Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների փողոցի թիվ 72 շենքի բնակիչները երբեւէ առիթ չեն ունեցել համոզվելու, որ Հայաստանի անկախ հանրապետությունում երբեւէ իշխանություն է եղել. լինի դա տեղական, թե հանրապետական մակարդակով:
«Ով գալիս է, էլի մեր բակը մնում է նույն վիճակում, մենակ հավաքվող փողն են ավելացրել, իսկ սայլը տեղից չի շարժվել,-«Ժողովուրդ»-ին զայրացած պատմեց բակի բնակիչ 82-ամյա Մարուս տատը՝ հավելելով,-Լեւոն Տեր-Պետրոսյանի ցուրտ ու մութ տարիներից մեր շենքի մուտքի դուռը գողացան, տարան, վառեցին, ու մինչեւ այսօր մեր մուտքը մնացել է առանց դուռ ու լուսամուտ: Համատիրության ղեկավարը մի օր չի եկել տեսնի, թե ինչ է կատարվում բակում»: Փոխարենը ակտիվորեն հավաքվում են անհրաժեշտ բոլոր վարձավճարները:
«Մի անտեր ու դուս թոշակ ենք ստանում, էն էլ հլը չստացած՝ մի աղջիկ է գալիս ու սկսում փող հավաքել: Ինչքա՞ն կարելի է փող հավաքել ու ոչինչ չանել,-բարկացած պատմեց տատը եւ նկատելով շենքի բակում հավաքված երիտասարդներին՝ սկսեց բարկանալ նաեւ նրանց վրա,-ամեն օր պուլպուլակի մոտ գալիս են ինչ-որ տղաներ, իրենց մեքենաներն են լվում ու բակը վերածում աղբանոցի»: Այստեղ նրան ընդմիջեցին երիտասարդները. «Ա՛յ Մարուս տատի, ի՞նչ ես անիմաստ բաներ ասում: Պուլպուլակը փչացել է, տակից է ջուրը գնում, ու դա կապ չունի մեքենաների լվացման հետ»:
Նկատենք, որ իսկապես ցայտաղբյուրի տարածքում վնասված խողովակը ողջ բակը եւ փողոցն ապահովում է մշտական ցեխով: Ու եթե դրան ավելացնենք այն փաստը, որ շենքի բակը լուսավորված չէ, պատկերն առավել ամբողջական կլինի: Նկատենք, որ բնակիչներն են իրենց դռան առաջ «լույս քաշել», որ կարողանան գիշերվա ժամերին դուրս ու ներս անել: Թե ինչու է անգործության մատնված համատիրությունը, «Ժողովուրդ»-ին եւս չհաջողվեց պարզել: Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների փողոցի համատիրության ղեկավարին եւ աշխատակիցներին ուղղված մեր հեռախոսազանգերն այդպես էլ մնացին անպատասխան: Հուսանք՝ վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանը գոնե կարձագանքի մեր հրապարակմանը՝ վերջ դնելով այդ զզվելի տեսարանին:
90-ԱԿԱՆՆԵՐԻՑ ՄՈՒՏՔԻ ԴՈՒՌ ՉՈՒՆԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