ՀՀ պետբյուջեին դեղորայքի շուկայում տեղի ունեցողի հետեւանքով տարեկան միջինը հասցվում է 1,5 մլրդ դրամի վնաս: Այս փաստը բացահայտվել է այն բանից հետո, երբ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) ուսումնասիրություններ է իրականացրել այդ շուկայում:
Մարզերի ու Երեւանի 134 հիվանդանոցներում, որտեղ կատարվել են ուսումնասիրությունները, պարզվել է հետեւյալը՝ այդ 134 բուժհաստատություններից շուրջ 100-ում անհրաժեշտ դեղորայքը ձեռք է բերվել առանց որեւէ մրցույթ անցկացնելու: Բուժհաստատությունների ղեկավարները պատճառաբանել են, որ իրենք տեղյակ չեն եղել օրենքին: Պարզվել է նաեւ, որ դեղորայքը ձեռք է բերվել մի քանի անգամ բարձր գնով, բացի այդ՝ քաղաքացիներին հստակ ուղղորդել են, թե որտեղից գնել դեղորայքը: Մրցույթներ չհայտարարելու հետեւանքով հիվանդանոցները դեղերը ձեռք են բերել շուկայականից 3-ից 6 անգամ բարձր գներով:
Օրինակ` սրտանոթային հիվանդությունների բուժման համար նախատեսված «Ամլոդիպին» դեղամիջոցի գինը 850 դրամ է, մինչդեռ հիվանդանոցն այն ձեռք է բերել 4800 դրամով: Անհավանական է, բայց՝ փաստ: Ամենաշատ խախտումները հայտնաբերվել են Երեւանում եւ Շիրակի ու Լոռու մարզերում: Այդ բուժհաստատությունների թվին են պատկանում՝ «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ն, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը, «Նորք-Մարաշ» սրտաբանական կենտրոնը, ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոն-ը, «Քանաքեռ-Զեյթուն» բ/կ-ն, «Աբովյան» բ/կ-ն, «Աբովյանի ծննդատուն» պետական ՓԲԸ-ն, ՀՀ ԱՆ հակատուբերկուլյոզային դիսպանսերը, «Հատուկ պոլիկլինիկա» ՓԲԸ-ն, ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնը, «Նաիրի» բ/կ ՓԲԸ-ն, Գյումրու հակատուբերկուլյոզային դիսպանսերը, «Արարատի հիվանդանոց» բ/կ-ն, Նորագավիթի պոլիկլինիկան եւ այլն:
«Հայտնաբերված խախտումները վերաբերում են ոչ միայն դեղերին, այլեւ բժշկական սարքավորումներին: Հնարավոր է, որ դեղերի գումարը տեղայնացված լինի այլ նպատակով՝ գինեկոլոգիական կամ ատամնաբուժական աթոռ գնելու համար»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում պարզաբանեց ՏՄՊՊՀ խոսնակ Գայանե Սահակյանը: Վերջինս նաեւ տեղեկացրեց, որ 1,5 մլրդ դրամի վնասը հասցվել է 2011թ. ընթացքում: Հիշեցնենք, որ ՏՄՊՊՀ-ն ոլորտի ուսումնասիրության առաջին փուլի արդյունքներն ամփոփել էր հունիս ամսին եւ դեղերի ներկրմամբ ու իրացմամբ զբաղվող «Նատալի ֆարմ» ընկերությանը տուգանել 50 մլն դրամով: Իսկ այս անգամ հայտնաբերված փաստի առթիվ ՏՄՊՊՀ-ն դիմել է ՀՀ դատախազություն: «Նաեւ եղել են դեպքեր, երբ հիվանդանոցի տնօրենը մշտապես դեղեր է գնել մի դեղատնից, որը պատկանել է իր որդուն: Դա տեղի է ունեցել Լոռու մարզի Ալավերդի քաղաքում: Այդ հիվանդանոցի տնօրենի մոտ անապահով, կարիքավոր հիվանդներ են գնացել, որոնց դեղերը պետությունն անվճար է տրամադրում: Այնինչ տնօրենը հիվանդներին ուղարկել է իր որդու դեղատուն: Իսկ երբ պետությունը գնված դեղերի գումարը վճարել է հիվանդանոցին, տնօրենը դրա մի մասը տվել է որդուն»,-ներկայացրեց խոսնակը:
Մեկնաբանությունների համար դիմեցինք «Քանաքեռ-Զեյթուն» բ/կ-ի տնօրեն Հայկ Պետրոսյանին. «Հանձնաժողովից առաջ էի ես բացահայտել, որ նման խախտումներ են եղել, եւ այդ մասին իմ վերադասներին էի բարձրաձայնել: Այդ խախտումները եղել են ինձանից առաջ: Իսկ այդ ժամանակ տնօրենը Գագիկ Ստամբուլցյանն է եղել»:
Իսկ Նորագավիթի պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ Ռուզաննա Ադամյանը մեզ հետ զրույցում բացատրեց. «Այն, որ ես տենդերով չեմ աշխատում, օրինական է: Քանի որ իմ՝ մեկ միավոր փաթեթի արժեքը 1 մլն դրամից չի գերազանցում, եւ այդ նույն սկզբունքով աշխատում են բոլոր մյուս պոլիկլինիկաները: Այդ խախտումները նախկին գլխավոր բժշկի կնքած պայմանագրից էին: Ես դրանց հետ կապ չունեմ»:
ԿԱՄԱՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