Մարդ պիտի տուն առնելիս էլ բախտ ունենա: Երեւանի բնակիչ Հրեղեն Խաչատրյանին այդ բախտը դեռ չի ժպտում: Նա ցանկացել է տղայից գաղտնի տուն գնել՝ «սյուրպրիզ» անել թոռնիկին, բայց հայտնվել է «բերմունդյան եռանկյունում», որտեղ երեւում է, թե ուր են գնացել Հրեղենի 35 միլիոնը, ինչ նպատակով, սակայն հենց փողը հասել է տեղ, սկսվել է խորհրդավոր մի շրջապտույտ՝ գործընթաց, որտեղ շրջանառվում են պաշտոնյաների հարազատների անուններ, քրգործեր, իսկ «տուժողի» կարգավիճակում առայժմ Հ. Խաչատրյանն է…
Տիկին Խաչատրյանը, որը տուն է գնել ու չի կարողանում տնօրինել իր բնակարանը, հուսահատված դիմել է «Ժողովուրդ» թերթի խմբագրություն եւ պատմել, որ 2011թ. մարտին Վահան Նադարյանից 35.000.000 դրամով, նոտարական կարգով բնակարան է գնել Երեւանում եւ հենց Կենտրոն նոտարական գրասենյակում էլ առձեռն ամբողջ գումարը տվել Վ. Նադարյանին: Վերջինս առքուվաճառքի պայմանագրի վրա գրել է՝ ստացա 35 մլն դրամ: Այնուհետեւ այդ պայմանագիրը գրանցվել է պետական կադաստրի կոմիտեի կողմից, եւ տրվել է սեփականության իրավունքի վկայական: Հ. Խաչատրյանի պատմելով՝ տունը գնելուց հետո Վահանն իրեն խնդրել է թույլ տալ մի քիչ էլ մնալ այդ տանը, մինչեւ իր գնած հողակտորում տուն կառուցի եւ շուտ տեղափոխվի: Տիկին Հրեղենը չի մերժել:
Անցել է 9 ամիս, սակայն Վահանը չի ազատել բնակարանը եւ կրկին ժամանակ է խնդրել՝ պնդելով, որ նոտարական կարգով վարձակալության պայմանագիր կնքեն, որ ամեն ինչ «լուրջ լինի»: Տիկին Խաչատրյանը համաձայնել եւ 2011-ի դեկտեմբերի 24-ին Վահանի հետ կնքել է վարձակալական պայմանագիր 6 ամիս ժամկետով, եւ կադաստրը տվել է վարձակալության վկայական: Այդ Ժամկետը լրանալուց հետո Վ. Նադարյանը 3 անգամ նախազգուշացվել է բնակարանն ազատելու մասին, սակայն չի ազատել: Եւ Հ. Խաչատրյանը ստիպված դիմել է ոստիկանության Կենտրոնի բաժին, որպեսզի ոստիկանությունը Վ. Նադարյանին վտարի բնակարանից, քանի որ խախտվել է իր սեփականության իրավունքը:
Ոստիկանությունը սկսել է վտարման աշխատանքները, «…սակայն նույն օրը Վ. Նադարյանը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն դիմում է ներկայացրել, որի հիման վրա էլ դատախազությունից (Կենտրոնի դատախազ Գ. Խաչիկյանից) ստացվել է համապատասխան ցուցում ոստիկանության կողմից վտարման գործողությունները դադարեցնելու մասին…»:
Թե ինչու է «մատներից հոտ քաշելով» Կենտրոնի դատախազը կասեցրել վտարումը, փորձեցինք պարզել ՀՀ գլխավոր դատախազությունից: Գլխավոր դատախազի մամլո քարտուղար Սոնա Տռուզյանը հետեւյալ գրությամբ պատասխանեց. «Երեւան քաղաքի բնակիչ Վահան Հայկի Նադարյանը, վարչական շրջանների դատախազությանը դիմելով, հայտնել է, որ 2011թ. ապրիլի 8-ին յուրաքանչյուր ամիս 5 % հավելավճար տալու պայմանով Գ. Համբարձումյանից վերցրել է 80.000 ԱՄՆ դոլար գումար, իսկ որպես մայր