Ռոնդա Ռոուզին` Հայաստանի, հայ մարզիչների ու Մեծ Եղեռնի մասին. բացառիկ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Երևանի «Դինամո» ակումբում բռնցքամարտի Հայաստանի հավաքականի հետ ցուցադրական մարզումներ անցկացրեց խառը մենամարտերի (MMA) բացարձակ չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, ինչպես նաև` ձյուդոյի աշխարհի փոխչեմպիոն Ռոնդա Ռոուզին:

Նա Հայաստան է եկել` հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Աշխարհի ամենուժեղ կնոջ մոտ Հայաստանի նկատմամբ հետաքրքրություն են արթնացրել նրա հայ մարզիչները:

Armlur.am-ը ներկայացնում է Ռոնդա Ռոուզիի հետ բացառիկ հարցազրույցը:

– Ռոնդա Ռոուզի, արդյոք համապատասխանում են ճիշմարտությանն այն լուրերը, որ դուք կիսով չափ հայ եք, մասնավորապես ձեր տատիկը հայ է:

– Տատիկներիցս մեկը Վենեսուելայից է, մյուսը` Լեհաստանից, այնպես որ հայի արյուն չի հոսում իմ երակներով, սակայն իմ մարզիչը հայ է, և հենց նրա շնորհիվ է, որ հասել եմ նրան, ինչ ունեմ:

– Ե՞րբ եք առաջին անգամ լսել Հայաստանի ու Հայոց ցեղասպանության մասին:

– Մայրս ձյուդոյով էր զբաղվել հայերի հետ, և ես հայերի մասին լսել եմ, երբ դեռ բավական փոքր էի` 11-12 տարեկան: Ես գիտեմ 1915 թ. ցեղասպանության մասին և այն մասին, թե ինչ են արել թուրքերը հայերի հետ: Հուսով եմ, որ այստեղ իմ ներկայությամբ ես գոնե ևս մի քանի մարդու կտեղեկացնեմ, թե ինչ է եղել հայերի հետ: Հայաստանում կփորձեմ իմ փորձը փոխանցել հայ բռնցքամարտիկներին: Երևան եմ եկել հայ ժողովրդին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում աջակցելու համար:

11160140_898840740188639_725735837_n

– Ռոնդա, արդյո՞ք Ձեզ համար դժվար չի աշխատել հայազգի մարզչի հետ:

– Կարծում եմ` Էդմոնդը ամենահեշտ մարզիչն է, ում հետ կարելի է աշխատել, չնայած որ ինձանից մեծ աշխատանք է պահանջում: Սակայն համոզված եմ, որ մեր երկուսի համագործակցությունը շատ բեղմնավոր է:

– Հե՞շտ է լինել կին ու դրա հետ մեկտեղ` չեմպիոն: Արդյոք տղամարդիկ չե՞ն վախենում ձեզանից:

– Կարծում եմ` չեմպիոն լինելը բոլորի համար էլ հեշտ է: Սակայն չափազանց դժվար է լինել աշխարհում ամենալավը: Իսկ թե արդյոք տղամարդիկ ինձանից վախենում են, թե` ոչ, չգիտեմ, նրանք ինձ հետ այդ մասին չեն խոսել դեռևս:

11121593_898840730188640_1346710385_n

– Երբևէ փորձե՞լ եք ձեր ուժը կիրառել նաև փողոցում:

– Այո, ուժս կիրառել եմ փողոցում շատ վաղուց, երբ դեռ երիտասարդ էի ու հիմար: Իսկ այժմ կռվում եմ, որովհետև դա ինձ եկամուտ է բերում:

– Ինչո՞ւ որոշեցիք թողնել ձյուդոն ու զբաղվել խառը մենամարտերով:

– Ես շատ դժբախտ էի ձյուդոյով զբաղվելու ժամանակ, քանի որ չէի կարողանում ամբողջությամբ ինքնաարտահայվել, սակայն  MMA-ում ես գտա իմ ողջ կիրքը արտահայտելու տարբերակը:

11171737_898840736855306_1031052547_o

– Կա՞ն հայազգի հայտնի մարզիկներ, որոնց հետ անձամբ եք ծանոթ:

– Իհարկե, կան: Ծանոթ եմ կարկառուն հայազգի մարզիկ Գեղարդ Մուսասիի, Վիկ Դարչինյանի, Արթուր Գրիգորյանի հետ:

Ավելի մանրամասն` Armlur.am-ի տեսանյութում

Տաթև Ֆռանգյան, Տիգրան Սարգսյան




Լրահոս