«Տոնուս»-ից տուժածներն անորոշ սպասում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Տոնուս» շինարարական ընկերությունից տուժած ավելի քան 160 բնակարանատերեր այս օրերին հայտնվել են անորոշության մեջ: Բանն այն է, որ «Արցախբանկ»-ի սեփականատերերը տուժած բնակիչներին խոստացել են, որ Դավիթաշեն 2-րդ թաղամասի եւ Փափազյան փողոցի նորակառույց շենքերի շինարարությունն ապրիլի սկզբին պետք է վերսկսվի: Սակայն մինչ օրս այն չի սկսվել: Իսկ տուժած բնակարանատերերը հույս էլ չունեն, որ կսկսվի:

Հիշեցնենք, որ «Տոնուս» շինարարական ընկերության սեփականատերն էր նախկին ԲՀԿ-ական Աշոտ Տոնոյանը, ով նշված շենքերի բնակարանները վաճառել էր քաղաքացիներին, այնուհետեւ՝ գրավադրել «Արցախբանկ»-ում: «Տոնուս» շինարարական ընկերության` սնանկ ճանաչվելուց հետո տուժած ավելի քան 160 բնակարանետերեր հայտնվել են անելանելի դրության մեջ:

Armlur.am-ը տուժած բնակիչներից տեղեկացավ, որ բանկի բաժնետերերը՝ Հրաչ Կապրիելյանը («Ավի» հայկական ժամացույցների ընկերությունների ներկայացուցիչ) եւ Վարտան Սիրմակեսը, իրենց հետ պայմանավորվածություն են ձեռք բերել, որպեսզի Դավիթաշեն թաղամասի բնակիչները յուրաքանչյուր քառակուսի մետրի համար ավելացնեն 80 դոլար, իսկ Փափազյան փողոցի բնակիչները՝ 150 դոլար:

Տեղեկացնենք, որ նրանց մեծ մասը «Արցախբանկից» պահանջել են վերադարձնել բնակարանների համար վճարած ողջ գումարը: Սակայն բանկի սեփականատերերը, կարծես թե, չեն շտապում վերադարձնել քաղաքացիների գումարները:

Օրինակ` տուժած բնակիչներից մեկը՝ Մանվել Մելքոնյանը, 10 օր առաջ մոտեցել է Սայաթ-Նովա հասցեում գտնվող «Արցախբանկ» եւ հետաքրքրվել, թե երբ են վերադարձնելու իր գումարը: Սակայն բանկից պատասխանել են, որ սպասում են սեփականատերերի որոշմանը: Քաղաքացու այն հարցին, թե երբ կլինի այդ որոշումը, բանկի աշխատակիցները պատասխանել են՝ կամ մեկ ամսից կամ երկու, կամ էլ՝ մեկ շաբաթից:

Ի դեպ, Armlur.am-ին հայտնի դարձավ, որ տուժած բնակիչների մոտ լուրեր են շրջանառվում այն մասին, թե բանկի սեփականատերերը որոշել են գումարները հետ վերադարձնել միայն 14 տոկոս պահումով, ինչին նրանք դեմ են:




Լրահոս