ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ԴԻՆՈԶԱՎՐ
«Հարավային Աֆրիկայում գիտնականները յուրօրինակ դինոզավրի մնացորդներ են հայտնաբերել, որոնք միաժամանակ հիշեցնում են ե՛ւ թռչնի, ե՛ւ վամպիրի, ե՛ւ մացառախոզի»,-գրում է BBC-ն: Դինոզավրը տնային կատվի չափ է եղել եւ երկրի երեսին ապրել 100-200 միլիոն տարի առաջ: Նա ունեցել է կեռ կտուց, երկու մագիլներ եւ ուժեղ ատամներ: Նրա մազածածկույթը երկար ասեղներից է բաղկացած եղել, ինչպիսին ունի մացառախոզը: Գիտնականները բրածո կենդանուն անվանակոչել են Pegomastax africanus, որը նշանակում է «հաստ աֆրիկյան ծնոտ»:
ԱՌՑԱՆՑ ԾՆՆԴԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ
«Իրաքում ծառայող ամերիկացի զինվորը Skype-ով հետեւել է ԱՄՆ-ում իր երկվորյակների ծննդին»,-գրում է Yahoo News-ը: Զինծառայողի կինը ծննդաբերել է Մոնտանա նահանգի Ուայթֆիշ քաղաքի հիվանդանոցում: Կինը նախքան ծննդաբերությունը շատ է անհանգստացել, թե հիվանդանոցի ղեկավարությունը կարող է թույլ չտալ Skype-ով ծննդաբերությունը: Նա ասել է, թե չի լսել, որ նախկինում որեւէ մեկը նման բան արած լինի, եւ հուսով է, որ իր առցանց ծննդաբերությունը նախադեպ կդառնա:
ԹՂԹԵ ՄԱՐՏԿՈՑՆԵՐ
Գիտնականները մշակել են թղթի հատուկ տեսակ, որն ընդունակ է էլեկտրաէներգիա կուտակել: Նման թղթի համար հիմք է սովորական ցելյուլոզան, որը պարունակում է ածխածնային նանոխողովակներ, որոնք ծառայում են որպես էլեկտրոդներ: Բացի այդ, կիրառվում է նաեւ աղային լուծույթով հագեցած նյութ, որը հանդես է գալիս էլեկտրոլիտի դերով: Նոր մարտկոցը լիցքավորելու համար անհրաժեշտ է այն միացնել էլեկտրական հոսանքի աղբյուրին, որից հետո այն կդառնա էներգիայի աղբյուր: Թղթե մարտկոցներն ավելի թեթեւ են եւ տնտեսող:
6 ՏԱՐԻ ՇԱՐՈՒՆԱԿ
54-ամյա չինացին ոչ մի կերպ չի կարողանում բաժանվել մահացած որդու դիակից, այդ իսկ պատճառով արդեն 6 տարի պահում է նրա դին իր տան մեջ` սառնարանում: Նա նույնիսկ գնել է հատուկ գեներատոր, որպեսզի հոսանքազրկման հետեւանքով չխաթարվի սառնարանի աշխատանքը: Չինացու խոսքով՝ այդպես նա իրեն առավել մոտ է զգում որդուն, եւ տպավորություն է ստեղծվում, թե նա լսում է իրենց: