ՆԱԶԱՐՅԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱԾ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ էլեկտրաէներգիայի թանկացման հետ կապված որեւէ հստակ տեղեկատվություն չի կարող տրամադրել, բայց կարող է ասել, որ, իսկապես, դոլար-դրամ փոխարժեքի կտրուկ փոփոխության արդյունքում ընկերությունները վնասով են աշխատում: Ռոբերտ Նազարյանը վստահեցրեց, որ միայն ուսումնասիրություններից հետո կարող են ասել՝ արդյո՞ք առաջիկայում էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխություն լինելու է, թե ոչ:

-Պարո՛ն Նազարյան, արդեն հայտնի է, որ ՀԷՑ-ը դիմելու է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ էլեկտրաէներգիան 6 դրամով թանկացնելու համար: Ինչպե՞ս եք արձագանքելու այդ հայցին, արդյո՞ք Դուք կարծում եք, որ կրկին պետք է բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը:
-Մենք որեւէ հայց որեւէ ընկերությունից չենք ստացել, որպեսզի կարողանանք մեր դիրքորոշումը հայտնել: Քանի որ սակագինը բազմագործոն եւ բազմաբնույթ է, մենք չենք կարող միայն ՀԷՑ-ի ցանկություններով շարժվել: Կստանանք հայցը, իսկ երբ հայցը ստացանք, բոլորդ էլ կիմանաք, որովհետեւ հայցի ձեւ կա, պետք է նախօրոք 3 բազմատիրաժ թերթերում հայցի մասին հայտարարություն տալ եւ գրել նաեւ իրենց համար ընդունելի սակագնի բարձրացման մասին տեղեկությունը: Իսկ դրանից հետո մեզ 60 օր ժամանակ է տրվում, որպեսզի այդ ամբողջը վերլուծենք, ուսումնասիրենք ու կարողանանք հանրությանը պատասխանել: Ուստի, եթե հիմա ես Ձեր հարցին պատասխանեմ, կա՛մ կիսատ կլինի, կա՛մ թերի, ինչը չեմ ցանկանում անել` ավելորդ աժիոտաժից խուսափելու համար:
-Բայց տեսնելով Հայաստանում տիրող իրավիճակը, երբ ժողովուրդն ապրում է ծայրահեղ ծանր սոցիալական պայմաններում, Դուք ինչպիսի՞ դիրքորոշում ունեք: Ի վերջո, Դուք նախ եւ առաջ հանրության, սպառողների տեսակետն ու շահը պետք է պաշտպանեք, չէ՞:
-Մենք ունենք օրենքով վերապահված գործառույթների որոշակի շրջանակ, որը ենթադրում է առաջին հերթին լիցենզավորված ընկերությունների ֆինանսական կայունության ապահովում, երկրորդը` մեր սպառողների շահերի պաշտպանություն, ու մենք էլ պետք է այդ երկուսը համադրելով` կարողանանք հավասարակշռված որոշում կայացնել: Թե ինչպիսին կլինի այդ որոշումը, ես այսօր որեւէ բան ասել դժվարանում եմ, որովհետեւ, այո՛, կան խնդիրներ, որոնք կարող են, դոլար-դրամի փոխարժեքի այս կտրուկ տատանումը խնդիրներ է առաջացրել համակարգում, ու նախորդ տարվա նոյեմբերից մեծ վնասներով են աշխատում ընկերությունները, ոչ միայն ՀԷՑ-ը, այլ նաեւ ջերմային կայանները, ատոմակայանը, որոնք ունեն դոլարային պայմանագրեր՝ մեկը միջուկային վառելիքի մասով, մյուսը գազի ներկրման մասով: Սրանք խնդիրներ են, որոնք պետք է վերլուծել, գնահատել ու հասկանալ: Ես այս պահին որեւէ բան չեմ կարող հստակ ասել, մինչեւ այդ ուսումնասիրությունները չիրականացնենք: Եւ քանի դեռ մենք չունենք, թե գազի սակագնի վերջնական տեսքը ինչպիսին պետք է լինի, բանակցությունները դեռեւս շարունակվում են, որեւէ բան ասել այս մասին, դեռ շուտ է, վաղ է, ես չեմ կարող մոտավոր գնահատականներով մեր ԶԼՄ-ներին հայտնել մի կարծիք, որը կդառնա մեր հասարակության սեփականությունը:
-Իսկ ինչո՞ւ է ՀՀ-ում էլեկտրաէներգիան թանկանում, երբ մենք անգամ էլէներգիա ենք արտահանում, ասել է թե` այդ առումով որեւէ խնդիր չունենք:
-Մենք որտեղից ենք էժան հոսանք գնում՝ դա Որոտանի կասկադն է, Սեւան-Հրազդան կասկադն է, ատոմակայանն է, մնացած բոլորը թանկ են մեզ մոտ: Նման բան չկա, թե մենք էժան գնում ենք, բայց թանկ վաճառում ենք: Բացի կայաններից՝ կան նաեւ ծառայություններ, կա տեղափոխող ընկերություն` դա բաշխիչ ցանցերն են, որոնք էլ իրենց ծառայությունն են մատուցում, դրանք բոլորը գումարվում են ու նոր վերջում դառնում վերջնական սակագին սպառողների համար:
-Լավ, իսկ ինչո՞ւ է Հայաստանում սպառողների համար գազի սակագինն այդքան բարձր, այն դեպքում, երբ սահմանին գազը հասնում է զգալիորեն էժան գնով:
-Դուք այնպիսի հարց եք տալիս, որ ես Ձեզ պետք է հրավիրեմ մեզ մոտ, հսկայական փաստաթղթեր ներկայացնեմ, ժամերով նստենք, մեր մասնագետների հետ բացատրենք, թե ինչու է այդպես ստացվել: Ես հիմա ո՞նց դրան պատասխանեմ, որ դա հասկանալի ու ընկալելի լինի: Հասարակությանը պետք է ճիշտ ազդակ հաղորդել, իսկ ճիշտ ազդակ հաղորդելու համար պետք է այդ բոլոր հաշվարկները բերվի ու վերլուծվի: Ու արդեն Դուք այդտեղ կասեք, թե մենք որտեղ ունենք ավելորդ ծախս: Օրինակ՝ ես լսեցի, որ գազի ժամանակավոր հանձնաժողովում ասացին՝ ինչ-որ տնկիներ, հեծանիվներ են սակագնի մեջ իրենց արտացոլումը գտել, ես Ձեզ պաշտոնապես ասում եմ` նման բան չկա:

