Ֆիլիպ Կիրկորովը հավանել է Գրիգոր Կյոկչյանին և հրավեր արել (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգիչ, երգահան Գրիգոր Կյոկչյանի համար մայիսի 21-ը պարտավորեցնող է, քանի որ այդ օրը տեղի է ունենալու նրա առաջին ստեղծագործական համերգ-երեկոն: Երգի պետական թատրոնի հարկի տակ կհամախմբվեն հայկական երգարվեստի բոլոր այն ներկայացուցիչները, որոնց համար Գրիգորը տարբեր տարիներին հեղինակել է երգեր: Նրանց թվում են Նարեկ Բավեյանը, Միհրան Ծառուկյանը, Սոնա Ռուբենյանը, Արամեն, Սարգիս Ավետիսյանը եւ այլք: Երեկոյի ընթացքում տեղի կունենան նաեւ պրեմիերաներ. կհնչեն Գրիգորի գրած նոր երգերը` Արփի Գաբրիելյանի, Սոնա Շահգելդյանի, Արսեն Սաֆարյանի եւ այլոց կատարմամբ:

13219583_1118305661559666_1569916591_n

«Մտահղացումը թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանինն է: Ի դեպ, նա եւս կլինի բեմում: Համերգի ընթացքում կհնչեն 20-ից ավել երգեր: Սա, կարելի է ասել, երգահանի իմ կարիերայի առաջին շրջանի ամփոփումն է: Վաճառքում կլինեն նաեւ միջոցառման տոմսեր, սակայն սահմանափակ թվով»,- «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց Գրիգորը:
Նա, խոսելով առաջիկայի իր ծրագրերի մասին, հայտնեց, որ շուրջ մեկ ամիս առաջ միջազգային մրցույթի մասնակցելու առաջարկ է ստացել: Այն կազմակերպվում է առաջին անգամ` երգիչ, երգահան Ֆիլիպ Կիրկորովի պրոդյուսերական թիմի կողմից: Մրցույթի անունը դեռեւս չի հրապարակվում, այն կանցկացվի Սանկտ Պետերբուգում:

13219605_1118305618226337_805610907_n

«Ինձ հետ կապ հաստատեց Կիրկորովի հայրը` Բուլղարիայի ժողովրդական արտիստ Բեդրոս Կիրկորովը, ով զբաղվում է կազմակերպչական հարցերով, ասաց, որ ինձ տեսել եւ հավանել են «Նոր ալիք»-ում, հետո Ֆիլիպ Կիրկորովը հիշատակել է իմ մասին, ասել է, որ Հայաստանից կարելի է հրավիրել ինձ»,-պատմեց երգիչը:

Նա, սակայն, չի շտապում ընդունել նոր մրցույթի հրավերը. «Ես դեռ պետք է հասկանամ, թե այն որքանով է լուրջ, ոչ պակաս հեղինակավոր, քան, օրինակ` «Նոր ալիք»-ը: Դեռ պարզ չէ` այդ մրցույթի ընթացքում պարգեւատրումներ սպասվում են, թե ոչ, կամ ով է հոգում մասնակցության ծախսերը` հրավիրո՞ղը, թե մասնակցո՞ղը: Մինչեւ այս ամենը չհստակեցվի, ես իմ համաձայնությունը տալ չեմ կարող»,-մանրամասնեց Գրիգորը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ առաջիկայում առիթ կունենանք իրեն տեսնելու առաջատար հեռուստաընկերություններից մեկի եթերում` ժամանացային-երաժշտական հաղորդման շրջանակում` որպես հաղորդավար: Թե կոնկրետ ինչ ծրագրի մասին է խոսքը, Գրիգորը դեռ փակագծերը չբացեց:

Աննա Բաբաջանյան




Լրահոս