ՔԵՖՉԻՆԵՐԻ ԽՐԱԽՃԱՆՔԸ ԲԱԿԵՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց պողոտայի 22/2 հասցեում բաժակով օղի են վաճառում: Բակը լցված է հարբեցողներով, իսկ բնակիչները կորցրել են  իրենց քունն  ու հանգիստը:
“Ժողովուրդ”-ի խմբագրություն ահազանգած բնակիչը, որը հարգելի պատճառներով չցանկացավ ներկայանալ, խնդրեց օգնել ,ազատելուե իրենց բակը հարբած տղամարդկանց ամբոխից: “Մի փոքրիկ բուտկա կա մեր բակում, եւ տարեցները գալիս են, բաժակով օղի են գնում ու սկսում բարձր-բարձր խոսել, ինչ-որ պատմություններ պատմել, հայհոյել: Խնդրում ենք՝ օգնե՛ք մեզ, մաքրե՛ք մեր բակն այդ հարբեցողների հավաքատեղիից: Արդեն անհնար է այսպես”,-ասաց քաղաքացին՝ հավելելով, որ ստեղծված իրավիճակի պատճառով անգամ շենքի կողքով անցնելը կամ առհասարակ մուտք մտնելը դարձել է վտանգավոր: 
Գնացինք վայր եւ հավաքված տարեցներից հետաքրքրվեցինք, թե որտեղից կարելի է բաժակով օղի գնել: Բակի սանտեխնիկ 62-ամյա Ջանո ջան Գալստյանն առաջարկեց օղի, ավելին, նույնիսկ հոգեպահուստ մաճառ էլ ուներ: “Դե գալիս եմ, իմ գործն եմ անում, մարդկանց տեխնիկան եմ վերանորոգում: Երբեմն էլ իմ ընկերների հետ օղի եմ խմում, բայց ոչ վաճառում”,-ասաց Ջանո ջանը` հավելելով, թե ամոթ չէ՞, որ մարդկանց բաժակով օղի վաճառի: Նրա պարզաբանմամբ` բակում կան մարդիկ, որոնք ծնվել են միայն բողոքելու համար: “Բայց եթե ես էլ վաճառեի, վախենալու բան չէի ունենա: Մենք տղերքով երեկոյան 9-ից հետո հավաքվում ենք, մարդա մի բաժակ բան ենք խմում ու գնում տներով: Էդ ի՜նչ մի բողոք է, որ փրկելու են կանչում”,-ասաց նա՝ ցույց տալով դեռ երեկվանից մնացած կիսատ օղու շիշը: 
Այդ ընթացքում բնակիչներից շատերը վախվորած նայում էին պատուհաններից եւ չցանկացան որեւէ մեկնաբանություն տալ: 22/2 հասցեում բնակվողներից մեկը, որը հիասթափված ազատամարտիկ ներկայացավ, պարզաբանեց, թե իրենց բակում նման բան իսկապես կա: “Բայց մեղավորը ոչ թե օղի վաճառողն է կամ բակի մշտական հարբեցողները, այլ երկիրը: Այնպիսի երկրում ենք ապրում, որ մարդիկ ամեն քայլի գնում են: Հիասթափված մարդ է, լավ է անում, վաճառում է, թող լավ աշխատատեղեր ստեղծեն, մարդկանց լավ պայմաններ ապահովեն, որ մարդն իր երեխային պահելու համար բաժակով օղի չվաճառի”,-դժգոհեց միջին տարիքի տղամարդը՝ այդպես էլ չբացահայտելով, թե, ի վերջո, ով է բակում հարբեցնում տղամարդկանց: “Աշխարհում մեռնել կա: Մարդու անունը տամ՝ իրեն էլ վաճառեմ, ի՞նձ էլ: Տենց բան չեմ անի”,-ասաց նա:
Այսպիսով՝ ինչպես շատ դեպքերում, շենգավիթցիները եւս մի կողմից դժգոհում են, մյուս կողմից համարձակություն չեն դրսեւորում՝ բարձրաձայնելու այդ մասին: 
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

“Ժողովուրդ” օրաթերթ 05.10.12




Լրահոս