Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը հարցազրույց է տվել Sport-express կայքին: Նա հարցազրույցում իր դժգոհությունն է հայտնել թիմի գլխավոր մարզիչ Մուրատ Յակինից:
«Պաշտոնական հայտարարությամբ ես դեռ վնասվածք ունեմ: Բոլորն այդպես են մտածում, որովհետև ակումբն այդպիսի լուրեր է տարածում: Իրականում ես արդեն վաղում շատ լավ եմ զգում և 100 տոկոս պատրաստ եմ: Մեկ ամսից ավելի է, ինչ ես վերջացրել եմ աշխատանքս ֆիզիկական պատրաստվածության մարզչի հետ: Հասկանալի է, որ դրանից հետո պետք է խաղային փորձ ունենալ, որպեսզի հնարավորինս շուտ հասնեմ իմ մարզավիճակին: Բայց վերջին 5-6 շաբաթում ես ոչինչ չեմ ավելացրել: Դա ինձ թույլ չեն տալիս անել:
Թիմի հետ վերջին մարզումն անցկացրել եմ ապրիլի 17-ին` «Մորդովիա»-ի հետ խաղից առաջ: Հաջորդ օրը մենք Սարանսկում հաղթեցինք, և մարզիչը որոշեց խաղացողներին 3 օր հանգիստ տալ, իսկ ինքն օգնականների հետ գնաց Շվեյցարիա: Մարզիչներից ոչ ոք չմնաց թիմում: Ինձ հանձնարարեցին ինչ-որ վարժություններ և ասացին, որ մարզվեմ դահլիճում: Չեմ հասկանում` ինչպես կարող է պրոֆեսիոնալ թիմում բոլոր 4 մարզիչները միասին հեռանան թիմից և ոչ ոքի չթողնեն խաղացողի հետ, որին պետք է հնարավորինս շուտ վերադարձնել հիմնական կազմ:
Մարզիչները չորեքշաբթի վերադարձան, և մեզ սպասվում էր միանգամից 2 մարզում: Մի քիչ ժամանակ ես մասնակցում էի ամբողջ թիմի հետ, իսկ մնացած ժամանակը Գլուշակովի և Կառլոսի հետ: Ամեն ինչ նորմալ էր, ինձ գերազանց էի զգում: Հաջորդ օրը մարզման վերջում զգացի հոգնածություն ոտքիս շրջանում, սակայն ոչ այն, որը վիրահատվել էր: Հաջորդ օրը նա կանչեց բոլոր բժիշկներին և ասաց, որ ես պատրաստ չեմ, և ինձ ուղարկեց 2-րդ թիմ: Ես շոկի մեջ էի: Չեմ ցանկանում աշխատել մի մարզչի հետ, ով այդպես է վերաբերվում ինձ: Ով չի ուզում ես մարզվեմ ու խաղամ: Ապրիլի 24-ին Յակինն ինձ հայտնեց 2-րդ թիմ տեղափոխվելու մասին», – նշել է նա: