Արարատի մարզի Այգեստան գյուղի բնակիչ Արմեն Մարգարյանն արդեն 10 օր է` որոնվում է ԱԻՆ աշխատակիցների կողմից: Հիշեցնենք, որ ապրիլի 20-ին Գեղարքունիքի Ծովազարդ գյուղում արտակարգ իրավիճակ է տեղի ունեցել: Արմեն Մարգարյան անուն-ազգանունով մի տղամարդ Սևանի ափին փորձել է ձուկ որսալ, մի փոքր առաջ գնալու նպատակով ռետինե նավակ է նստել, սակայն քամին շպրտել է դիմացի ափ:
Այգեստան համայնքի ղեկավար Սոկրատ Հովսեփյանը Armlur.am-ին հայտնեց, որ Արմեն Մարգարյանը հոգեպես անառողջ է:
Armlur.am-ի հետ զրույցում Ծովազարդ համայնքի ղեկավար Արամ Կատվալյանը հայտնեց, որ որոնողական աշխատանքները շարունակվում են, փրկարարները չեն դադարում փնտրել կորածին: Գյուղապետի խոսքով, իրենք ավելի փորձառու են նման իրավիճակներում և գիտեն, որ կորած տղամարդուն գտնել հնարավոր չի լինի: Այս հանգամանքը համայնքապետը բացատրեց նրանով, որ տղամարդը հագուստով է եղել, ինչը նշանակում է, որ նա անցել է ջրի հատակը. «Նա խորքերում է հիմա: Եթե մերկ լիներ, հնարավոր կլիներ գտնել: Նա ջրի մակարդակ դուրս կգար: Հիմա էլ նա ափ դուրս կգա միայն քամիների կամ ջրի մակարդակի փոփոխության հեռևանքով: Այլ կերպ հնարավոր չէ»:
Մեր զրուցակիցը հայտնեց նաև, որ դեպքի օրը, երբ տղամարդը դեռևս ափին է գտնվել, նրա հետ հեռախոսով զրուցել են ազգականներն ու ԱԻՆ աշխատակիցները: Վերջիններս Ա. Մարգարյանին կոչ են արել պինդ բռնվել նավակից և հնարավորինս զգույշ ու ուշադիր լինել, սակայն զրույցը վայրկյաններ անց ընդհատվել է, և նրա հեռախոսահամարն անհասանելի է դարձել. «Այդ պահից արդեն հասկանալի է եղել, որ նա ընկել է ջուրը ու շատ խորքերն է անցել: Հնարավոր չէ նա փրկված լինի: Դա միանշանակ բացառվում է»,- հավելեց Արամ Կատվալյանը:
Հիշեցնենք, որ ձկնորսության դուրս եկած տղամարդու անհետանալուց ժամեր անց փրկարարներին հաջողվել է գտնել ռետինե նավակը: Դեպքի օրը տարածքում ուժեղ քամի է եղել, ինչն էլ, ըստ նախնական տեղեկությունների, հանգեցրել է դժբախտ դեպքին: