«Քարֆուր»-ը «Երևան սիթի»-ի հետ որևէ խնդիր չունի. պարզաբանում շաքարավազի գնի վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2015 թվականի տարեկան ծրագրի ներկայացման ժամանակ Ազգային ժողովում հնչեցին մի շարք հարցադրումներ, որոնք շարունակվում են ուսումնասիրվել ՏՄՊՊՀ-ի կողմից:

Բարձրացված հարցերից մեկը վերաբերում էր Հայաստանում «Քարֆուր» և «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցերի միջև առկա հնարավոր հակամրցակցային գործողություններին, մասնավորապես շաքարավազի ներկրմանն ու վաճառքի գներին:
Բարձրացված հարցադրման հետ կապված Հանձնաժողովը գրությամբ դիմել է «Քարֆուր» սուպերմարկետի հայաստանյան ներկայացուցչությանը՝ վերջինիս կողմից պատրաստի շաքարավազ չներմուծելու և Վրաստանի համանուն ցանցում ավելի ցածր գնով շաքարավազի վաճառքի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով: Ի պատասխան Հանձնաժողովի հարցմանը, «Քարֆուրի» ներկայացուցիչները նշել են, որ «Երևան Սիթի» խանութների ցանցի հետ որևէ խնդիր երբևիցե չեն ունեցել և այժմ էլ չունեն. «Մեր կողմից պատրաստի շաքարավազի ներմուծման ուղղությամբ կատարված հաշվարկները ցույց են տվել, որ ներմուծման դեպքում շաքարավազի ինքնարժեքը կլինի ավելի բարձր, քան այն դեպքում, եթե այդ ապրանքատեսակը ձեռքբերվի տեղում: Այդ իսկ պատճառով ընկերության համար առավել շահավետ է շաքարավազը մեծածախ կերպով ձեռքբերել Հայաստանում և այն վերավաճառել: Մեր ընկերությունը անկախ է իր գնային քաղաքականության հարցում»,- ասվում է ընկերության գրության մեջ:

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Վրաստանում գտնվող «Քարֆուր» անվանումով սուպերմարկետներում շաքարավազը իրացվում է ավելի ցածր գնով քան Հայաստանում, ընկերության հայաստանյան ներկայացուցչության ղեկավարությունը նշել է, որ խոսքը գնում է որակապես տարբեր ապրանքատեսակների մասին. «ՀՀ-ում վաճառվող շաքարավազը ավելի բարձր որակական հատկանիշներ ունի, քան Վրաստանում իրացվող շաքարավազը»: Հենց այս հանգամանքով էլ պայմանավորված՝ Վրաստանում համեմատաբար ցածր գին է սահմանվել:

Հանձնաժողովը ուսումնասիրել է նաև ՀՀ-ում շաքարավազի հիմնական արտադրող հանդիսացող «Ալեքս գրիգ» ընկերության փաստաթղթերը` պարզելու ընկերության մանրածախ և մեծածախ գների միջև առկա տարբերությունը: Պարզվել է, որ դիտարկված ամիսներին ընկերության մանրածախ վաճաքի և մեծածախ իրացման գների միջև առկա է մինչև 20 դրամի տարբերություն, ինչը նշանակում է, որ շաքարավազի վերավաճառքով զբաղվող ընկերությունները 1 կգ շաքարավազի իրացումից կարող են մինչև 20 դրամի եկամուտ ստանալ:

Վրաստանում վաճառվող շաքարավազի գների վերաբերյալ ՀՀ ՏՄՊՊՀ-ը պաշտոնական տեղեկատվություն է ստացել նաև Վրաստանի մրցակցային մարմնից: Ըստ այդմ, 2015 թվականի հունվար-մարտ ամիսներին շաքարավազի միջին մանրածախ գինը կազմել է 1.54-1.58 լարի, որը, ըստ ՀՀ ԿԲ պաշտոնական փոխարժեքի, կազմում է 350-360 դրամ: Ճիշտ նույն ժամանակահատվածում, Երևան քաղաքի մի շարք խոշոր վաճառակետերում շաքարավազի մանրածախ գինը կազմել է 350-369 դրամ: Այսինքն, Վրաստանում վերոնշյալ գնից համեմատաբար ցածր գնով իրացում առկա է միայն «Քարֆուր» ցանցում, ինչն ընկերության պարզաբանման համաձայն, պայմանավորված է որակական տարբերությամբ:

ՀՀ ՏՄՊՊՀ




Լրահոս