Այսօր Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությունների առիթով, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հրավերով Հայաստան է ժամանել Ալեքսանդրիայի և Համայն Աֆրիկայի Պապ, Ղպտի ուղղափառ եկեղեցու առաջնորդ Նորին սրբություն Թևադրոս երկրորդը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ Ամենայն Հայոց Հայրապետը ողջունել է Ղպտի ուղղափառ եկեղեցու առաջնորդին՝ մասնավորապես ասելով. – «Մենք մեծ մխիթարություն ենք ապրում, որ այս օրերին, երբ մեր ժողովրդի զավակները ոգեկոչում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, մեր Քույր եկեղեցու հոգևոր պետը Մեզ հետ է և մեր ժողովրդի կողքին»։
Գարեգին երկրորդը գոհունակությամբ ընդգծել է, որ «առաջիկա օրերին տարբեր Եկեղեցիների հոգևոր պետեր և ներկայացուցիչներ միասնաբար պիտի դատապարտեն աշխարհում մարդկային կյանքի դեմ ուղղված ամեն տեսակի ոճրագործություն, ինչպես նաև աղոթեն աշխարհի խաղաղության և բարօրության համար»։
Ղպտի ուղղափառ եկեղեցու առաջնորդն իր հերթին նշել է, որ մշտապես հետաքրքրված է եղել Հայ եկեղեցու և հայ ժողովրդի բազմադարյա պատմությամբ։ Նա նաև անդրադարձել է երկու եկեղեցիների միջև առկա բարեկամական սերտ գործակցությանը:
Խոսքի ավարտին Թևադրոս երկրորդը վստահություն է հայտնել, որ «այս այցելությունը Հիսուս Քրիստոսի նկատմամբ ունեցած հավատքի վերանորոգման առիթ պիտի դառնա»: