ՌՈՒՍԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին օրերին, մեկը մյուսին հերթ չտալով, Վրաստանի նոր իշխանություններին շնորհավորած հայրենի քաղաքական էլիտայի համար երեկ սառը ցնցուղի ազդեցություն  ունեցավ «Վրացական երազանք»-ի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլու այն հայտարարությունը, թե նա «չի հասկանում՝ հայերն ինչու են Վրաստանում ապրում»: «The New Times» պարբերականին տված հարցազրույցում Իվանիշվիլին ասել է. «Մենք` վրացիներս, այնքան տարօրինակ ենք, կապված ենք մեր հողին:  Օրինակ՝ մեզ մոտ հայեր են բնակվում. զարմանում եմ, հայրենիքը կողքն է, իսկ նրանք այստեղ են ապրում: Ձեր մեջ երեւի նման հարց չի ծագում: Իսկ ինձ համար անհասկանալի է»: Ահա այսպես` ո՛չ ավել, ո՛չ  պակաս: Բնականաբար, այս հայտարարությանը կայծակնային արագությամբ արձագանքեցին բոլորը՝ մեղմ ասած տարակուսանք հայտնելով Իվանիշվիլու նման հայտարարության կապակցությամբ: Անգամ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը շտապեց իր տարաժամ կարծիքը հայտնել Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ` ֆորմալ եւ ուշացած գնահատականներում, իմիջիայլոց, հիշատակելով. «Վրաստանը տունն է բազմահազար վիրահայերի համար, որոնք հայ-վրացական բարեկամությունը ամրապնդող կարեւոր օղակ են»: Իվանիշվիլուց բացատրություն պահանջեցին նաեւ վրացահայ համայնքի ներկայացուցիչները: Ավելի ուշ վրաց նորահայտ քաղաքական գործիչն իր ֆեյսբուքյան էջում փորձեց արդարանալ` նշելով, որ իր ասածները «կտրված են ենթատեքստից եւ աղավաղված»: Մի խոսքով, համարյա Օսկանյանի նման` Իվանիշվիլին փորձեց «սխալ թարգմանության» վրա գցել: Սակայն ինչպես իր քաղաքական կնքահոր երկրում են ասում` Ռ պՋց տՏվÿՑվՏ, որ Իվանիշվիլու արդարացումը հարկադրված էր (կամ էլ ծրագրված), եւ նա իրականում ասել է նման բան: Քանզի անհեթեթություն է կարծել, որ Վրաստանի առաջնորդի դերին հավակնող Իվանիշվիլին ինքն իրեն այն աստիճանի լուրջ չի վերաբերվում, որ տպագրելուց առաջ չի ծանոթանում իր տված հարցազրույցի վերծանված տարբերակին: Բայց այստեղ հիմնական նրբությունն այն է, որ անգլիատառ պարբերականը ռուսական է` այդտեղից բխող կամ ավելի ճիշտ` ծագող բոլոր  մոտիվացիաներով: Եւ գրեթե կասկածից դուրս է, որ Վրաստանը ԱՄՆ-ից  կտրելու նպատակով Իվանիշվիլուն իշխանության բերած Ռուսաստանն արդեն իսկ ձեռնամուխ է եղել այդ երկրի` ներսից պայթեցման գործընթացին՝ հերթական անգամ դա փորձելով անել հայերի միջոցով: Սակայն հավանաբար Իվանիշվիլուն հենց Վրաստանի ներսում հստակ հասկացրել են, որ գոնե առայժմ նրան թույլ չի տրվի դա անել: Ամեն դեպքում, կատարվածը շատ լուրջ, եւ ըստ ամենայնի, ծրագրավորված մարտահրավեր է` ուղղված առաջին հերթին Վրաստանին, սակայն ոչ պակաս` նաեւ Հայաստանին: Ու ինչքան էլ Բիձինան արդարանա` փորձելով հաճոյախոսել հայերի ու հրեաների անսովոր ունակությունները, ինչպես հրեական հայտնի անեկդոտում է ասվում` «նստվածքը, մեկ է, մնաց»: Ու այն ընդմիշտ վերացնելու համար հայկական կողմը պետք է շատ հստակ, չոր եւ սպառիչ կերպով բացատրի նորաթուխ քաղաքական գործչին, որ Վրաստանի հայերն ապրում են իրենց հայրենիքում` Ջավախքում:




Լրահոս