Ապրիլի 17-ին Հայաստանի նկարիչների միությունում տեղի կունենա ցուցահանդես` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Օրերս մի խումբ նկարիչներ, որոնք եւս ներկայացրել էին իրենց կտավները` ցուցահանդեսին մասնակցելու համար, պարզել են, որ իրենց նկարները չեն ցուցադրվելու: Նրանցից շատերը մի ամբողջ տարի աշխատել են իրենց կտավների վրա, սակայն այսօր նրանց գործերը իրենց իսկ ձեւակերպմամբ` արհամարհվել են:
Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ ստեղծվել է հանձնաժողով, որի անդամները քվեարկության միջոցով ընտրել են այն նկարները, որոնք պետք է ներկայացվեն ցուցահանդեսում. «Հանձնաժողովը դրել եմ ոչ թե ես, այլ այն ընտրվել է համագումարի կողմից, անգամ հանձնաժողովի անդամներից շատերի գործերը չեն ընդգրկվել ցուցահանդեսում, բողոքելու ի՞նչ կա, կարգն է այդպես: Նկարիչներից շատերի գործերը թեմային չէին առնչվում, ոմանց նկարների գեղարվեստական արժեքն էր ցածր, եթե բոլորին լավություն անեինք, մեզ 4-5 դահլիճ էր պետք գալու»,- մեկնաբանեց Կարեն Աղամյանը:
Այնինչ, Հայաստանի նկարիչների միության անդամ Խաչիկ Հարությունյանը, ում կտավը եւս չի ներկայացվելու ցուցահանդեսին, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պնդեց, որ հանձնաժողովը տվյալ դեպքում ձեւական բնույթ է կրում. «Հանձնաժողովն այստեղ կապ չունի, ամեն բան Կարեն Աղամյանի ձեռքում է: Ես համոզված եմ, որ մշակույթի նախարարությունը, որոշ բարերարներ գնելու են որոշ կտավներ, ուստի Կարեն Աղամյանը ընտրել է այն նկարիչների կտավները, ովքեր գործարքի մեջ կմտնեն իր հետ, քանի որ, ես տեղյակ եմ, որ այդ գնված կտավների գումարի 80 տոկոսը Կարեն Աղամյանը վերցնում է իրեն ու մի երկու կոպեկ թողնում նկարիչներին: Իսկ մեզ հետ նա գործարքի մեջ մտնել չի կարող, ուստի հանել է մեր նկարները: Սա բոլորին է հայտնի, իրենք, իհարկե, չեն խոստովանի»,- ասաց նա:
Այս կապակցությամբ Կարեն Աղամյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նման խոսակցությունները ստվեր են գցում 100-րդ տարելիցին նվիրված այս միջոցառման վրա. «Վաճառք չի լինելու, դա սուտ է, կեղծիք, չի կարելի բիզնեսի վերածել այս ամենը: Նկարիչների միությունը հասարակական կազմակերպություն է, ոչ կոմերցիոն է, վաճառք կազմակերպելու իրավունք էլ չունի, դա մեր իրավունքներից վեր է»,-մեկնաբանեց նա:
Մինչդեռ Խաչիկ Հարությունյանը պնդում է, որ ստախոսը հենց Կարեն Աղամյանն է. «Մշակույթի նախարարությունը պայմանագրեր չի կազմելու, բայց տեղում գնումներ է կատարելու իր ֆոնդի համար, ամեն տարի էլ նախարարությունը, որոշ բարերարներ, օրինակ` Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, գումար են հատկացնում եւ գնում որոշ նկարներ, ես այդ ներքին խոհանոցին ծանոթ եմ, Կարեն Աղամյանը, իհարկե, այդ մասին լռում է»,- ասաց նա:
