Գագիկ Ծառուկյանը շնորհավորական ուղերձ է հղել Բիձինա Իվանիշվիլիին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Բարգավաճ Հայաստան” կուսակցության ռաջնորդ Գագիկ Ծառուկյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած “Վրացական երազանք” կոալիցիայի առաջնորդ, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիին:
Ուղերձում ասվում է.
“Շնորհավորում եմ Ձեզ հոկտեմբերի 1-ին կայացած՝ Վրաստանի խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Սա ժողովրդավարության մեծ հաղթանակն էր Ձեր երկրում: Խաղաղ, ընտրությունների միջոցով իշխանության փոփոխությունը քաղաքական ինստիտուտների եւ քաղաքացիական հասարակության կայացվածության վկայությունն է, ինչպես նաեւ անձամբ Ձեր հանդեպ ժողովրդի մեծ վստահության արդյունքը:
Ես տեղյակ եմ, որ իմ բազմաթիվ հայրենակիցներ ակտիվ մասնակցություն են ունեցել “Վրացական երազանքի” արձանագրած հաջողություններում: Վրաստանի հայ համայնքն ունի դարերի պատմություն եւ մեծ ավանդ է ունեցել Վրաստանի շենացման եւ հզորացման գործում: Ինչպես Ջավախքում, այնպես էլ Վրաստանի մյուս բնակավայրերում ապրող հարյուր հազարավոր հայերը կարող են դառնալ մեր երկու երկրների ավանդական բարեկամությունն ամրապնդող հենասյուներից մեկը:
“Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը եւ անձամբ ես պատրաստ ենք մեր ավանդը ներդնել հայ-վրացական հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու գործում:  Ես վստահ եմ, որ միայն ժողովրդավարական երկրների միջեւ է հնարավոր իրական բարիդրացիական եւ գործընկերային հարաբերությունների հաստատումը: Վստահ եմ նաեւ, որ միայն ժողովրդավարության ուղին ընտրած պետություններն են ի վիճակի Հարավային Կովկասում ապահովել խաղաղություն եւ կայուն զարգացում: Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ ամբողջ վրաց ժողովրդին:




Լրահոս