ՌՈՒԲԻԿԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՀԱՆՁՆԵԼ ԷՍՏԱՖԵԿՈ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ” ՊՈԱԿ-ի տնօրեն Նվեր Հովհաննիսյանի՝ հոկտեմբերի 3-ի ձերբակալությունից հետո ուշագրավ իրադարձություններ են ծավալվել Վարդենիսում: Հովհաննիսյանի ձերբակալության հենց հաջորդ օրը տեղական եւ հանրապետական մակարդակով իշխանիկները ցանկանում են իրենց հարազատ մարդուն տեղավորել տուն-ինտերնատի տնօրենի պաշտոնում:
Նշենք, որ Ն. Հովհաննիսյանի մի քանի հարազատներ պիկետ են կազմակերպել ոստիկանության Վարդենիսի բաժնի առջեւ՝ պահանջելով ազատ արձակել “անմեղ” Հովհաննիսյանին: Նրանք պատրաստվում են նաեւ գալ Երեւան՝ այստեղ շարունակելու բողոքի ակցիաները: Ըստ պլանավորված սցենարի՝ տուն-ինտերնատի աշխատակիցները պետք է ՀՀ կառավարության եւ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության առջեւ բղավեն, թե իրենց ղեկավարը հանցագործ չէ, պետք է նրան անհապաղ ազատ արձակել: 
Վարդենիսում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Ն. Հովհաննիսյանի “ոտքի տակը փորել են” տուն-ինտերնատի նախկին տնօրեն, ՀՀԿ Վարդենիսի կառույցի նախկին ղեկավար Սամվել Խաչատրյանը (մականունը՝ Խրյուշ) եւ գործող քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը՝ Խլոն: Ըստ այդմ, վերջինս պատրաստվում է հարազատ փեսային դարձնել տուն-ինտերնատի տնօրեն: Սակայն Վ. Խլոյանն իրեն հատուկ բառապաշարով հերքեց տեղեկությունը. “Էդ ով որ հանել ա դուրս, թող իրա գլուխը սատկի, չեն էլ ամաչում, տենց հերյուրանք են տարածում, էլ ինձ չզանգեք”:
Զրուցեցինք նաեւ Սամվել Խաչատրյանի հետ՝ պարզելու, թե հնարավոր է՝ նա կրկին ցանկանում է տուն-ինտերնատի տնօրեն դառնալ, դրա համար “բռնել տվեց” Հովհաննիսյանին. “Սարքելը ո՞րն է, իմ կարծիքով՝ այնտեղ թյուրիմացություն կլինի, ինչքան լսել եմ՝ ինչ-որ հիվանդների աշխատանքի հետ է կապված, կարծում եմ՝ դա էլ է թյուրիմացություն, դեռեւս փաստերն ուսումնասիրված չեն, դեռեւս սա պարզաբանված խնդիր չէ, այդտեղ ի՞նչ կա ինչ-որ բան սարքելու”:  Մեր զրուցակիցը նշեց, որ ինքը շատ է հարգում Նվեր Հովհաննիսյանին. “Իմ աշխատանքից դուրս գալուց հետո ի՞նչ կապ ուներ, թե ով կաշխատեր՝ ինքը, թե մեկ ուրիշը, հիմա ինքն է փոխարինել, այդտեղ ի՞նչ խնդիր կա: Ես էլ չարությամբ չեմ լցվել որեւէ մեկի նկատմամբ, ցավով չեմ տարել իմ գործից դուրս գալը”:
Այն, որ Վարդենիսի տուն-ինտերնատը ՀՀԿ-ի “որջն է”, վաղուց վարդենիսցիների համար գաղտնիք չէ: Տարբեր կուսակցականներ տարբեր ժամանակներում կարողացել են իրենց սոցիալ-տնտեսական վիճակը բարելավել հենց տուն-ինտերնատի միջոցով: Ու պատահական չէ, որ այդ կառույցում բացառապես ՀՀԿ-ականներ են իշխել:
Տեղեկացնենք, որ ՀՀԿ-ական, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի հարազատ հորեղբորորդին Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի տնօրենի տեղակալն է: Ու հիմա Կ. Ավագյանը նպատակ ունի նրան տնօրեն ,կարգելե՝ թեկուզ ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով:
Հիշեցնենք, որ այս նույն երիտասարդ Արմեն Ավագյանը, որն անգամ բարձրագույն կրթություն չունի, նախկինում տուն-ինտերնատի գանձապահն էր եւ գրեթե բոլոր աշխատակիցներից 10-հազարական դրամ պահումներ էր անում: Դա բացահայտվել էր ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից, սակայն ընթացք չէր տրվել, քանի որ Ավագյանի համար ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էր միջամտել՝ խոստանալով, որ նման բան այլեւս չի կրկնվելու: Ու փոխարենը Արմեն Ավագյանը առաջ քաշվեց՝ դառնալով տուն-ինտերնատի փոխտնօրեն: Այս առնչությամբ երեկ պարզաբանումներ խնդրեցինք ՀՀԿ երիտթեւի նախագահ Կարեն Ավագյանից, որը վստահեցրեց, որ ինքը որեւէ կապ չունի այդ գործի հետ:
Բայց սա դեռ ամբողջը չէ. տուն-ինտերնատի տնօրենի մյուս տեղակալը ՀՀԿ կազմակերպչական գծով փոխնախագահ Ռուբեն Թադեւոսյանի հարազատ եղբայրն է՝ Ռոբերտ Թադեւոսյանը (նրան ճանաչում են Ապեր անունով): Թե ինչ առնչություն ունի նա յուրացումների ու Հովհաննիսյանի կողմից իրականացված թրաֆիքինգի հետ, իրավապահները կպարզեն, բայց փաստ է, որ Թադեւոսյաններն ամենամտերիմ օղակներով կապված են Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի եւ, բնականաբար, այնտեղ կատարվող իրադարձությունների հետ:
Հիշեցնենք, որ այսօր անազատության մեջ գտնվող Նվեր Հովհաննիսյանին “Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ” ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում նշանակելու համար միջնորդել էր Ռուբեն Թադեւոսյանը, որը Հովհաննիսյանի մորեղբոր տղան է: Վերջինս արդեն հրաժարվում է իր երաշխավորած անձնավորության արարքների համար բացատրություն տալ: Երեկ Թադեւոսյանը, լսելով, որ իրեն լրատվամիջոցից են անհանգստացնում, առանց “ծպտուն” հանելու անջատեց հեռախոսն ու այլեւս մեր զանգերին չպատասխանեց:
Հավելենք, որ Ռուբեն Թադեւոսյանը եւս այս օրերին ինտենսիվորեն աշխատում է, որպեսզի Ն. Հովհաննիսյանի աթոռը զբաղեցնի հարազատ եղբայրը:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

“Ժողովուրդ” թերթ 09.10.12




Լրահոս