ԱՄՆ դիվանագիտական արխիվի հետեւյալ փաստաթուղթը, որը հրապարակված է «Վիկիլիքսի» կողմից, պատմում է Մինսկի խմբի ԱՄՆ նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի եւ Թուրքիայի ԱԳ նախկին նախարար Ալի Բաբախանի միջեւ 2008թ. մարտի 3-ին կայացած հանդիպման մասին: Թեեւ կողմերից ոչ մեկը չի ներկայացնում Հայաստանը, հանդիպման թեման ամբողջովին առնչվում է Հայաստանի կենսական շահերին: Հարկ է նաեւ ընդգծել այս դիվանագիտական զրույցի ժամանակահատվածը, երբ նույն օրերին Երեւանում աննախադեպ իրադրություն էր ստեղծված: Նշյալ քննարկման կենտրոնական հարցը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ու դրանց վրա ներհայաստանյան իրադարձությունների հնարավոր ազդեցությունն էր:
Նախ` նկատենք, որ Բրայզայի ու Բաբախանի հանդիպմանը մասնակցել է նաեւ Թուրքիայի ԱԳ նախարարի տեղակալ Չեվիկոզը, որը նաեւ նախկին ԽՍՀՄ երկրների հետ հարաբերությունների պատասխանատուն էր: Քննարկման ընթացքում երկուստեք կարեւորվել է Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հիմնահարցն ու ԼՂ բանակցություններում առաջընթաց արձանագրելու հանգամանքը: Նշվել է, որ Հայաստանի ներքին անկայունությունը կարող է դժվարություններ առաջացնել այդ ասպարեզում: Հատկանշական է այս առնչությամբ Բրայզայի հավելումը, ըստ որի՝ Երեւանում իրավիճակը վատթարացել է Ռոբերտ Քոչարյանի՝ ցուցարարներին ցրելու համար ուժային մեթոդի դիմելու անակնկալ որոշման արդյունքում: Ըստ էության, դիվանագիտական մակարդակում այսպիսի ձեւակերպումը ապացուցող վկայություն է, որ Քոչարյանի կիրառած անհարկի բռնությամբ է հրահրվել Մարտի 1-ի ողբերգությունը: Արդ, գրավոր այսպիսի վկայությունն աչքի տակ ունենալով՝ արդյո՞ք գլխավոր դատախազ Գ. Կոստանյանը չի ցանկանում վերջապես հարցաքննել Քոչարյանին:
Բրայզան արձանագրել է, որ հայության մեծ մասը կասկածի տակ է դնում Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը, ինչը բարդացնելու է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը: Օտար երկրների դիվանագետները փաստորեն լիովին քաջատեղյակ են եղել Սերժ Սարգսյանի՝ երկրի ներսում ունեցած լեգիտիմության դեֆիցիտից, եւ հաստատապես, հետագա իրադարձություններն էլ ցույց տվեցին, որ ամեն ինչ պիտի անեին՝ նման իրավիճակից առավելագույնս օգտվելու համար: Բրայզան նաեւ տեղեկացրել է իր՝ Երեւան կատարելիք այցի ծրագրերի ու ընդդիմություն-իշխանություն երկխոսություն նախաձեռնելու մասին: Թուրքիայի ԱԳ նախարար Բաբախանը հետաքրքրվել է, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանը կարող է 3-6 ամսում ամրանալ իբրեւ նախագահ: Բրայզան հույս է հայտնել, որ այդպես կլինի՝ հաշվի առնելով Սարգսյանի՝ հանդարտ գործելու բնավորությունն ու ընդդիմության դիրքերի սասանված լինելը: Անդրադառնալով ընդդիմությանը՝ Բրայզան նկատել է, որ Տեր-Պետրոսյանն ավելի լավ կանի՝ դադարեցնի իշխանության հետ կոշտ առճակատումը, քանզի նման իրավիճակում իր գործողություններով կարող է վնասել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ու ԼՂ բանակցություններին: Ենթադրելի է, որ մի քանի օր անց Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման ժամանակ Բրայզան այս հարցերը պետք է որ բարձրաձայնած լիներ՝ առաջին նախագահի խղճին թողնելով նման կարեւորագույն հարցերի կարգավորման հեռանկարները տվյալ պահի դրությամբ: Նկատենք, որ նշյալ իրադարձություններից հետո ընդդիմություն-իշխանություն հարաբերություններում լարումը համեմատաբար թուլացավ: Մնում է եզրակացնել, որ արտաքին մարտահրավերները ուղղակիորեն ազդեցին ներքաղաքական զարգացումների վրա՝ ճնշիչ դերակատարություն ունենալով: Ի դեպ, հետաքրքիր է, որ Բաբախանի նշած 3-6 ամիսը հենց համընկնում է Սերժ Սարգսյանի՝ Գյուլին հրավիրելու ու վերջինիս՝ Երեւան այցելելու ժամանակագրությանը: Միջազգային հիմնահարցերում այդպիսի պատահականություններ, կարծում ենք, չեն լինում:
