Երեկ Հանրապետական կուսակցության՝ Կենտրոնի տարածքային կառույցի գրասենյակում Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որը 2 ժամից ավել տեւեց: Թեեւ պաշտոնապես կցկտուր հաղորդվեց, որ քննարկվել է միայն թիվ 1 եւ 35 ընտրատարածքներում ՀՀԿ-ական թեկնածուներին առաջադրելու հարցը, այնուամենայնիվ, այլ առանցքային թեմաներ էլ են շոշափվել:
Նախ պաշտոնականի մասին. ՀՀԿ խոսնակի տեղեկացմամբ՝ թիվ 1 ընտրատարածքում ՀՀԿ-ն առաջադրելու է Երեւանի կադաստրի պետի տեղակալ Ռոբերտ Սարգսյանի, իսկ թիվ 35-ում՝ ՀՀԿ-ական Արման Սահակյանի թեկնածությունները: Հիշեցնենք, որ Սահակյանը «Պրեսս ստենդ» ընկերության սեփականատերն է, իսկ Սարգսյանը՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կնոջ եղբայրը: Ըստ Շարմազանովի՝ Վարդան Օսկանյանի հարցն ու Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը գործադիր մարմնի նիստում չեն քննարկվել:
Մինչդեռ «Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ բուռն ընթացք ունեցած ՀՀԿ ԳՄ նիստը հիշեցրել է խորհրդարանական ընտրությունների շրջանում կայացած նիստերից մեկը, որի ընթացքում Ս. Սարգսյանը խիստ բարկացած է եղել: Անտրամադիր Սարգսյանն ասել է, թե շատ վատ է, որ ՀՀԿ-ն միահամուռ չէ, եւ Վ. Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը 6 դեմ ձայն է ստացել: Նա ակնարկել է, որ այդ 6-ը, հնարավոր է, կարեւոր պահի խփեն իրենց թիկունքից: «Մենք որեւէ տեղից որեւէ սպասելիք չունենք: Հույսներս մեզ վրա պիտի դնենք»,-մոտավորապես այսպիսի խոսքեր է հնչեցրել ՀՀԿ առաջնորդը՝ սպառնալով նաեւ, որ ձերբակալությունները շարունակվելու են, եւ որեւէ մեկը չի ներվելու: Ներկաներից մի քանիսի մոտ տպավորություն է ստեղծվել, որ Սարգսյանը նախագահական ընտրություններին միայնակ է մասնակցելու: Նա կուսակիցների հետ քննարկել է նաեւ ԲՀԿ-ի պահվածքը, որը ՀՀԿ-ի համար «անհասկանալի վարքագիծ» որակմանն է արժանացել:
Երեկվա նիստի առիթով «Ժողովուրդ»-ը մի քանի հարց ուղղեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովին:
-Պարո՛ն Շարմազանով, ի՞նչն էր պատճառը, որը այսքան երկար տեւեց ԳՄ նիստը:
-Դե գիտեք, երկար-կարճ՝ դա հարաբերական է: Կուսակցական քննարկումներ էին, եւ քննարկում էինք:
-Ի՞նչ էիք քննարկում:
-Երկու ընտրատարածքներում առաջադրումների մասին էինք քննարկում: Ես հավատացած եմ, որ մեր խմբակցությունը եւս 2 պատգամավորով կհամալրվի:
-Ճի՞շտ է, որ Սերժ Սարգսյանը նիստի ժամանակ ասել է՝ հույսներս մեզ վրա պետք է դնենք:
-Ես նման տեղեկություն չունեմ: Հետո հույսներս մեզ վրա դնելը լայն հասկացողություն է: Ձեզ համար նո՞ր է, որ հայ ժողովուրդը իր հույսն առաջինն իր վրա պետք է դնի: Հիմա Դուք Ձեր հույսը ինչի՞ վրա եք դնում: Մարդ դնում է իր եւ Աստծո վրա, չէ՞: Մարդիկ պատերազմում հավատացել են Աստծուն, հաղթել են, քանի որ հույսները դրել են նաեւ իրենց վրա:
-Մենք տեղեկություններ ունեք, որ Ս. Սարգսյանը խիստ զայրացել է բոլորի վրա, որ Օսկանյանի միջնորդությունը 6 դեմ ձայն է ստացել:
-Սերժ Սարգսյանը շատ հավասարակշռված անձնավորություն է եւ չի բարկանում:
-Ընդհանրապես չի՞ բարկանում:
-Այո՛, ինքը շատ հավասարակշռված է, իսկ եթե բարկանա էլ, որեւէ խնդիր չկա:
-Սերժ Սարգսյանն ասա՞ց, որ պատժելու է բոլորին:
-Ախր ո՞վ է տենց բան ասում: Ձեր բոլոր հարցերը, Ձեր բոլոր մատնանշումները գործադիր նիստում չեն եղել: Խորհուրդ կտամ երկիր նախագահի խոսքերն ուղիղ հղում անեք այն դեպքում, երբ ձայնագրություններ ունեք:
-Այնուամենայնիվ, Օսկանյանի հարցը չե՞ք քննարկել:
-Նման բան չեմ լսել, եւ ընդհանրապես, գործադիրի նիստին մենք Վարդան Օսկանյանի ճակատագրով չենք հետաքրքրվել եւ չենք էլ խոսել:
Հ.Գ. Քանի որ ՀՀԿ կենտրոնական գրասենյակն այրված է, կուսակցությունն իր ԳՄ նիստն անցկացնում էր Բուզանդի փողոցի 1/3 հասցեում՝ Կենտրոնի գրասենյակում: Երեկ՝ երեկոյան 19:00-ից հետո, Վերնիսաժի այգին թիկնապահների շքերթ էր հիշեցնում: Սիրահար զույգերի նման Սերժ Սարգսյանի պահապան «հրեշտակներն» ու ոստիկանության աշխատակիցները նստել էին այգու աթոռներին՝ սպասելով նիստի ավարտին: Իսկ շենքն աչալրջորեն հսկվում էր՝ անգամ շարքային քաղաքացիների տեղաշարժը խոչընդոտելու ճանապարհով:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