 

 

 

 

 

ՄԱՅԻՍԻՆ ԱՐՑԱԽԻ ԴԵՄ ՆԱԽԱԳԾԻ ԶԵԿՈՒՑՈՂԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԳԱ

Դեռեւս 2014 թվականի սեպտեմբերին ԵԽԽՎ նստաշրջանում ներկայացվել էր մի զեկույցի նախագիծ, որը կոչվում էր «Բռնությունների սրացումը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում»: Դրան փորձել էր ընդդիմանալ ԵԽԽՎ-ի հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, ինչի արդյունքում հայկական պատվիրակության անդամներին դահլիճից դուրս էին հրավիրել: «ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ արդեն մայիսին այդ զեկույցի հեղինակը Հայաստան է ժամանելու՝ այն ՀՀ իշխանությունների հետ քննարկելու համար:

Հիշեցնենք, որ նախորդ տարի ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանում ադրբեջանական պատվիրակությունը երկու հակահայկական բանաձեւի նախագիծ էր դրել շրջանառության մեջ՝ մեկով նախատեսվում էր կասեցնել հայկական պատվիրակության լիազորությունները եւ մանդատը` որպես ագրեսոր երկիր, իսկ երկրորդ նախագծով էլ, որի տակ ստորագրել էին թուրք եւ եվրոպացի մի շարք պատգամավորներ, առաջարկում էին կրկին բանաձեւ-զեկույց նախապատրաստել Արցախի մասով՝ «Բռնությունների սրացումը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում»: Արդյունքում որոշվեց պատրաստել այս զեկույցը եւ զեկուցող նշանակել անգլիացի Ռոբերտ Վալտերին, որը հայտնի է իր պրոադրբեջանական կողմնորոշումով:
Տեղեկացնենք նաեւ, որ ԵԽԽՎ սեպտեմբերի նիստում, երբ Նաղդալյանը ցանկացել էր նշված զեկույցի հետ կապված ելույթ ունենալ, անթույլատրելի շեշտադրումներով եւ սպառնալիքներով էր խոսել, ինչի արդյունքում հանձնաժողովի անդամները վրդովվել էին ու անգամ անջատել Հ. Նաղդալյանի խոսափողը, դադարեցրել ելույթի թարգմանությունը: Այնուհետեւ հայկական պատվիրակությունը ոտքի էր կանգնել եւ աղմուկ բարձրացրել, ինչից հետո նիստի ղեկավարությունը որոշում էր կայացրել հայկական պատվիրակությանը դահլիճից դուրս հրավիրել եւ նիստը շարունակել առանց նրանց:
Նախօրեին արդեն ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը ԱԺ-ում հանդիպել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է «Բռնությունների սրացումը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» զեկույցի պատրաստման աշխատանքներին մեր պատվիրակների մասնակցության հարցը: Հայկական կողմը հանդիպման ընթացքում հայտարարել է, որ իրենք միանշանակ չեն մասնակցելու այս նախագծին, քանի որ դրա անվանումն արդեն իսկ հակահայկական է:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ մայիսին արդեն անգլիացի Ռոբերտ Վալտերին կլինի Հայաստանում՝ զեկույցը ՀՀ իշխանությունների հետ քննարկելու համար: Ըստ մեր տեղեկությունների՝ ՀՀ իշխանությունները եւս չեն պատրաստվում զեկույցը քննարկել: Նախատեսվում էր, որ Վալտերին գնալու է նաեւ Արցախ, սակայն ԼՂՀ իշխանություններն արդեն հայտարարել են, որ հրաժարվում են նրան ընդունել:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 
ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐԿ ԼՂՀ-ԻՆ
Հայաստանի Կառավարությունը պատրաստվում է այս տարվա երկրորդ եռամսյակում 20 միլիոն դոլարի բյուջետային վարկ տրամադրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը: Վարկը տրվելու է մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի 25-ը մարման ժամկետով, տարեկան 8 տոկոս տոկոսադրույքով: Նախատեսվում է, որ վարկի հիմնական գումարի մարումը պետք է սկսվի 2016 թվականի մարտի 25-ից, այն կլինի եռամսյակային: Իսկ հաշվարկվող տոկոսների վճարումը` 2015 թվականի հունիսի 25-ից: Ի դեպ, որպես տրամադրվող վարկի վերադարձման ապահովման միջոց ընդունվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից տրամադրվող բյուջետային երաշխիքը: ՀՀ Կառավարության համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է գործադիրի` վաղը կայանալիք նիստի օրակարգում:

 

ԿԱԼԱՆՔԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼ ԵՆ
ՀՀ քննչական կոմիտեից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ ՊՆ կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամ, Երեւանի պետական բժշկական համալսարանի թերապիայի թիվ 1 ամբիոնի վարիչի պաշտոնակատար, բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Ալեքսանդր Այվազյանի, «Էրեբունի» բժշկական կենտրոնի ալերգոլոգիայի բաժանմունքի վարիչ Քրիստինա Ջամալյանի, Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի տնօրեն Արտակ Հարությունյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է եւս երկու ամսով: Հիշեցնենք, որ նշված անձինք անազատության մեջ են այն մեղադրանքով, որ գումարի դիմաց երիտասարդներին օգնել են խուսափել զինվորական ծառայությունից: Այս գործով անցնում են եւս երկու անձինք` «Նոր Արեշ» պոլիկլինիկայի նախկին տնօրեն Ալեն Բաբայանը եւ զորակոչիկ Սամվել Վերդիյանը, որոնց նկատմամբ խափանման միջոց է ընտրված բնակության վայրից չբացակայելու մասին ստորագրությունը:

 

ՄՆԱՑ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի գործը շարունակում է մնալ չհանգուցալուծված: «Ժողովուրդ»-ը հունվարի 23-ին անդրադարձել էր Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի դեմ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի բաժին մի քաղաքացու կողմից բողոք ներկայացնելու պատմությանը: Բողոքողը պնդել էր, որ քաղաքապետը Ախթալայի մանկապարտեզներից մեկի շինաշխատանքների ընթացքում յուրացումներ է կատարել: Իսկ ավելի ուշ բողոք ներկայացրած նույն անձը, որն, ի դեպ, կին է եղել, հայտարարել էր, թե իրեն ոստիկաններն են ստիպել քաղաքապետի դեմ բողոք գրել: Մեր տեղեկություններով՝ կնոջ այդ հայտարարությունից հետո ՀՀ քննչական կոմիտեից գործն ուղարկել են ՀՀ գլխավոր դատախազություն, որ որոշվի դրա հետագա ընթացքը: Սակայն այն այդպես էլ ո՛չ ՀՀ քննչական կոմիտե է վերադարձվել եւ ո՛չ էլ ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Այսինքն՝ դատախազությունում դեռ չեն կարողանում կողմնորոշվել՝ ում պատժեն` Ախթալայի քաղաքապետին, թե ոստիկաններին:




Լրահոս