ԱԽՐ ԱՅԴՊԵՍ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՐԵՆ ՃԻՇՏ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հոկտեմբերի 6-ին ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել էր Վայոց ձորի մարզ՝ մասնակցելու գյուղական համայնքների 2-րդ համաժողովի ամփոփիչ լիագումար նիստին: “Ժողովուրդ”-ի աղբյուրները հայտնում են, որ նիստից հետո Սարգսյանը “ներքին հրահանգ” է տվել ՏԻՄ ընտրություններում չընտրված բոլոր քաղաքապետերին ու գյուղապետերին՝ սահմանված ժամանակից շուտ հրաժարական տալ: Նշենք, որ չընտրված, բայց գործող համայնքապետերը, ըստ “ՏԻՄ մասին” օրենքի գլուխ 6-րդ գլխի 41-րդ հոդվածի համաձայն, 30 օր իրավունք ունեն պաշտոնավարել: Սակայն Սարգսյանը հորդորում է խախտել օրենքը:
“Ժողովուրդ”-ը զրուցեց նախկին քաղաքապետերի հետ՝ պարզելու՝ արդյոք արդեն կատարել են Ս. Սարգսյանի ,հրամանըե եւ հրաժարականի դիմում գրել: 
Ի դեպ, Սարգսյանի հրահանգն առաջինը կատարեց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: 
Մեղրու նախկին քաղաքապետ ՍԵՐԳԵՅ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
-Պարո՛ն Համբարձումյան, Դուք արդեն հրաժարական տվե՞լ եք:
-Ինչի՞ պիտի հրաժարական ներկայացնեմ:
Որովհետեւ Ս. Սարգսյանը ,ներքին հրահանգե է տվել, որ բոլոր չընտրված քաղաքապետերը պետք է օրենքով սահմանված ժամանակից շուտ հրաժարական տան:
-Ո՞վ ասաց Ձեզ նման բան:
-Ս. Սարգսյանը Ջերմուկ քաղաքում Ձեր գործընկերներին ու մարզպետերին:
-Ուրեմն, սիրելի՛ս, հետեւյալը գոյություն ունի. երբ որ չեն ընտրվում, ամեն քաղաքապետ իր ժամանակում իր ազատման հրամանն է տալիս:
-Բայց ՀՀԿ առաջնորդը ցանկանում է, որ օր առաջ այդ հրաժարականը ներկայացվի:
-Գոյություն ունի ՏԻՄ-ի մասին օրենք: Նոյեմբերի 13-ին ես հանձնում եմ հաջորդ նոր ընտրված քաղաքապետին: Ախր այդպես սահմանադրորեն ճիշտ չէ, Ս. Սարգսյանը ո՞նց է պահանջել: 
-Իսկ ի՞նչ ժառանգություն եք թողնում Ձեր հաջորդին, պարտքեր կուտակե՞լ եք այս տարիների ընթացքում:
-Ես շատ մեծ պարտքերով ընդունել եմ, բայց առանց պարտքերի հանձնելու եմ:
Աշտարակի նախկին քաղաքապետ ԳԱԳԻԿ ԹԱՄԱԶՅԱՆ
-Պարո՛ն Թամազյան, Ձեր պաշտոնից հրաժարական տվե՞լ եք:
-Այո՛, ամսի 8-ին եմ հրաժարական տվել:
-Իսկ ինչո՞ւ եք ժամանակից շուտ հրաժարական տվել:
-Գիտեք ինչ, ավելի լավ ա քանի դեմը ձմեռ չի, նոր քաղաքապետն ընդունի ու իր հախ ու հաշիվն իմանա:
-Ձմեռը կա՞պ ունի:
-Դե ո՞նց չունի, միայն ես չեմ, բոլորն են հրաժարական տվել, կարծում եմ՝ սենց ճիշտ ա, որովհետեւ տենց տորմուզ ա անում քաղաքի զարգացմանը, քաղաքի աշխատանքներին: Ես իմ համար եմ տենց արել, որ նոր քաղաքապետը իր գործն անի: Հրահանգից տեղյակ չեմ, ես եմ դա որոշել, ես տենց եմ ճիշտ համարել:
-Դուք Աշտարակի քաղաքապետի եւ ավագանու ընտրություններից հետո քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մի շարք հիմնարկությունների աշխատակիցների ազատել էիք աշխատանքից, քանի որ Ձեր որդին չէր հավաքել անհրաժեշտ ձայներ, որպեսզի ավագանու անդամ դառնար: Ինչո՞ւ նման քայլ արեցիք: 
-Չէ՛, էդ ջղայնացած էի, ոչ մեկին չեմ ազատել, մի երկուսին նկատողություն եմ տվել: Ընտրություններին լավ չէին մասնակցել, այսքան բան: Չեմ ուզում այդ մասին խոսել:
Կապանի նախկին քաղաքապետ ԱՐԹՈՒՐ ԱԹԱՅԱՆ 
-Պարո՛ն Աթայան, Դուք արդեն քաղաքապետի պաշտոնից հրաժարական տվե՞լ եք:
-Չէ՛, նոյեմբերի 1-ին եմ ուզում հրաժարական տամ:
-Բայց Ս. Սարգսյանը հրահանգել է, որ քաղաքապետերը ավելի շուտ իրենց հրաժարականի դիմումները ներկայացնեն:
-Չէ՛, տեղյակ չեմ, նոր եմ լսում, այսինքն՝ ով չի ընտրվել, հրաժարական տա, հա՞:
-Այո՛, պետք է սահմանված ժամանակից շուտ հրաժարականի դիմում ներկայացնեք:
-Չէ՛, նոր եմ լսում, էդ որտե՞ղ ա ասել, հեսա մի հատ կճշտեմ:
-Եթե չեք լսել, ինչո՞ւ եք ուզում նոյեմբերի 1-ից հրաժարական տալ. չէ՞ որ Ձեր ընտրողներին մատուցած “ծառայությունը” կիսատ է մնում: 
-Ճիշտն ասած, ես արձակուրդ եմ վերցրել եւ այդպես մտադրություն էլ չունեմ, որ գնամ, բայց եթե տենց ա, ավելի լավ, հենց վաղն էլ հրաժարական կտամ:
Այսինքն՝ հնազանդորեն կկատարե՞ք Ս. Սարգսյանի հրահանգը:
-Չէ՛, արդեն հոգնել եմ, կուշտ եմ:
-Կապանցիների՞ց, թե՞ Ս. Սարգսյանից:
-Դե լավ, էլ չենք խորանում:
Հ.Գ. Այսպիսով՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանի հորեղբորորդին՝ Գագիկ Թամազյանը, խոստովանել է, որ կամայական սկզբունքով նկատողություն է տվել (իսկ իրականում ազատել է) իր ենթականերին: Հետաքրքիր է՝ ինչո՞ւ Աղվան Հովսեփյանը չի հրահանգում քննության առնել փաստը. չէ՞ որ խոսքը շուրջ 30 աշխատակցի մասին է:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Ժողովուրդ” թերթ 10.10.12




Լրահոս