գումարի եւ տոկոսների վերադարձման երաշխիք՝ իր սեփականությունը հանդիսացող` Երեւանի Վարդանանց փողոցի 5ա շենքի թիվ 3 բնակարանը առքուվաճառքի պայմանագրի հիման վրա ձեւակերպել է Գ. Համբարձումյանի մոր անվամբ: Հայտնել է նաեւ, որ իր եւ Գ. Համբարձումյանի միջեւ առկա է գումարի պահանջի եւ գույքի վերադարձման վեճ, որը ոչ թե լուծվում է օրենքով սահմանված կարգով` դատարանի ու ԴԱՀԿ մարմնի միջոցով, այլ նշված հարցի լուծումը ստանձնել են ոստիկանության կենտրոնականի բաժնի ոստիկանները՝ պահանջելով իրենից ազատել բնակարանը: Նկատի ունենալով, որ կողմերի միջեւ առկա է քաղաքացիաիրավական բնույթի վեճ, որի լուծումը դուրս է ե՛ւ դատախազության, ե՛ւ ոստիկանության մարմինների լիազորություններից եւ ենթակա է լուծման բացառապես դատական կարգով, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազը դիմել է ՀՀ ոստիկանության կենտրոնական բաժնի պետին՝ զերծ մնալ ՀՀ Սահմանադրության 24-րդ եւ 31-րդ հոդվածներով նախատեսված անձի բնակարանի անձեռնմխելիության եւ սեփականությունից զրկելու իրավունքը խախտելուց»:
Դատախազի տված պատասխանից առնվազն պաշտոնական անգործության հոդվածի կիրառման անհրաժեշտություն է առաջանում հենց իր նկատմամբ: Ինչո՞ւ, բացատրենք: Եթե իսկապես Վահանի բացատրությունն արժանահավատ է, ուրեմն բնակարանը գնած Հրեղենի տղա Գագիկ Համբարձումյանը վաշխառության մեղադրանքով արդեն պետք է դատապարտված լիներ: Սակայն իրավապահները, ձեռքները ծալած, նստել են: Իսկ տիկին Հրեղենի բացատրությամբ էլ՝ իր որդին չի իմացել տուն գնելու մասին, չի ճանաչել Վահանին եւ չէր կարող տոկոսով կամ որեւէ այլ գումար տալ նրան: Տիկին Հրեղենն ասաց, որ ինքն է պատին փակցված հայտարարությունից իմացել վաճառվող տան մասին, տեսել է, հավանել ու գնել, որպեսզի որդուն եւ թոռնիկին անակնկալ մատուցի, բայց անակնկալը, փաստորեն, վատը ստացվեց…
Ի դեպ, վերջին շրջանում նման պատմությունները կրկնվող բնույթ ունեն: «Ժողովուրդ»-ը արդեն տարաբնույթ ահազանգեր է ստացել, որ ՀՀ քաղաքացին օրինական կարգով, նոտարով հաստատված վկայականով տուն է գնել, սակայն բնակարանատերը դուրս չի գալիս տանից: Ու երբ գնորդը պահանջ է ներկայացնում, վաճառողը սպառնում է, թե «կգնամ ոստիկանությունում կգրեմ, որ ինձ «տոկոսով փող ես տվել, ու քեզ կդատեն»: Տիկին Հրեղենի հետ կատարվածը ընդամենը մի դեպք է: Հուսանք, որ Օսկանյանին «դարի հանցագործ» դարձրած ՀՀ գլխավոր դատախազը կշրջվի կողքի եւ կփորձի բացահայտել՝ իր ենթակա դատախազը ո՞ր պաշտոնյայից ստացված հեռախոսազանգից հետո է տիկին Հրեղենի տունն ազատելու գործընթացը կասեցրել:
Մենք դեռ կանդրադառնանք այս թեմային՝ բացահայտելով մյուս բոլոր պաշտոնյաների ու նրանց զավակների անունները, որոնք զբաղված են խաբեությամբ:
ՀՐԵՂԵՆԻՆ ԻՐ ՏՈՒՆ ՉԵՆ ԹՈՂՆՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