Ինչպե՞ս կարող ենք պայքարել առկա չարիքների դեմ, եթե մենք քաջություն չունենք ընդունելու չարիքը. Գարի Կասպարով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընդդիմադիր գործիչ Գարի Կասպարովը սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը և կարևորել այն ճանաչելը: Նրա գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Այսօր Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի օրն է: Ինչպես չարի բոլոր մեծ գործողություններին՝ սրան էլ դժվար է առերեսվելը, բայց դա պետք է արվի: Չարիքը մեծանում է, երբ մենք խուսափում ենք դրանից ու հրաժարվում ճանաչել այն, սա մենք գիտենք պատմությունից: Այնպես որ մենք պետք է բավականաչափ ազնիվ և քաջ լինենք չարիքն իր անունով կոչելու համար, հատկապես սա՝ 20-րդ դարի բոլոր ցեղասպանությունների մայրը:

2002 թվականին ես հոդված էի գրել The Wall Street Journal-ում՝ կոչ անելով Թուրքիային անդամակցել Եվրամիությանը, եթե մի քանի հարց հնարավոր լինի լուծել: Դրանցից առաջինը 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչումն էր և ամբողջական հետաքննությունը: Մեծ հիասթափություն է, որ սա երբեք տեղի չունեցավ: Ինչպե՞ս մենք կարող ենք պայքարել այսօր աշխարհում առկա շատ չարիքների դեմ, եթե մենք քաջություն չունենք ընդունելու չարիքը, որի ուրվականներն արդեն հարյուր տարեկան են»,- գրել է Կասպարովը:




Լրահոս