Հանդիպման ընթացքում թուրք պաշտոնյա Չեվիկոզն էլ հայտնել է, որ իրենք չեն կարող անկայունություն հանդուրժել իրենց հարեւանությամբ ու խնդրել է Բրայզային Հայաստանում ամեն կերպ հասնել փոխզիջման ընդդիմության ու իշխանության միջեւ: Նա զգուշացրել է Բրայզային այդ փոխզիջմանը հասնել ոչ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խաղաքարտի շահարկման միջոցով, ինչը, ըստ նրա, ոչ մի ազդեցություն չէր կարող ունենալ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի վրա: Փոխարենը նա առաջարկել է օգտագործել այն մեսիջը, ըստ որի՝ շարունակվող հակադրությունից օգտվելու է Ադրբեջանը: Փաստացիորեն սա Հայաստանին ուղղված շանտաժ էր, որն արվում էր Թուրքիայի բարձրաստիճան ղեկավարության կողմից:
Այնուամենայնիվ, հակված ենք կարծելու, որ Բրայզան Չեվիկոզի կամ էլ նրա նման այլ դիվանագետների զգուշացումներով չէ, որ ժամանել էր Երեւան ու միջնորդական առաքելություն իրականացրել: Բացի այդ, հաշվի առնելով, թե Հայաստանում տիրող ինչպիսի իրադրության պայմաններում էր ընթանում այս զրույցը, կարող ենք պնդել, որ հայ-թուրքական հարաբերություններին նոր զարկ տալու գործընթացը սկսվել էր ավելի վաղուց, ինչի համար հավանաբար հիմք էր հանդիսացել դեռ այդ ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանի՝ պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մասին ամերիկացիներին տված խոստումը: Ինչեւէ, արձանագրելի է, որ օտարների հետաքրքրությունները փայլուն կերպով սպասարկվեցին՝ ի հաշիվ Հայաստանի ու նրա ազգային շահերի, մինչդեռ դրա դեմն առնելու համար պատասխանատու իշխանությունը մտածում էր կորսված լեգիտիմության հայթայթման մասին:
ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ
ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐԸ ՊԱՅՔԱՐՈՒՄ Է ԼՈԼԻԿԻ ԵՎ ԿԱՐՏՈՖԻԼԻ ՑԵՑԻ ԴԵՄ
Ինչպես նախորդ տարի, այնպես էլ այս տարի ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը շարունակելու է իր պայքարը լոլիկի եւ կարտոֆիլի ցեցի դեմ: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Կառավարությունն իր առաջիկա նիստին կհաստատի մեր հանրապետությունում լոլիկի ցեց եւ կարտոֆիլի ցեց վնասատուների մոնիթորինգի իրականացման նպատակով պետական աջակցության ծրագիրը:
Հիշեցնենք, որ դեռեւս 2013 թվականին Արարատի մարզի մի շարք համայնքներում հայտանբերվել էին կարտոֆիլի եւ լոլիկի ցեց վնասատուները: Վնասատուները մեծ տնտեսական վնաս են հասցնում մորմազգի մշակաբույսերի մշակությամբ զբաղվող գյուղացիական տնտեսություններին: Ցեցի հայտնաբերման ժամանակ գյուղատնտեսության նախարարությունը գյուղացիներին բաժանեց տեղեկատվական թերթիկներ: Ավելի ուշ նույն կառույցը հասկացավ, որ նշված վնասատուների դեմ պայքարի միակ միջոցը միայն ֆերոմոնային թակարդների կիրառումն է:
Տեղեկացնենք, որ նախորդ տարի կարտոֆիլի եւ լոլիկի ցեց վնասատուների մոնիթորինգի իրականացման նպատակով պետական բյուջեից հատկացվել էր 27 մլն 460 հազար 800 դրամ: Ըստ ԳՆ-ի՝ այս գումարով Արարատի եւ Արմավիրի մարզերի մորմազգի մշակաբույսերի շուրջ 9500 հեկտար տարածքի վրա տեղադրված 2900 ֆերոմոնային թակարդների միջոցով հնարավոր եղավ կրճատել կարտոֆիլի եւ լոլիկի բերքին հասցված վնասը:
Ի դեպ, իսկ այս տարի ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ֆերոմոնային թակարդների եւ օժանդակ նյութերի ձեռքբերման համար պահանջվող գումարը կազմում է շուրջ 18 մլն 886 հազար 690 դրամ:
