«ՊԵՏՍ ՅՈՒՐԱՑՐԵԼ Է ԻՄ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մուսալեռ» ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրեն Գալուստ Խաչիկյանին իր մշակած ցանքատարածքների ոռոգման դիմաց սահմանված գնից ավելի գումար գանձելու մեջ մեղադրող Իշխան Կարապետյանը «Ժողովուրդ»-ի խմբագրությանը հղած նամակում գրում է, որ «արդարություն է փնտրում»: Նամակագիրը վկայում է, որ «ջրի հարցը» նրանց հասցրել է սկզբում «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշար, ապա`  Վաղարշապատի ոստիկանության բաժին, որտեղ էլ Կարապետյանը, «էլ չդիմանալով անարդարությանը», բարձրաձայնել է, որ Խաչիկյանը յուրացրել է իր աշխատավարձը:
Արմավիրի մարզի Մուսալեռ համայնքի 67-ամյա բնակիչ Իշխան Կարապետյանը, «հույսը կտրած ե՛ւ տելեվիզրից, ե՛ւ միլիցուցը», «արդարության փնտրտուքով» նամակով դիմել է «Ժողովուրդ»-ի խմբագրությանը: Բողոքին հետամուտ լինելով` մենք հեռախոսազրույց ունեցանք վերջինիս հետ: Կարապետյանը շատ վրդովված պատմեց, թե ինչպես է «Մուսալեռ» ՋՕԸ-ի պետ Գալուստ Խաչիկյանը յուրացրել իր աշխատավարձը եւ  ոռոգման ջրի դիմաց պահանջել մեծ գումարներ:
«Ես արդար մարդ եմ, արդարություն եմ ուզում: Ես ամբողջ ամառը պել արեւի տակ, բահը ուսիս, հող եմ մշակել, ջրել, որ Գալուստը գա ինձ նեղացնի՞: Մեծ մարդ եմ, գա իմ վրա գոռգոռա՞, ասի՝ դու իրավունք չունիս առանց ինձ հարցնելու հող մշակես: Ա՛յ բալա ջան, Խաչիկյանի գործը ջրի հետ ա, նա հողի հետ ի՞նչ կապ ունի: Ընդդիմացա, նա էլ իմ վրա մուռ պահեց ու ջուրս կտրեց, ցորենիս դաշտն էդ պատճառով փչացավ»,-սրտնեղած պատմեց մուսալեռցի աշխատավորը:
Կարապետյանը ներքին պայմանավորվածություն է ձեռք բերում մի քանի հողատերերի հետ, վարձակալում նրանցից ընդհանուր առմամբ 3 հա վարելահող, ցանում աշնանացան ցորեն: Բացի այդ, նա առանձին մշակության է վերցնում եւս 8 հա առվույտի դաշտ եւ այգի: Դրանց ոռոգման համար Կարապետյանը պայմանագիր է կնքում «Մուսալեռ» ՋՕԸ-ի հետ, իսկ ցորենի արտի համար՝ ոչ: «Դե գյուղացի մարդ եմ, մտածեցի՝ ինչ կարիք կա նորից պայմանագիր կապեմ, իրանց ջրի վա՞րձն ա, կտամ էլի»,-իր բացթողումն արդարացնում է Կարապետյանը:
«Մուսալեռ» ՋՕԸ-ն էլ, հիմք ընդունելով պայմանագրի բացակայությունը, դադարեցնում է Կարապետյանի հողատարածքների ոռոգման ջրի մատակարարումը: Արդյունքում՝ վերջինիս արտը չորանում է, եւ Կարապետյանը կրում է 600 հազ. դրամի վնաս: Դիմում է տարբեր ատյանների, սակայն նրան չեն ընդառաջում: «Գալուստն ասավ՝ ում ուզում ես բողոքի, մեկ ա, ջուրդ չեմ տալու: Գյուղապետն էլ փոխանակ ինձ հարցում անի, սրանից-նրանից սուտ ու ղորթ խոսքեր էր լսում, նրանց հավատում: Անգամ դիմեցի վարչապետին, սա էլ իմ պատասխան նամակն ուղարկել էր մարզպետարան: Իսկ թե նամակում ինչ կա գրած, մինչեւ օրս էլ չեն ասում»,-վրդովվում է Կարապետյանը:
Հայրենի իշխանություններից հույսը կտրած ՀՀ քաղաքացին դիմում է «Կիսաբաց լուսամուտներ» ծրագրին, որի ընթացքում Կարապետյանը Խաչիկյանի «երեսին շպրտում է», որ նա ավազակ է եւ յուրացրել է 2007-09թթ. «Մուսալեռ» ՋՕԸ-ում առու հանող բանվորի իր աշխատավարձը, որի դիմաց ինքը երբեք չի ստորագրել:
Հաղորդումից 2 օր անց Կարապետյանին հրավիրում են ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժին եւ պարզաբանումներ պահանջում վերոնշյալ հայտարարության առթիվ: 2011թ. նոյեմբերից սկսվում է հետաքննությունը եւ շարունակվում մինչեւ սույն թվականի օգոստոսի 20-ը: Ըստ մեր զրուցակցի՝ նույն բաժնի քննիչ Գոռ Ավանեսյանը նրան տեղեկացնում է, որ ընկերությունում առկա է միայն 2009թ. աշխատավարձի ցուցակը: «Էդ ցուցակում իմ անվան դիմաց գրած էր 116.428 դրամ փող, բայց ինձ տվել են 50 հազ. դրամի ոչ թե կանխիկ գումար, այլ ջրի չեկ: Իսկ ստորագրությունս էլ կեղծված է»,-ասում է Կարապետյանը: Նախաքննության փուլում նշանակվում է ստորագրության նմուշի փորձաքննություն: Պարզվում է` այն կեղծված է: Հետագայում ընկերության պահանջով կատարվում է երկրորդ փորձաքննությունը, եւ արձանագրվում, որ ստորագրությունը համընկնում է իսկականի հետ: «Էստեղ մի շան գլուխ կա թաղված: Քանի կա՜ր՝ կեղծ էր ստորագրությունը, հետո իսկական դարձա՞վ»,-հարցնում է Կարապետյանը:
«Ժողովուրդ»-ն այս խնդրի շուրջ մեկնաբանություն խնդրեց «Մուսալեռ» ՋՕԸ-ից: Ընկերության գլխավոր ինժեներ Ղազարյանն ասաց. «Դրանք անհիմն մեղադրանքներ են: Ինքը ստորագրել է ու աշխատավարձը ստացել: Ինչ վերաբերում է ջրի վարձին, ասեմ, որ յուրաքանչյուր ջրօգտագործող ջրբաշի մատյանում ստորագրում է ոռոգված տարածքի ջրի չափի, ժամի մասին: Կարապետյանի ստորագրություններն այդ մատյանում առկա են, ու ոչ մի թյուրիմացության կամ գերվճարի մասին խոսք լինել չի կարող»: Վերջինս առանց մանրամասնելու հավելեց, որ «սա ուրիշ խաղ է», ու Կարապետյանն էլ այլ նպատակ է հետապնդում:
Հ.Գ. Մինչ պատրաստվում էր հոդվածը, Մուսալեռ համայնքի մի խումբ բնակիչներ ստորագրահավաք էին կազմակերպել` Ծրագրերի իրագործման գրասենյակին խնդրելով հեռացնել «Մուսալեռ» ՋՕԸ-ի գործադիր տնօրեն Գ. Խաչիկյանին, քանի որ, ըստ բողոքողների, վերջինս ոռոգման ջրի դիմաց պահանջում է ջրբաշ մատյանում գրանցված  գումարից ավելի գումարներ:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս