Մեկնարկել է Անխախտ եղբայրություն-2012 զորավարժությունը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հոկտեմբերի 8-ին Ղազախստանի Հանրապետության Ալմաթի քաղաքի մերձակայքում գտնվող “Իլիյսկսի” զորավարժարանում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության “Անխախտ եղբայրություն-2012” պայմանական անվանվամբ առաջին համատեղ խաղաղապահ զորավարժությունը:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե զորավարժությունն անցկացվում է ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի եւ միջոցների կառավարման մարմինների ու կազմավորումների օպերատիվ եւ մարտական պատրաստության 2012թ. համատեղ միջոցառումների պլանին համապատասխան: Զորավարժության թեման է Հավաքական անվտանգության տարածաշրջանում ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ զորքերի կողմից խաղաղության պահպանման գործողությունների նախապատրաստումն ու վարումը:
Զորավարժության ընթացքում մշակվելու են հակամարտող կողմերի բաժանման, զինադադարի պայմանների պահպանման վերահսկողության համատեղ միջոցառումներ: ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ստորաբաժանումները կկատարեն հավաքական խաղաղապահ ուժերի ձեւավորման ուսումնական առաջադրանքներ կենտրոնասիական տարածաշրջանի՝ ՀԱՊԿ-ի մեջ մտնող պայմանական երկրում խաղաղապահ առաքելություն իրականացնելու համար:
Ընդհանուր առմամբ, զորավարժությանը մասնակցում է մոտ 950 մարդ, մինչեւ 70 միավոր ավտոմոբիլային եւ 35 միավոր զրահատանկային տեխնիկա, 4 “Մի-17” ինքնաթիռ: ՀՀ զինված ուժերից զորավարժությանը մասնակցում է 30 հոգանոց խաղաղապահ ստորաբաժանումը:




Լրահոս