Հավելենք, որ այս տարվա ծրագրով նախատեսված է հանրապետության շուրջ 10 հազար 100 հեկտար մորմազգի մշակաբույսերի, այդ թվում` 2270 հեկտար կարտոֆիլի եւ 7830 հա լոլիկի, տաքդեղի ու սմբուկի դաշտերում իրականացնել մոնիթորինգ՝ ֆերոմոնային թակարդների կիրառմամբ: Այն կիրականացվի մայիս ամսից մինչեւ սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում:
Հ.Գ. Այսպես գյուղատնտեսության նախարարությունը ոգեւորված ներկայացնում է, թե ամեն ինչ ձեռնարկում է՝ գյուղացիների հոգսը թեթեւացնելու համար, սակայն իրականում ե՛ւ 2013 թվականին, ե՛ւ 2014 թվականին մեր հանրապետությունում լոլիկի եւ կարտոֆիլի բերքատվությունը ցեցի պատճառով նվազեց:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԽՈԶԵՐՆ ՈՒ ՄԵՂՈՒՆԵՐՆ ԻՆՉՈ՞Ւ ԷԻՆ ՍԱՏԿՈՒՄ
Տավուշի մարզի Դիտավան գյուղի ֆերմեր, Հայաստանի հանրային խորհրդի գյուղատնտեսության եւ բնապահպանության հանձնաժողովի անդամ Արշակ Սարիբեկյանը 2013թ. նոյեմբերի 29-ին նամակ է գրել ՀՀ վարչապետին եւ գյուղատնտեսության նախարարին` հայտնելով, որ գյուղնախարարության կողմից վնասատուների դեմ ուղղաթիռներով կատարված քիմիական պայքարի հետեւանքով Տավուշի մարզում ոչնչացել են բազմաթիվ խոզեր եւ մեղվաընտանիքներ:
Սարիբեկյանը հայտնել է, որ քիմիական պայքարի հետեւանքով վարակվել է անտառի կաղինը, որով սնված բազմաթիվ խոզերի անկում է եղել: Մեղուներն էլ թունաքիմիկատներով վարակված ծառերից, ծաղիկներից նեկտար վերցնելով՝ ոչնչացել են: Ա. Սարիբեկյանը նամակում առաջարկել է Տավուշի մարզում վնասատուների դեմ քիմիական պայքար չիրականացնել, դրա համար պետական բյուջեից հատկացված 30 միլիոն դրամն ուղղել սահմանամերձ գյուղերի համար հացահատիկահավաք կոմբայն կամ արժեքավոր ծառատեսակների տնկիներ գնելուն:
2013թ. դեկտեմբերի 12-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը Ա. Սարիբեկյանին պատասխան նամակ է ուղարկել, որում հայտնել է, որ գյուղատնտեսության նախարարությունը բույսերի պաշտպանության ծրագրի շրջանակներում 2009թ. հունիսի 16-19-ը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իջեւանի եւ Սեւքարի անտառտնտեսությունների 2200 հա անտառային տարածքում ավիացիոն պայքար է իրականացրել, որի ընթացքում օգտագործված նյութերը կենդանիների եւ թռչունների համար անվնաս են, իսկ «մեղուների համար, եթե դրանք ուղիղ շփման մեջ չեն մտնում, նույնպես վտանգ չեն ներկայացնում»:
Նամակում նշվում է նաեւ, որ Իջեւանի եւ Սեւքարի անտառտնտեսությունները զանգվածային լրատվամիջոցներով՝ հեռուստատեսությամբ եւ ռադիոյով, այդ տարածքի բնակիչներին ավիացիոն պայքարի գործողությունների եւ ժամկետների մասին իրազեկել են: Ա. Սարիբեկյանը զարմացած է, թե հունիսին՝ մեղվի զարգացման բուռն ժամանակաշրջանում, մեղուներն ինչպե՞ս կարող էին անմիջական շփման մեջ չմտնել թունաքիմիկատներով վարակված ծառերի եւ ծաղիկների հետ: Ինչ վերաբերում է իրազեկմանը, ապա Տավուշի մարզային հեռուստատեսության սփռման տարածքը չի ներառում մարզի գյուղերը, մարզային ռադիոընկերություն էլ գոյություն չունի, ուրեմն անտառտնտեսություններն ինչպե՞ս են բնակիչներին իրազեկել վնասատուների դեմ քիմիական պայքարի մասին:
Գյուղնախարարի տեղակալի տրամադրած տեղեկատվության մեջ դրականը, թերեւս, միայն այն է, որ հաշվի առնելով մորեխներով տարածքների վարակվածության ցածր աստիճանը՝ 2009 թվականից մինչեւ այժմ Տավուշի մարզում քիմիական ավիացիոն պայքարի միջոցառումներ չեն իրականացվում:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