում այլ է՝ ընդդիմադիր կուսակցությունները ցանկացան իշխանության կերակրատաշտին մոտ գտնվել, որի համար քառյակը դարձավ եռյակ, իսկ եռյակն էլ միանգամից դարձավ զրո: «Ժառանգություն»-ը բացառություն է այդտեղ, իսկ Դաշնակցության ներկայացուցիչներն իրենց այսօրվա արտահայտություններով իրենց խայտառակում են: Օրինակ՝ Արմեն Ռուստամյանն անում է խայտառակ հայտարարություն, ինքը կարծես քվոտա տվեց, որպեսզի Ժիրայր Սէֆիլյանին ձերբակալեն, դա արեց նրա համար, որ Սերժ Սարգսյանն արխային լինի սփյուռքից: Բայց Արցախում մի քիչ այլ է, այս կուսակցությունները, ճիշտ է, կերակրատաշտի հարց ունեն, բայց այստեղ ամենաշատը ամբիցիաների հարց է, կարծես թե ամեն մեկն ուզում է, որ ինքը լինի, որովհետեւ ինչպես կարելի է լինել ընդդիմադիր ու չլինել միասին. ընդդիմադիրները այսքան տարիներ միշտ միասին են եղել:
-Ըստ Ձեզ՝ ՀՀ իշխանությունները վախենո՞ւմ էին Ժիրայր Սէֆիլյանի գործողություններից, ի՞նչ պետք է աներ Սէֆիլյանը, երբ, ըստ Ձեզ, նա շատ հետեւորդներ չունի:
-Սա իշխանությունների ամոթի հարցն է, որովհետեւ վերջին հաշվով ով բարոյական իրավունք ունի պատերազմի հերոսին ձեռնաշղթաներ հագցնել ու իրենց իսկ զավակների աչքի առջեւ տանել բանտախուց: Ես ներկա եմ եղել այդ տեսարանին ու շատ մեծ ցավ եմ ապրում: Եթե մենք մեր հերոսների հետ այդպես ենք վարվում… ազգը պետք է արթնանա ու կոչ անի Սերժ Սարգսյանին աչալրջության: Սէֆիլյանը պետք է անմիջապես ազատ արձակվի անկախ նրանից, թե ինչ է ուզում անել: Մանավանդ որ բացակայում է ձերբակալության իրավական հիմքը:
-Այս օրերին կարծես թե հանրությանը հետաքրքրող առաջնային թեման հայտնի աստղ Քիմ Քարդաշյանի այցելությունն է Հայաստան: Չնայած վերջինս հայտարարել է, որ Արցախ չի գնալու, այնուամենայնիվ, որպես արցախցի՝ ինչպե՞ս եք վերաբերվում Դուք այդ ամենին:
-Սա ՀՀ իշխանությունների մյուս ամոթն է, որովհետեւ երբ դիմակավորները ձեռնաշղթաներով տեղափոխում էին Ժիրայր Սէֆիլյանին, այդ նույն ժամանակ Քիմ Քարդաշյանին պետական այրերը պրոտոկոլային ընդունելություն էին ցույց տալիս ու մեծ աղմուկ հանում, չգիտեմ՝ ինչի համար: Այսինքն՝ ի՞նչ են արել, իշխանություններն իրենց տեսողական կրքե՞րն են բավարարել: Ես այսպիսի պայմաններում, այս ֆոնին չեմ ուզում, որ Քիմ Քարդաշյանը գա Արցախ, ու երեւի լավ է անում, որ չի ուզում Արցախ գալ:

 

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԾԱՆՐԱԿՇԻՌ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՉՀԱՄԱՐԵՑԻՆ

Երեկ «Արմենպրեսս»-ը տեղեկացրեց, որ Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում այսօր կայանալիք, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագը պատմական է, քանի որ առաջին անգամ է Հռոմի պապը պատարագ մատուցում՝ հիշատակելով Ցեղասպանությունը:

Պատարագը նախաձեռնել է անձամբ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը: Նա ինքն է գրել իր քարոզը, եւ նախատեսվում է, որ պատարագից հետո կմոտենա Սերժ Սարգսյանին (սովորաբար պատարագը վերջացնելուց հետո Պապը դուրս է գալիս տաճարից): Հռոմ ժամանած լրագրողներին ներկայացնելով սպասվող իրադարձության մանրամասները՝ Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը հայտարարել է, որ մատուցվելիք պատարագի ավարտին նախատեսված են նաեւ Ամենայն Հայոց Գարեգին Բ եւ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսների ելույթները:
«Սուրբ Պետրոսի տաճարում այս պատարագն աննախադեպ է մի քանի առումով. բացի վերը նշածներից՝ կարեւոր է նաեւ առանձնացնել, որ տեղի կունենա հայկական մեռելոցի ծիսական կարգ: Պատարագը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, սակայն այն մատուցվում է աշխարհի բոլոր հայերի համար»,-նշել է դեսպանը:
Հիշեցնենք, որ նախօրեին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ եթե Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը չընդունի հրավերը եւ չգա Հայաստան, ապա այդ փաստն այլեւս այնքան էլ չի համարվի Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի ձախողումը: Դա արդեն կդիտվի որպես Սերժ Սարգսյանի անձնական ձախողում: Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանի հետ՝ պարզելու համար, թե իր կարծիքով ինչու Մ. Մինասյանին ու Ս. Սագսյանին չհաջողվեց Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին Հայաստան «բերել»:
«Խոշոր հաշվով դա պետք է համարենք երկրի նկատմամբ վերաբերմունք, Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին տարբեր երկրների մասնակցությունը որոշ չափով կլինի մեր երկրի կշիռը, ի ցույց կդրվի բոլորի վերաբերմունքը: Այնքանով, որքանով մենք կարեւոր ենք, այնքանով, որքանով մենք ուժեղ ենք, այդքանով էլ կհարգեն մեր վիշտը»,-հայտարարեց Ս. Սաֆարյանը: Մեր զրուցակցի խոսքերով՝ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի գալու հետ կապված բավականին շատ աշխատանք է տարվել իշխանությունների կողմից, սակայն փաստ է, որ այդ այցելությունը չի լինելու: «Ինչքանով դա կապ ունի ՀՀ-ի կշռի հետ, ինչքանով դա կարող է կապ ունենալ Թուրքիայի կշռի հետ, հատկապես Հռոմի Պապի այցելությունից հետո այդ երկիր, ես դա միանշանակ չեմ կարող ասել, բայց ակնհայտորեն, եթե շատ կարեւոր համարվեր այդ մասնակցությունը, ապա Հռոմի Պապը կլիներ»,-եզրափակեց քաղաքագետը:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 

 

ՔԱՄՈՒՑ ՎՆԱՍՎԵԼ ԵՆ
Երեկ ՀՀ Գեղարքունիքի մարզի Հայրավանք, Ծովազարդ եւ Խաչաղբյուր գյուղերում ուժգին քամու հետեւանքով վնասվել եւ պոկվել են տան տանիքներ, շրջվել են հենասյուներ: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ քամու հետեւանքով Ծովազարդ գյուղի մի քանի տների եւ անասնագոմերի տանիքները մասնակի վնասվել են: Վերը նշված գյուղերի գյուղապետերի հետ զրույցից պարզվեց, որ հատկապես Հայրավանքում քամու հետեւանքով տուժել է 15-ից 20 ընտանիք, վնասվել են նրանց տների եւ անասնագոմերի տանիքները: Իսկ Խաչաղբյուր գյուղը ուժգին քամու հետեւանքով նույնիսկ մի քանի ժամով հոսանքազրկվել է: Այստեղ տուժել է 7 ընտանիք, որից մեկի կորուստները բավականին մեծ են: «Տան թիթեղյա տանիքն ամբողջությամբ քամու հետեւանքով շուռ է եկել, եւ գազի խողովակներն են կոտրվել: Ընտանիքի անդամների բախտը բերել է, որ հոսանքազրկված է եղել գյուղը, թե չէ լավ բան չէր լինի»,- պատմեց Խաչաղբյուրի գյուղապետ Հակոբ Գաբոյանը: Իսկ, ահա, Ծովազարդում քամու հետեւանքով բարեբախտաբար տուժել է ընդամենը երեք ընտանիք: Նշենք, որ կազմվել են հանձնաժողովներ՝ վնասները չափելու նպատակով: Բացի այս՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում Տանձուտ գետի ջրի մակարդակի բարձրանալու հետեւանքով փլուզվել է Սանկտ Պետերբուրգ եւ Լագեր անվանումները կրող թաղամասերն իրար կապող հետիոտնային կամուրջը: Ի դեպ, օդերեւութաբանները նախազգուշացնում են, որ այսօր հանրապետության տարածքը կգտնվի հզոր ցիկլոնի ազդեցության գոտում, որի արդյունքում շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ:

 

ԴԵՌ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԽՈՍԵԼ
Գյումրու ռազմական ոստիկանության նախկին պետ, գնդապետ Աշոտ Զաքարյանը, որը օրերս նշանակվեց Սիսիանի ռազմական ոստիկանության պետ, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ չի ցանկանում մեկնաբանել իր նշանակման փաստը: «Ես անկեղծ շատ-շատ կուզենամ հարցազրույց տալ, բայց նախ՝ հնարավորություն չկա, եւ հետո՝ խոստանում եմ խոսել»,- ասաց Զաքարյանը: Հիշեցնենք, որ Զաքարյանը Արցախյան պատերազմի մասնակից է, եղել է «Կումայրի» ջոկատի հրամանատարը: 2008-ի նախագահական ընտրություններում սատարել է Լեւոն Տեր-Պետրոսյանին, արդյունքում քաղաքական հետապնդման է ենթարկվել եւ մոտ մեկուկես տարի անցկացրել է անազատության մեջ:

 

ՕԳՆԱԿԱՆԻՑ ՄԻՆՉԵՎ ԴԱՏԱՎՈՐ
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի նախկին օգնական, իսկ վերջերս Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակված Հովհաննես Ավագյանն իր պաշտոնի նշանակման առնչությամբ ներկայացրած գույքի եւ եկամուտների հայտարարագրում նշել է, որ ունի երկու ավտոմեքենա՝ «OPEL VECTRA» եւ «NISSAN Fuga» մակնիշների: Դատավորի օգնականի պաշտոնում նրա աշխատավարձը եղել է 154 հազ. դրամ, ինչը չի խանգարել, որ նա 8 մլն 500 հազ. դրամ եւ 10 հազ. դոլար դրամական միջոց հայտարարագրի:




Լրահոս