Երեկ «Հիմնադիր խորհրդարան»-ի քարտուղարությունը հայտարարություն էր տարածել` տեղեկացնելով, որ «100-ամյակն առանց ռեժիմի» շարժումն ապրիլի 17-ին, Երեւանի Ազատության հրապարակում հանրահավաք ու երթ կանցկացնի: «Ժողովուրդ»-ը զրուցել է «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Կարո Եղնուկյանի հետ՝ պարզելու համար, թե ինչու են որոշել այդ օրը հանրահավաք անել:
-Պարո՛ն Եղնուկյան, ինչո՞ւ որոշվեց ապրիլի 17-ին հանրահավաք անցկացնել, մտավախություն չունեք, որ այս անգամ եւս իշխանությունները կխաթարեն այն:
-Նախ ուզում եմ ասել, որ ամսի 17-ի հանրահավաք-երթը արտոնված երթ է, մենք դիմել ենք քաղաքապետարանին, որը թույլատրել է հանրահավաք-երթ անցկացնել, այնպես որ մենք ամեն ինչ անում ենք օրինական ձեւով: Իսկ թե իշխանությունները կամ ոստիկանությունը ինչ դիրք կբռնի այդ օրը, դա արդեն պետք է իրենց հարցնեք, օրինակ՝ ինձ համար հետաքրքիր է՝ արդյո՞ք պետք է էլի դանակահարություն լինի, ու արդյո՞ք իրենք դա պետք է չնկատեն: Սա արդեն ոստիկանությանը տրվելիք հարց է, իսկ մեր հանրահավաքը արտոնված է:
-Իսկ ի՞նչ հարցեր են ընդգրկված Ձեր հրավիրած հանրահավաքի օրակարգում:
-Մենք հանրահավաք անելու մտադրություն չունեինք, մեր մոբիլիզացիայի օրը ապրիլի 24-ի երեկոյան է, որը մնում է ուժի մեջ եւ որը, ի դեպ, եւս արտոնված է: Իսկ 17-ի հանրահավաք-երթը ուրիշ բանի համար է, դա վերաբերում է քաղբանտարկյալներին, եւ այդտեղ ժողովուրդը կհնչեցնի իր ազատության կոչը:
-Դուք ինչո՞վ եք պայմանավորում այն, որ «Հիմնադիր խորհրդարան»-ի 5 անդամներին կալանավորեցին, իսկ Ձեզ ՀՀ քննչական կոմիտեն որոշեց ազատ արձակել: Փաստ է, որ Ձեր ընկերներին եւ Ձեզ նույն կասկածանքով էին ձերբակալել, սակայն միայն Ձեզ ազատ արձակեցին, ինչո՞ւ:
-Ինձ համար եւս հանելուկային է, թե ինչի համար ինձ ազատ թողեցին, որովհետեւ իրենք ամբողջ գործողություններն իրականացրեցին՝ բերման ենթարկեցին, խուզարկեցին, առգրավեցին իմ մոտից անձնական իրերս ու ինձ ասեցին, թե ինձ բերման են ենթարկում որպես վկա: Ես այդտեղ հարց տվեցի, թե ինչ տրամաբանությամբ են ինձ՝ որպես վկա, բերման ենթարկում, չէ որ ես իմ հոժար կամքով եմ գնացել քննչական: Վկային բերման են ենթարկում, երբ նրան ծանուցագիր են ուղարկում, ու նա չի ներկայանում, նաեւ մի քանի անգամ են այդ ծանուցագիրն ուղարկում: Նման կերպ իրեն պահող վկային են բերման ենթարկում: Բայց իմ դեպքում նման բան չկար, ես փաստաբանիս հետ միասին մեր տանից, մեր տան խուզարկությունն անելուց հետո իմ հոժար կամքով նստել եմ ոստիկանների մեքենան եւ գնացել եմ քննչական: Հետեւաբար ինձ համար անհասկանալի էր իրենց ասածը, երբ ես այդ հարցը տվեցի իրենց, քննիչն ինձ տեղեկացրեց, թե ես, չնայած այն բանին, որ ունեմ վկայի կարգավիճակ, բայց կարող եմ օգտվել կասկածյալի իրավունքներից: Սա շատ տարօրինակ է: Ես տեղեկացնեմ նաեւ, որ վկան իրավունք չունի խաբելու, երբ որ քննիչը իրեն հարց է տալիս, այլապես նա քրեական պատասխանատվության կենթարկվի, վկան միայն կարող է չպատասխանել այն հարցերին, որոնք վերաբերում են անձամբ իրեն, իր ընտանիքի անդամներին: Մնացած բոլոր հարցերին վկան պարտավոր է պատասխանել: Ի տարբերություն դրա` կասկածյալը կարող է որեւէ մի հարցի չպատասխանել, կարող է մեկ հարցին պատասխանել, մնացածին չպատասխանել, կասկածյալը նաեւ կարող է խաբել ու ճիշտ չպատասխանել: Հետեւաբար, ես իրենց ասացի, որ եթե դուք ինձ նման իրավունք եք տալիս, ես կօգտվեմ կասկածյալի իրավունքից ու չեմ պատասխանի ձեր ոչ մի հարցին: Իրենք դա գրանցեցին ու նշեցին նաեւ, որ իրենք են ինձ նման ինստրուկտաժ տվել, ու ոչ թե ես եմ ինձանից որոշել՝ կասկածյալի դիրք բռնել: Քննիչը գնաց ու կես ժամ հետո վերադարձավ ու առաջին խոսքը որ եղավ, ասաց՝ պարո՛ն Եղնուկյան, Դուք ազատ եք: Իսկ երբ ես պահանջեցի, որպեսզի իմ անձնական իրերը վերադարձնեն, որոնք խուզարկության ժամանակ առգրավվել էին մոտիցս, ասեցին, թե հիմա դա չեն կարող անել, որովհետեւ պլոմբած է ու դեռեւս պետք է պրոցեդուրա գնա: Եթե դու մարդու չես ձերբակալում, ապա դու ինչ գործ ունես մարդու անձնական իրերի հետ, այնտեղ կար գումար, իմ տան բանալիները, անձնագիրս, վարորդականս, հետեւաբար, ինձ առանց որեւէ բանի դուրս հանեցին փողոց: Ես այսպիսի վիճակում եմ դուրս եկել քննչականից, թե ինչու, ես չեմ իմանում:
-Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Ձեզ համար զանգահարել է արեւմտյան երկրներից մեկի դեսպանը, որի խնդրանքից հետո ոստիկանությունը Ձեզ ազատ է արձակել: Ո՞ր դեսպանն է Ձեր ազատության համար միջնորդել:
-Դա, իհարկե, բամբասանք է, ես որեւէ դեսպանի հետ չեմ խոսել ու որեւէ դեսպանից օգնություն չեմ խնդրել, հետեւաբար, դա անհեթեթություն է: Դա ոստիկանության կամ քննչական բաժնի մոգոնածն է, եթե իրենք օրենքով կարող էին ինձ բերման ենթարկել, ապա ես չեմ կարծում, որ որեւէ դեսպանի զանգահարելը… մանավանդ՝ արեւմուտքի դեսպանները շարժվում են օրենքով: Ես ինքս չեմ դիմել, իսկ եթե որեւէ մի դեսպան առանց իմ դիմելու այդպիսի բան է արել, ապա ես էլ կուզեի իմանալ, թե այդ դեսպանն ո՞վ է:
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՊԱՀՎԱԾՔԸ ՍՊԱՍԵԼԻ ԷՐ
Կիրակի օրը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում մատուցվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող պատարագ` Հռոմի Ֆրանցիսկոս պապի առաջնորդությամբ: Պատարագին ներկա էին Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, բարձրաստիճան պաշտոնյաներ: Պատարագից հետո Reuters-ը տեղեկացրեց, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն հետ է կանչել Թուրքիայի դեսպանին Վատիկանից: Պաշտոնական Անկարայի նման որոշումը պայմանավորված է այն փաստով, որ Վատիկանում Հռոմի պապը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի սուրբ պատարագի ժամանակ 1915թ-ին հայերի հետ տեղի ունեցածը «ցեղասպանություն» կոչեց:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանի հետ` պարզելու համար նրա տեսակետը տեղի ունեցածի շուրջ:
-Պարո՛ն Նիկոյան, նախօրեին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում մատուցվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող պատարագ, որը շատերի գնահատմամբ` աննախադեպ էր: Արդյո՞ք այս պատարագով Ձեր ակնկալիքներն այս ուղղությամբ իրականացան:
-Ինձ թվում է՝ ավելի քան արդարացվեցին մեր ակնկալիքները, դա աննախադեպ երեւույթ է կրոնական փոխհարաբերությունների մեջ, ու ինձ թվում է՝ մենք կարողացանք ստանալ առավելագույնը, անգամ ավելին, քան հնարավոր էր: Դա բացառապես պետական մարմինների ու մեր կրոնական ղեկավարների, մասնագետների երկար տարիների կազմակերպած, մտածված, հետեւողական աշխատանքի արդյունք է:
-Եթե Հռոմի պապը պատրաստ էր արտասանել «ցեղասպանություն» բառը, այդ դեպքում ինչո՞ւ նա հրաժարվեց ապրիլի 24-ին այցելել Հայաստան:
-Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, այդ հարցին կարող է պատասխանել Հռոմի պապը: Բայց ես կարծում եմ, որ այն ամենը, անգամ ավելին, ինչ իր հետ կապված էր, կարող էր անել, նա արել է: Անկեղծ ասած` ես հաճելիորեն զարմացած եւ հիացած եմ նրա խիզախությունից:
