Գրիգոր Կյոկչյանը` «Նոր ալիք»-ի ներքին խոհանոցի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Յուրմալա քաղաքում տարիներ շարունակ անցկացվող «Նոր ալիք» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցչի անունը հայտնի է: Այս տարի արդեն Սոչիում օգոստոսի 25-30-ը կայանալիք մրցույթում մեր երկիրը կներկայացնի «Հայաստանի ձայնը» նախագծից հայտնի երգիչ, երգահան Գրիգոր Կյոկչյանը: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ մրցակցությունը բավական ուժեղ է եղել.

«Կիսաեզրափակչում հայտնվել էին, օրինակ, «Ռուսաստանի ձայնը» նախագծից հայտնի երգիչներ Սամվել Վարդանյանն ու Արծվիկ Հարությունյանը: Ըստ իս, նրանք հաղթելու շատ ավելի մեծ հնարավորություններ ունեին, քան ես, քանի որ այդ երգիչներն ավելի ճանաչված էին ժյուրիի կողմից: Բայց արի ու տես, որ անցա ես»,-անկեղծացավ Գրիգորը:

Մեր այն դիտարկմանը, թե «Նոր ալիք»-ում հայաստանյան մասնակիցները հաճախ կրկնում են նույն երգերը, եւ արդյոք իրենից նոր երգ, նոր կատարում կարող ենք ակնկալել, Գրիգորը պատասխանեց. «Այս պարագայում խնդիրն արտիստների մեջ չէ, այլ կազմակերպիչների. հենց նրանք են հաստատում երգերը: Օրինակ` Սոնան կամ Էրիկը կատարել են այն երգը, որն ընտրել է ժյուրին: Ի դեպ, այս տարի ազգային հիթի փոխարեն մասնակիցները կատարելու են ժյուրիի ընտրած երգերը»:

«Ժողովուրդ»-ի հարցին, թե արդյոք Գրիգորը մտավախություն չունի այն տարածված կարծիքի առնչությամբ, որ «Նոր ալիք»-ում անարդարությունն ու խտրականությունը գերիշխող են, երգիչը պատասխանեց. «Անարդարություն ասվածը հարաբերական է, իսկ այդ խոսակցությունները երբեմն դեմագոգիայի են վերածվում: Ինքս ներքին խոհանոցին լավ ծանոթ եմ, պայմանագիր եմ ստորագրել, որի կետերից մեկի հաձայն, օրինակ, իրենք կարող են վերջին օրը փոխել իմ երգը: Գուցե ինձ դնեն մի իրադրության մեջ, որ ես գրավեմ վերջին տեղը, ես դա գիտակցում եմ…Խնդիրն այն է, թե երգիչն ինչպես դուրս կգա ստեղծված իրավիճակից»:

Մեր այն դիտարկմանը, որ հայ երգիչները հիմնականում միջազգային մրցույթներից ցանկանում են մասնակցել միայն «Եվրատեսիլ»-ին եւ «Նոր ալիք»-ին, Գրիգոր Կյոկչյանը պատասխանեց. «Ինքս այս տարի վաստակել եմ նաեւ «Սլավյանսկի բազար» մրցույթին մասնակցելու իրավունք, սակայն երկու մրցույթներից ընտրել եմ «Նոր ալիք»-ը, քանի որ վերջինիս վարկանիշը բարձր է, եւ այն հնարավորություն է ընձեռում դուրս գալ ռուսական շուկա»:

Աննա Բաբաջանյան




Լրահոս