ԴԻԱԲԵՏԻԿՆԵՐԻ ՎՐԱ ԱՆԸՆԴՀԱՏ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ ԵՆ ԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր հանրապետությունում ինսուլին դեղամիջոցի կարիք ունեցող շաքարային դիաբետով հիվանդները մշտապես կանգնում են խնդիրների առաջ: Այս անգամ էլ նրանք սպասում են, թե երբ են ի վերջո ստանալու ֆրանսիական դիաբետոն դեղամիջոցը, որի բաժանումը ՀՀ բոլոր բժշկական հաստատություններում, պոլիկլինիկաներում, հիվանդանոցներում եւ դեղատներում պետք է սկսված լիներ դեռ ապրիլի 1-ից:

Արդեն քսան օր է, ինչ «Ժողովուրդ»-ը այս խնդրի շուրջ դժգոհություններ եւ ահազանգեր է ստանում: Դիաբետով հիվանդ քաղաքացիների պնդմամբ՝ առողջապահության նախարարությունը խոստացել էր ապրիլի 1-ից տրամադրել ֆրանսիական դիաբետոն դեղահաբերը, սակայն դրանք մինչ օրս չկան:
Այս կապակցությամբ ՀՀ ԱՆ բժշկական տեխնոլոգիաների եւ մարդասիրական օգնության համակարգման բաժնի պետ Վարդուհի Գրիգորյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Այդ դեղահաբերը բաժանվելու են հուլիսի 1-ից, իսկ ապրիլի 1-ին դեռ այդ գործընթացը վերջացած չի եղել: Իսկ հիմա այդ ընկերության հետ գործընթացն ավարտվել է: Մեզ էլ են քաղաքացիները նման խնդիրների շուրջ ահազանգում: Նաեւ ասում են, որ փոխնախարար Վահան Պողոսյանը հայտարարել է, թե քաղաքացիները կարող են դեղատներից 36 դրամով գնել այդ դեղահաբերը: Թյուրիմացություն է եղել»:
Մինչդեռ քաղաքացիները հակառակն են պնդում. նրանց խոսքով՝ ապրիլի 1-ից ֆրանսիական արտադրության «Դիաբետոն» դեղահաբերը ստանալու մասին տեղեկությունը հայտարարվել է հեռուստատեսությամբ՝ պատասխանատու պաշտոնյաների շուրթերից, եւ եթե անգամ թյուրիմացություն եղել էլ է, ապա ոչ իրենց կողմից:
Իսկ մինչ այդ նշենք, որ բժշկական կազմակերպություններն արդեն ստացել են հնդկական դեղի եռամսակային խմբաքանակը եւ այն իրացնելու են մինչեւ ֆրանսիական խմբաքանակի հասնելը: Արդյունքում` ինսուլինի կարիք ունեցող քաղաքացիները ստիպված օգտագործում են հնդկական արտադրության այդ դեղահաբերը, որոնցից մշտապես դժգոհել են: Հենց այդ դժգոհությունները նկատի առնելով` ՀՀ Կառավարությունը որոշել է փոխել մատակարարին եւ պայմանագիր է կնքել ֆրանսիական ընկերության հետ: Այսինքն՝ այսուհետ Հայաստանում շաքարային դիաբետ ունեցող հիվանդների 2015-2019 թվականների կարիքները բավարարելու համար պետությունը հակադիաբետիկ դեղերը գնելու է «ԼեԼաբողատուաղ Սեղվիե» ընկերությունից՝ 1 հաբը 0,06 եվրո գնով, առանց ավելացված արժեքի հարկի:
Հիշեցնենք, որ գործադիրն այս տարվա հունվարի 30-ին հավանություն էր տվել «ՀՀ կարիքների համար Դիաբետոն 60մգ դեղի գնման 2015-2019 թվականների գործընթացը կազմակերպելու մասին» որոշման նախագծին: Որոշման նպատակն է պետական բյուջեից հատկացվող միջոցների շրջանակում 2015-2019 թվականներին ապահովել շաքարային դիաբետով տառապող հիվանդների Դիաբետոն 60մգ դեղի պահանջարկը: Որոշման ընդունմամբ՝ 2015 թվականի գնման պլանով նախատեսված գումարի տնտեսումը կկազմի 79 մլն 610 հազար դրամ: Ըստ առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանի՝ այս կերպ միաժամանակ կապահովվի մրցակցային գնման արդյունքում ձեռք բերվող դեղի դիմաց ծախս-որակ լավագույն արդյունքը:
Հավանաբար, այսպես մտածել էր նաեւ առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանը, ում որոշմամբ դիաբետիկներին պետբյուջեով տրվող դեղորայքը փոխվեց: ԱՆ-ն գնեց հնդկական արտադրության դեղամիջոցներ` «Diazon MR», «Diamar M», «Diamed M», որոնք շատ հիվանդների ու բժիշկների պնդմամբ՝ արդյունավետ չէին, եւ դրանց արդյունքում վերջին շրջանում ավելացել է ինսուլինակախյալ հիվանդների թիվը:
Նշենք, որ դրանից առաջ շաքարախտով հիվանդները պետբյուջեից ստանում էին ֆրանսիական արտադրության «Diabeton MR», «Amaril» եւ եվրոպական տարբեր երկրների արտադրության «Medformin» կամ «Glyukofash» դեղամիջոցները:
Ներկայումս հիվանդ քաղաքացիներից շատերը դժգոհում են, որ այդ դեղորայքը դրական ազդեցություն չի ունենում: Նրանց պատմելով՝ հիվանդը դեղը խմում է, բայց գլյուկոզայի քանակը նրա արյան մեջ չի կարգավորվում: Թեեւ առողջապահության նախկին նախարար Դ. Դումանյանի շնորհիվ պետությունը 2014 թվականին կարողացավ զգալի խնայողություններ անել՝ ծախսը նվազեցնելով 186 մլն 672 հազար դրամով, սակայն դրա արդյունքում մեծացավ ինսուլինակախյալ քաղաքացիների թիվն ու դժգոհությունը:
Այս ամենի արդյունքում եւս մեկ խնդիր է առաջ եկել: Բանն այն է, որ այս տարվա համար առողջապահության նախարարության կողմից շաքարային դիաբետով տառապող հիվանդների դեղապահովումն իրականացնելու նպատակով պլանավորվել եւ ըստ ճշտված գնումների պլանի՝ նախատեսվել է 9 մլն 500 հազար դեղահաբ, սակայն իրական պահանջը կազմում է 12 մլն դեղահաբ: Մինչդեռ «Դիաբետոն» (Գլիկլազիդ) 60մգ դեղի պահանջարկը տարեկան աճում է 10 եւ ավել տոկոս` կապված հիվանդների թվաքանակի ավելացման հետ: Ավելին՝ 2019 թվականին անհրաժեշտ կլինի 13 մլն 900 հազար դեղահաբ, ինչը հնարավոր չի լինի ապահովել ներկայիս բյուջետային միջոցներով եւ գնման ընթացակարգերով:
Այս կապակցությամբ բժշկական տեխնոլոգիաների եւ մարդասիրական օգնության համակարգման բաժնի պետ Վարդուհի Գրիգորյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց. «Պետական միջոցներից ելնելով՝ այս տարի պայմանագիրը այդ գումարի շրջանակներում է կնքվել, իսկ հաջորդ տարի մի փոքր շատ կլինի: ԱՆ-ն երբեւիցե դեղահաբերի մասով 100 տոկոսով չի ապահովել, այն միշտ ինսուլինով 100 տոկոս ապահովված չի եղել: Բայց տարիների ընթացքում ապահովվածությունը եղել է 27 տոկոս, իսկ հիմա այն հասել է մոտ 70 տոկոսի»: Իսկ թե մնացած 2.5 մլն դեղահաբի պահանջի հարցն ինչպես պետք է լուծվի, ԱՆ աշխատակիցը դժվարացավ ասել: Ի դեպ, վիճակագրական տվյալներով՝ Հայաստանում հաշվառված է ավելի քան 62 հազար շաքարային դիաբետով հիվանդ, սակայն կան ոչ քիչ թվով հիվանդներ, որոնք հաշվառված չեն:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

 

«ԲՈՇԻ ՍԱԴԸ» ՎԵՐԱԲԱՑՎԵՑ

Գյումրու կանաչապատման աշխատանքների համար այս տարի հատկացվել են երեք հազար ծառեր, քսանհինգ հազար թփեր, երեսունհինգ հազար ծաղկասածիլներ եւ հարյուր կիլոգրամ գազոնի սերմեր, որոնց հիմնական զանգվածը կտեղադրվի ապրիլի քսանհինգին տեղի ունենալիք համաքաղաքային ծառատունկին:

Սակայն երեկ արդեն քաղաքի կանաչապատման աշխատանքների մեկնարկը տրվեց Օղակաձեւ զբոսայգու վերաբացմամբ, որի ընթացքում տեղի ունեցավ նաեւ ծառատունկ, եւ հարյուր հատ տուա տեսակի ծառեր պահ տրվեցին հողին` քաղաքապետի ու համայնքային իշխանությունների ենթակայության ներքո գործող կառույցների աշխատակիցների կողմից: Օղակաձեւ զբոսայգին, որը գյումրեցիների մոտ ավելի հայտնի է Բոշի սադ անունով, գյումրեցիների սիրած հանգստի ու զբոսանքի վայրերից է: Վերջին տարիներին այն բավականին անխնամ էր: Դեռ անցյալ տարի կատարվեցին մաքրման աշխատանքներ ու ծառերի էտում, իսկ այս տարի էլ իրականացվեց պուրակի միջմարգային տարածքների, մայթերի ու անցուղիների ասֆալտապատում: Բարեկարգման աշխատանքները կշարունակվեն նաեւ ծառատունկից հետո: Ինչպես հավաստիացրեց քաղաքապետ Սամվել Բալասանյանը, պետք է անհրաժեշտ խնամք տարվի, որպեսզի հարյուր հատ տուա տնկիները պահպանվեն, քանի որ թիվը խորհրդանշական է ու անմիջականորեն կապված Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի հետ:
Նշենք, որ պուրակն այս պահին դեռ չունի ոռոգման ցանց, եւ մինչ կանցկացվի պուրակի ցնցուղային ոռոգման համակարգը` քաղաքապետարանի համապատասխան բաժինը տնկիների ջրումը կիրականացնի այլընտրանքային եղանակով:
Ապրիլի քսանչորսին պուրակում կտեղադրվի քանդակագործ Ֆրից Սողոյանի Վերածնունդ հուշաքարը, որն իրենից ներկայացնում է խաչ՝ ձեռքի ափերի մեջ, եւ նվիրված է Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին:

ԱՐՄԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Գյումրի




Լրահոս