-Իսկ ըստ Ձեզ՝ սա Հայաստանի հաղթանա՞կն էր:
-Ես չեմ ուզում հաղթանակ տերմինը օգտագործել, բայց էլի եմ ասում՝ սա աննախադեպ է մեր ե՛ւ կրոնական, ե՛ւ քաղաքական հարաբերությունների ու մեր նորանկախ երկրի պատմության մեջ: Բնական եւ սպասելի էր Թուրքիայի պահվածքը՝ դեսպանին հետ կանչելու հետ կապված, Թուրքիան անում է այն, ինչ կարող է: Կարեւորն այստեղ այն է, որ ինչ նպատակ դրել էինք մեր առջեւ, կարողացանք հասնել:
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ԱՆԱՄՈԹԱԲԱՐ
Քիմ Քարդաշյանը ամուսնու, դստեր եւ քրոջ հետ ապրիլի 11-ին այցելեց Գյումրի: Այդ ընթացքում Քարդաշյանը մեկնեց Գյումրու Մյասնիկյան 143 հասցեի այն տունը, որը, ինչպես պարզվել է ազգային արխիվից, եղել է Քարդաշյանների պապական տունը: Սակայն այդ այցի մասին պատմող լուսանկարներում եւ տեսահոլովակներում ամենաառաջնային պլան էին գալիս նշված հասցեի տան ժանգոտած դարպասները: Իհարկե, ամենեւին էլ բացառված չէ, որ նշված տանն ապրող ընտանիքը սոցիալապես անապահով է եւ չի կարող 5 կամ 10 հազար դրամ ծախսել՝ դարպասը ներկելու համար: Բայց Գյումրու քաղաքապետարանը դժվար թե չունենար: Ինչո՞ւ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը խայտառակեց մեզ, եւ ողջ աշխարհի լրատվամիջոցներում հրապարակվեց ժանգոտ դարպասի նկարը, չէ՞ որ նախապես հայտնի էր, որ Քիմը Գյումրի է գնալու ու հենց այդ տուն: «Մենք ծրագիրը կազմողը չենք եղել: Նույիսկ չենք գիտեցել որ գնալու են կոնկրետ այդ տուն, որովհետեւ Քարդաշյանները մեկ բակի մեջ են բնակվում, բայց իրենք գնացել են այդ տունը»,- «Ժողովուրդ»-ին ահա այսպիսի սուտ պատմեց քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Բանն այն է, որ Գյումրու այցից դեռ երկու օր առաջ գրվեց, որ Քարդաշյաններն հենց այդ տուն են գնալու: Ու եթե այդ մասին Բալասանյանը չի իմացել, ապա իրավիճակն ավելի տխուր է. ստացվում է, որ նա իր ղեկավարած քաղաքից անտեղյակ պաշտոնյա է ու առանց ամաչելու պետությունից գումար է ստանում իր «աշխատանքի» համար:
ԿԱՆԱՆՑ ՄԵՆԱՄԱՐՏ
Ապրիլի 11-ին թեժ ծեծկռտուք է տեղի ունեցել Արաբկիր վարչական շրջանի Թբիլիսյան խճուղու 3/14 շենքի շքամուտքում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երկու հարեւանուհիներ` Լիլիթ ու Աղավնի, նախ՝ կենցաղային հարցի շուրջ մի լավ լեզվակռիվ են տվել, այնուհետեւ՝ Աղավնին մտել է իր բնակարանը եւ վերադարձել՝ դանակը ձեռքին, եւ դրանով հարվածել հարեւանուհու` Լիլիթի ոտքին: Այդ ժամանակ էլ վրա է հասել Լիլիթի ամուսինը եւ տեսնելով, որ հարեւանուհին դանակահարել է կնոջը, սկսել է ծեծել նրան: Հետագա արյունահեղությունը թույլ չտալու համար հարեւանները ահազանգել են ոստիկաններին:
ՆՈՐ ՍԱԿԱԳԻՆ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վաղը կայանալիք նիստում պետք է հաստատի «Կայուր ՀԷԿ» ՍՊԸ-ի «Մանե» ՓՀԷԿ-ից առաքվող էլէներգիայի սակագինը` 21,168 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի, եւ 25,401 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը: Այս լուրը ուշագրավ է, քանի որ եւս մեկ անգամ փաստում է, որ էներգետիկայի ոլորտում ինչ-որ բան այնպես չէ: Ինչպես տեսնում ենք՝ նույնիսկ նոր կառուցված ՓՀԷԿ-ից «Հայաստանի էլեկտրական ցանցերը» ՓԲԸ-ն էլէներգիան գնում է 25 դրամով, սպառողներին վաճառում 42 դրամով, բայց էլի պարտքեր է կուտակում: