ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՎԵԴԻՆ «ԻՐԵՆՈՎ» Է ԱՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի խմբագրություն զանգահարած Վեդի քաղաքի բնակիչները պատմեցին, որ Վեդու քաղաքապետ Վարուժան Բարսեղյանն արդեն ամբողջությամբ սեփականաշնորհել է քաղաքը: Նրանց ներկայացմամբ`Բարսեղյանն իր պաշտոնավարման տարիների ընթացքում կարողացել է այնպես անել, որ Վեդիում գոյություն ունեցող գրեթե բոլոր հողատարածքներն ու շինություններն իր ու կնոջ սեփականությունը դառնան: Մեր զրուցակիցները վստահեցրին, որ եթե այդպես շարունակվի, ապա Բարսեղյանն այնպես կանի, որ Վեդին ամբողջությամբ «իրենը» կդառնա:
«Նախ ասենք, թե քաղաքապետ լինելու տարիներին Բարսեղյանն ինչեր ա սեփականաշնորհել կա՛մ իր անունով, կա՛մ իր կնոջ, կա՛մ էլ իր դատավոր եղբոր՝ Արտակ Բարսեղյանի անունով: Քանի որ Բարսեղյանի եղբայրը Վճռաբեկ դատարանի դատավոր ա, ուրեմն ինքը, իր թիկունքը պինդ զգալով, էս տարիներին ինչ ուզել արել ա: Վեդու քաղաքապետին ա պատկանում «Դավիթ-Բեկի» պատմամշակութային քարանձավի 5 հեկտար հողատարածքը, որը վերջերս է գնել: Դաշտաքարի մոտ գտնվող մի գազալցակայան ունի, որի մասին ամբողջ Վեդին գիտի, Բարսեղյանը շրջկոոպի ամբողջ պահեստներն իրենով է արել, էնտեղ եվրոպատուհաններ ու թիթեղներ են արտադրում, որն անգամ հարկային դաշտում գրանցված չէ»,-ներկայացնելով Վեդու քաղաքապետի ունեցվածքը` թվարկեցին քաղաքի բնակիչները:
Բացի այդ, նրանց հավաստմամբ՝ Վեդիում կան շատ տարածքներ, որոնք քաղաքապետին են պատկանում, սակայն նրա անունով գրանցված չեն: Քաղաքապետն այդ տարածքները գրանցել է իր կնոջ՝ Աիդա Բարսեղյանի անունով: Մեր զրուցակիցները նշեցին, որ քաղաքապետն այդ ամենն  անում է շատ «թաքնված» ձեւով` «շառից-փորձանքից» հեռու մնալու համար, սակայն ամբողջ Վեդին արդեն տեղյակ է, թե հատկապես որ տարածքներն են Բարսեղյանի տնօրինության տակ գտնվում. «Գիտենք, որ նախկին «Ունիվերմակ»-ի տարածքն իրեն է վերցրել, մի մասը, ինչքան տեղյակ ենք, վաճառել ա:  Իրան ա պատկանում «Դեմեր» կոչվող հողատարածքը, որն ինքը վերցրել ա, խնձորի ու խաղողի այգիներ ա սարքել: Ասե՛ք, որ էդ հողատարածքները ինքը խլել ա  վեդիցիներից»:
Վեդիցիները վրդովված ասացին, որ Վարուժան Բարսեղյանը վերջերս գնել է նաեւ Վեդու կենտրոնական ավտոկանգառները, որոնք պետական նշանակություն ունեցող տարածքներ են: Բարսեղյանն այդ տարածքների որոշ մասն էլ նվիրել է իր սանիկներից մեկին: Որպես բարեհոգի ամուսին՝ քաղաքապետը նաեւ Վեդիում գտնվող սպորտդպրոցին կից մի տարածք է գնել եւ նվիրել կնոջը` որպես սրճարանի տարածք: Դրանից բացի, Բարսեղյան եղբայրները վերջերս «իրենցով» են արել Վեդու նախկին նկարչական շենքի մի հատվածը:
Մեզ հետ զրույցում վեդիցիներն անընդհատ նշում էին, որ Բարսեղյանն իր ղեկավարման տարիներին, բացի քաղաքը «թալանելուց», ուրիշ ոչինչ չի արել. «Քաղաքը աղբի մեջ կորած ա, գոնե մի անգամ դրա մասին մտածի քաղաքապետը, ոչ թե մենակ մտածի, թե որ տարածքները կարելի ա սեփականաշնորհել»:
«Ժողովուրդ»-ը զրուցեց  Վարուժան Բարսեղյանի հետ` պարզելու, թե իրականում որ տարածքներն են քաղաքապետին պատկանում: Վերջինս շատ վրդովվեց` լսելով, որ վեդիցիները նման բողոք են ներկայացրել: ««Դավիթ-Բեկ»-ի պատմամշակութային տարածքներում հնարավոր չէ օտարում կազմակերպել, նման տարածքները օտարման ենթակա չեն, ես նման խնդրից տեղյակ չեմ, ես այդտեղ որեւէ հող չունեմ: Գազի լցակայան, ասենք, էտի 7-8 տարի ա՝ արդեն ունեմ, էտի ընգերովի գործ ա, ես ինչի՞ պիտի ասեմ, թե ովքեր են մյուս փայատերերը, ասենք` իմ կինն ա  փայատերը, ասենք` 25 տոկոս»:
Մեր այն դիտարկմանը, թե Վեդու բնակիչները փաստում են, որ նա ու իր ընտանիքը ամբողջ քաղաքը «սեփականաշնորհել» են, Բարսեղյանը վրդովված հակադարձեց. «Ես Ձեզ պարզ  ասում եմ, դա խաբեություն է, նման բան չկա, այդ ամենն ասողն ընդամենը խաբեբա սրիկայա, որն ընդամենը խաբեությամբ է զբաղվում: Այսինքն՝ ես ոչինչ չպտի ունենամ, հա՞, էս երկրի մեջ, Վեդիում շատ բաներ կան, կարո՞ղ ա ասեն` սաղ իմն ա»: Բարսեղյանը վստահեցրեց, որ վերը հիշատակված տարածքների հետ ինքը որեւէ առնչություն չունի. «Ախր ես էդ մարդուն սրիկա եմ համարում, բարոյազուրկ տականք ա էդ մարդը, որ նման բաներ ա ասել, ի՞նչ կանգառների մասին է խոսքը, սպորտդպրոցին հարող տարածքը, այո՛, իմ կնոջ անունով է, դա ես ընդունեցի, մնացածը սուտ տեղեկություններ են»:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս