Թուրքերը հայտարարել են, թե ՀՀ ՊՆ և ԱԳՆ կայքերը հաքերային հարձակման են ենթարկվել. ինչպիսին է եղել վիճակը ապրիլի 22-24-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Այս տարի հաքերային հարձակումները հայկական կայքերի վրա ավելի քիչ են եղել, քան կարելի էր սպասել: Ի զարմանս մեզ` հանգիստ վիճակ էր»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Վերջինիս փոխանցմամբ` կիբերպատերազմի ոլորտում իր համար հաղթանակն այն է, որ հայկական կողմը լավ պատրաստված ու պաշտպանված էր:

Բանախոսն այս հանգամանքն ավելի լուրջ հաղթանակ համարեց, քան հակառակորդի վրա հարձակում կատարելը կլիներ: Ավելին, Ս. Մարտիրոսյանը հավելեց, որ ապրիլի 22-24-ն ընկած ժամանակահատվածում հայ հաքերներն ավելի ակտիվ են եղել, քան՝ թուրքերն ու ադրբեջանցիները:

Մեդիափորձագետն ընդգծեց, որ այդ օրերին թուրքերն ու ադրբեջանցիները խոշոր, միասնական ակցիա էին նախաձեռնել, սակայն այն տապալվեց աննկատ: «Այդ ընթացքում մոտ 250 մանր-մունր օտարամոլ կայքեր են կոտրվել, որտեղ տեղադրվել է հաղորդագրություն, թե հայերը ստում են»,- ասաց նա՝ հավելելով, այդ օրը կոտրվել է նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի պաշտոնական կայքը՝ Armgenocide100.org-ը, սակայն տեխնիկական թերությունների շտկումից հետո այն կարճ ժամանակահատվածում վերականգնվել է: «Դա թերևս այդ օրերի միակ լուրջ հարձակումը կարելի է համարել»,- ասաց նա:

Ակտիվ են եղել ադրբեջանցի հաքերները, ովքեր փորձել են հարձակումներ կատարել հիմնականում լրատվական կայքերի վրա, սակայն` անհաջող. «Թուրք հաքերները հայտարարեցին, թե այս ընթացքում կոտրվել են մի քանի լուրջ կայքեր, այդ թվում՝ ՀՀ պաշտպանության և ՀՀ ԱԳ նախարարության կայքերը, սակայն դա իրականությանը չի համապատասխանում: Իսկ հայկական կողմը եղել է բավականին ակտիվ ու ագրեսիվ, ինչի հետևանքում կոտրվել է մոտ 1000 թուրքական կայք»,- ասաց Ս. Մարտիրոսյանը` միաժամանակ նշելով, որ հայերը կոտրել են մի կայք, որը ստեղծվել էր հատուկ թուրքական քարոզչություն իրականացնելու համար: Հապճեպ ստեղծված այդ կայքը՝ ժխտողական քարոզչություն էր իրականացնում:

Փորձագետը նկատեց, որ հաքերային պատերազմներում PR կոչվածը մեծ դեր է խաղում, ուստի` այս օրերին թուրքական ու ադրբեջանական հաքերները կեղծ հայտարարություններ են անում. «Հայկական հաքերային խմբերն այս անգամ բավական ագրեսիվ էին գործում, մեզ զուգահեռ՝ բավական լուրջ էր աշխատում նաև մի սերբական հաքերային կազմակերպություն: Միջազգային կայքերը ևս հայանպաստ դիրքերում էին, իսկ ահա թուրքական քարոզչությունը բավականին ճգնաժամային վիճակում էր հայտնվել: Ընդհանուր առմամբ` մենք համացանցում այլևս վիճելու խնդիր չունենք, այնինչ մի քանի տարի առաջ խնդիր ունեինք ապացուցելու, որ 1915-ին ցեղասպանություն է տեղի ունեցել: Սառույցը կոտրվել է: Մենք այժմ խնդիր ունենք ցույց տալու միջազգային հանրությանը, որ պետք է ճանաչել անվիճելի պատմական իրողությունը»,- ասաց բանախոսը:

Սամվել Մարտիրոսյանը փաստեց, որ վերոնշյալ ժամանակահատվածում Google-ում «Որտեղ է Հայաստանը», «Հայոց ցեղասպանություն» բանալի բառերով որոնումներն ավելացել են 2-4 անգամ. «Թռիչքային աճ է տեղի ունեցել: Twitter-ում ևս Հայոց ցեղասպանության թեման այս օրերին թոփ թեմաների մեջ էր: Հայաստանի հանդեպ հետաքրքրությունը համացանցում աննախադեպ աճել է»:

Twitter-ի ողջ պատմության մեջ երկու-երեք անգամ է եղել, որ հայկական որևէ թեմա հայտնվել է քննարկման մեջ, բայց այս անգամ հայկական թեման top թեմաների մեջ էր՝ Գերմանիայի,  Ֆրանսիայի,  Իսրայելի և, ընդհանրապես, ամբողջ աշխարհի մակարդակով, ինչպես նաև` Ռուսաստանում թիվ մեկ թեման է եղել երկար ժամանակ:

«Ամենաանսպասելին այն էր, որ Թուրքիայում ևս Հայաստանը թիվ մեկ թեման էր: Այնտեղ ֆլեշմոբ սկսվեց, որով ներողություն էին խնդրում ցեղասպանության համար, և դա քննարկման ենթարկվեց: Հաջորդ օրը Հայոց ցեղասպանության հարցը դարձավ Թուրքիայում թիվ մեկ թեմա, հազվադեպ է լինում, որ մեկ  թեմա երկար ժամանակ մնում է քննարկման մեջ, իսկ այս թեման երկար մնաց»:

Ինչ վերաբերում է Google Doodle-ին, ապա նա ասաց,  Google-ում ողբերգական թեմաներ չեն լինում, սակայն ընկերությունը առաջին էջում տեղադրած սև ժապավենով լուծում տվեց, ինչը ևս շոշափելի ձեռքբերում կարելի է համարել: Պարզապես խնդիր այն է, որ սա սահմանափակ հանարավորությունն է տալիս, քանի որ այն հասանելի էր միայն .am-ի այցելուների համար:




Լրահոս