Անպարտելի դատավորներն ընդդեմ ՃՈ-ի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավորները, օգտագործելով իրենց մասնագիտական հմտությունները, կարողանում են գործել ճանապարհային ոստիկանության դեմ: Նրանք հակընդդեմ հայցերով հասնում են այն բանին, որ կա՛մ տուգանքների բռնագանձման պահանջով դատարան դիմած ՃՈ-ն հետ է վերցնում իր հայցը, կա՛մ էլ վերանայում է այն: Փաստորեն, դատավորները բավականին մեծ վարպետություն են դրսեւորում` խախտված իրավունքների վերականգնման հարցում, ափսոս որ, այդ ջանասիրությունը դրսեւորվում է գերազանցապես սեփական իրավունքների դեպքում:

«Ժողովուրդ»-ը դեռեւս 2014թ գրել էր, որ սեպտեմբերի 1-ին ՀՀ ճանապարհային ոստիկանությունը դիմել էր դատարան՝ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանից 25 հազար դրամ գումար բռնագանձելու պահանջով: Սակայն դատավոր Նախշուն Տավարացյանն էլ իր հերթին էր հակընդդեմ հայց ներկայացրել ճանապարհային ոստիկանության դեմ՝ տուգանքը գանձելուն ուղղված գործողություններն անօրինական ճանաչելու պահանջով: Դատավորին վրդովեցրել էր այն հանգամանքը, որ անգամ 25.000 դրամի համար արգելանք էր դրվել իր հաշիվների վրա: Ավելին՝ մեզ հետ զրույցում դատավորը ճանապարհային ոստիկանությանն առաջարկել էր հրաժարվել հայցից:
Դատավորի եւ ոստիկանության վեճի հանգուցալուծումը:

Պարզեցինք, որ ՀՀ վարչական դատարանում վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանը հայտնել է, որ ՀՀ ճանապարհային ոստիկանությունն իր տուգանքի մասին որոշումն ուղարկել է այն հասցեով, որտեղ ինքը 2009 թվականից չի բնակվում: Ըստ դատավորի` չնայած այս ամենին, որոշումն ստանալուց հետո 30-օրյա ժամկետում ինքը կատարել է ՃՈ պահանջը, ուստի հաշվի առնելով այս հանգամանքը՝ բացակայում է տուգանքի գումարի չափը հնգապատկելու հիմքը: Արդյունքում, ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչ Վարդանյանը, լսելով դատավորի պատճառաբանությունը, 2014 դեկտեմբերի 17-ին նոր դիմում է ներկայացրել դատարան` պահանջելով դատավորից 25.000 դրամի փոխարեն բռնագանձել 10.000 դրամ:

Թվում էր, թե դատավորը գոնե այդ դեպքում կմեղմանա եւ կկատարի ՃՈ պահանջը, սակայն պարզվում է` ավելի ուշ՝ 2015թ հունվարի 22-ին, ճանապարհային ոստիկանությունը հրաժարվել է իր հայցից: Իսկ ինչ էր մնում այս գործը քննող դատավոր Ա. Դարբինյանին, ոչ ավել, ոչ պակաս` կարճել գործը:

Նկատենք, որ սա միակը դեպքը չէ, երբ դատավորը կարողանում է փակուղի մտցնել ճանապարհային ոստիկանությանը:

Հայտնի դատավորի տուգանքները

Պարզվում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը եւս հայտնվել է ճանապարհային ոստիկանության ուշադրության կենտրոնում: Տեղեկացանք, որ 2013 հոկտեմբերի 7-ին ճանապարհային ոստիկանությունը դիմել է ՀՀ վարչական դատարան` պահանջելով դատավոր Մխիթար Պապոյանից բռնագանձել 150.000 դրամ: Մխիթար Պապոյանն էլ իր հերթին է հակընդդեմ հայց ներկայացրել դատարան` ՃՈ գործողությունները համարելով ոչ իրավաչափ: Դատավոր Պապոյանը դատարանում հայտնել է, թե ճանապարհային ոստիկանությունն իր տուգանքի մասին որոշումն ուղարկել է այն հասցեով, որտեղ ինքը չի բնակվում, ուստի որոշումն ստացել է այլ անձ: Դատավոր Ա. Հարությունյանը լսելով կողմերին՝ հասկացել է, որ դատավորի մեղքի բաժինը կատարվածում չկա: Ուստի ՀՀ ճանապարհային ոստիկանության հայցն ընդդեմ Մխիթար Պապոյանի՝ 150.000 դրամ գումար բռնագանձելու պահանջի մասին, մերժվել է, իսկ Պապոյանի կողմից ներկայացված հակընդդեմ հայցը` բավարարվել:

Սա դեռ վերջը չէ: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2013թ Մխիթար Պապոյանը կրկին է հայտնվել ճանապարհային ոստիկանության ուշադրության կենտրոնում: 2013 թվականի դեկտեմբերի 9-ին ճանապարհային ոստիկանությունը, դիմելով ՀՀ վարչական դատարան, Միխթար Պապոյանից պահանջել է 50.000 դրամ:

Արդյունքում, Մխիթար Պապոյանը հերթական անգամ հակընդդեմ հայց է ներկայացրել ճանապարհային ոստիկանության դեմ, որն էլ ավելի ուշ ավարտվել է գործը կարճելով:

Եթե Մխիթար Պապոյանը կամ Նախշուն Տավարացյանը լինեին հասարակ քաղաքացիներ, դժվար թե դատարանում հաղթեին այնպես, ինչպես հիմա` դատավորի կարգավիճակում: Գաղտնիք չէ, որ շատ հաճախ հասարակ քաղաքացիների նկատմամբ հենց նույն՝ ՃՈ ներկայացրած հայցերը դատարանների կողմից բավարարվում են` չնայած դրա համար իրական հիմքերի ակնհայտ բացակայությանը:

Քնար Մանուկյան




Լրահոս