Խաչիկ Հարությունյանի խոսքով` իր հետ համակարծիք են հարյուրավոր նկարիչներ. «Նկարիչների միության նախագահը բիզնես է անում, թեպետ սա բիզնես էլ չես կարող անվանել, քանի որ բիզնեսն ունի շուկա, կանոններ, սա, ավելի շուտ, մոնոպոլիա է հիշեցնում, իսկ հանձնաժողովի կազմում իր դրած անդամներն են, թույլ մարդիկ, որ ինքն ինչ ասի` լսեն»-կարծիք հայտնեց նկարիչը:
Նրա համոզմամբ` Կարեն Աղամյանն ինքն է խայտառակում եւ ստվեր նետում ցուցահանդեսի վրա` ներկայացնելով գեղարվեստական արժեք չունեցող մի շարք կտավներ. «Գնացե՛ք եւ ինքներդ տեսե՛ք, թե ինչ կտավներ են ներկայացված ցուցահանդեսում: Ես նախապես ծանոթացել եմ դրանց: Դա էժանագին, անորակ նկարչություն է: Առաջին հերթին հենց Կարեն Աղամյանի հեղինակած կտավի գեղարվեստական արժեքը շատ ցածր է, դե, ինքը վատ նկարիչ է, վատը որն է` նկարել չգիտի բացարձակ: Նման նշանակություն ունեցող ցուցահանդեսին ինչպե՞ս կարելի էր նման խայտառակ ձեւով ներկայանալ: Աշխարհը գալու է` այս անհեթեթությունը նայի՞: Աբսուրդ: Բարձրարժեք արվեստ հասկացությունը վաղուց նկարիչների միությունում վերացել է եւ վերածվել շուկայական հարաբերությունների: Ափսոսում եմ, որ մեր նախկին հզոր միությունը, որ սրբավայրի պես բան էր, այլեւս չկա»,-եզրափակեց նա:
«ՄԱՐԴՈՒՆ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԳԻՇԱՏԻՉ ԴԱՐՁՆԵԼ»
«Երիտասարդ թատերախումբը» պատրաստվում է ապրիլի 16-ին հանդիսատեսի դատին հանձնել իր հերթական ներկայացումը, որը բեմադրվել է Վահե Քաչայի «Գիշատիչների խնջույքը» պիեսի հիման վրա: Ներկայացման յոթ գլխավոր հերոսները, ովքեր բավական մտերիմ են միմյանց հետ, 1942 թվականին օկուպացված Փարիզում իրենցից մեկի ծննդյան օրն են նշում: Հանկարծ հոբելյարի տուն է մտնում գերմանացի սպան, տեղեկացնում, որ երկու սպա է սպանվել հոբելյարի տան պատուհանի տակ, եւ պահանջում երկու պատանդ. բարեկամները պետք է իրենց միջից ընտրեն երկու հոգու, եւ հենց այստեղ սկսվում է գիշատիչների խնջույքը: «Ժողովուրդ»-ը ներկայացման եւ դրա արդիականության մասին զրուցել է դերակատարներից մեկի` Շողեր Գրիգորյանի հետ:
-Շողե՛ր, պիեսի ընտրությունը, թերեւս, պատահական չի եղել, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ գոյության պայքարի ու տեսակը պահպանելու կռվի թեման բավական արդիական է:
-Եթե հաշվի առնենք, որ պիեսը նաեւ բռնության, սեփական կամքը մարդկանց պարտադրելու, ապրելու հիմնական օրենքից զրկելու մասին է, ապա` այո: Մարդիկ կանգնում են ապրել-չապրելու ընտրության առաջ: Իսկ ապրելու համար հարկավոր է բարձր գին վճարել, որքան մենք` հայերս ենք վճարել: Այս առումներով ընդհանրություններ կարելի է գտնել:
-Որքան էլ պիեսը Փարիզի իրականությունը ներկայացնի, այնուամենայնիվ, դերակատարները հայ են, եւ այդ հայկականությունը պետք է որ ներկայացման վրա իր ազդեցությունն ունենա:
-Իհարկե, պիեսում պատմվում է կոնկրետ ժամանակահատվածի մասին, սակայն հայ հանդիսատեսը, դիտելով ներկայացումը, կարող է այնտեղ պատկերացնել հայկական իրականությունը: Ամեն դեպքում, պիեսի հեղինակը հայ է, եւ, իմ սուբյեկտիվ կարծիքով, Քաչան այս թեմային անդրադարձել է նաեւ որպես Եղեռնի ցավին ծանոթ մեկը: Ինքս միշտ ասել եմ, որ ներկայացման մեջ Եղեռնի կոնտեքստն եմ տեսնում եւ ես այդ տրամաբանությամբ եմ խաղալու: Ներկայացման մեջ առկա է նաեւ այն մեսիջը, որ մարդկանց չի կարելի դնել այնպիսի իրադրության մեջ, որը նկարագրվում է: Նույնն այսօր Հայաստանում է. մարդկանց չի կարելի դնել սոցիալական այնպիսի ծանր պայմանների մեջ, որ մարդը մարդու վրա կացին բարձրացնի: Ես ուզում եմ, որ հանդիսատեսը գա ու տեսնի, որ մարդուն չի կարելի գիշատիչ դարձնել:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ԹԱՆԿՅԱՆԻ ՆՈՐ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ
Ամերիկահայ ռոք երաժիշտ, երգահան, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը նոր երաժշտություն է գրել` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Այս մասին նա տեղեկացրել է «Թվիթեր»-ի իր էջում. «Ահա, խնդրեմ` «100 տարի» (100 Years) տեսանյութը, որ ես ստեղծել եմ Ջոն Փսատասի հետ` որպես հարգանքի տուրք 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերի հիշատակին»,- գրել է Սերժ Թանկյանը` հայերի ցեղասպանության կողքին հիշատակելով նաեւ հույների ու ասորիների ցեղասպանությունը:
Տեսանյութը նվիրված է նրանց, ովքեր պայքարում են 20-րդ դարի առաջին ցեղասպանության եւ դրան հաջորդած ցեղասպանությունների ճանաչման եւ դատապարտման համար:
Նշենք, որ Ջոն Փսատասը նորզելանդացի հայտնի կոմպոզիտոր է: Ազգությամբ հույն կոմպոզիտորը մեծ հռչակ է վայելում իր երկրում: Նա նշել է, որ իր եւ Թանկյանի համագործակցությունն հուզական է, եւ հավելել, որ ստեղծագործությունը հարգանքի տուրք է հայերի, հույների եւ ասորիների ցեղասպանության 100-րդ տարելիցին:
ՊՈԴԻՈՒՄԸ ԿԼՔԻ
Օրերս 34-ամյա սուպերմոդել Ժիզել Բունդհենը վերջին անգամ պոդիում է բարձրացել: Բրազիլուհու վերջին դեֆիլեն տեղի է ունեցել Colcci ցուցադրության ընթացքում, Սան Պաուլուի նորաձեւության շաբաթի ժամանակ: Շոուի շրջանակում սուպերմոդելը ներկայացրել է մի քանի զգեստներ, տոպեր եւ ջինսեր: Նրան դիտելու են գնացել մի շարք հայտնի մոդելներ: Նշենք, որ Բունդհենն այժմ պատրաստվում է աշխատել հատուկ նախագծերում:
ՆՇԱՆԱԴՐՎԵԼ ԵՆ
Հայտնի ռեփերներ Նիքի Մինաժն ու Միք Միլը տեւական ժամանակ էր` թաքցնում էին իրենց սիրավեպի մասին լուրերը, եւ միայն փետրվարին էր Միլը հայտարարել, որ իրենք ընկերություն են անում: Այժմ արդեն հայտնի է դարձել, որ նրանք նշանադրվել են: Այս մասին տեղեկացնում է Contact Music-ը: Բացի այդ` երգչուհին Instagram-ում մի լուսանկար է տեղադրել, որում ցուցադրել է իր նշանադրության մատանին: «Ինչպես մայրս է ինձ սովորեցրել, մտադիր եմ ամեն բան ըստ կարգի անել. սկզբում՝ նշանադրություն, եւ հետո` հարսանիք»,- գրել է նա: