ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե այս տարվա ընթացքում լեզվի պետական տեսչությունը քանի տնտեսվարողների է տուգանել եւ հիմնականում ինչի համար:
ՊԱՏԱՍԽԱՆ. Ձեր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ լեզվի պետական տեսչությունը տնտեսվարողի նկատմամբ տուգանք չի նշանակում: Մեր տեսուչները ստուգման կամ վարույթի ընթացքում հայտնաբերված լեզվական օրենսդրության խախտումներն արձանագրում են, ապա կազմված գործը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վարչական դատարան, որն էլ իրականացնում է գործի քննությունն ու տուգանքի նշանակումը:
Ավելացնենք, որ այս տարի լեզվի պետական տեսչությունը կազմել եւ վարչական դատարան է ներկայացրել 78 գործ:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ցավալի է, որ լեզվի պետական տեսչությունը տնտեսվարողներին տուգանելու իրավասություններ դեռեւս չունի: Գուցե հենց սա է պատճառը, որ Հայաստանը ողողված է օտարալեզու ցուցանակներով, իսկ հեռուստաեթերում խոսում են ժարգոնային հայերենով: