Սևանում չեն հավատում, որ կորած տղամարդը կարող է փրկվել. ուժեղ քամին պահպանվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր վաղ առավոտից արտակարգ իրավիճակ է Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղում: ՀՀ ՏԿԱԻՆ Փրկարար ծառայության խումբը փնտրում է անհետ կորած քաղաքացու: Ինչպես Armlur.am-ին հայտնեց համայնքի ղեկավար Արամ Կատվալյանը, Արմեն Մարգարյան անուն-ազգանունով մի տղամարդ Սևանի ափին փորձել է ձուկ որսալ, մի փոքր առաջ գնալու նպատակով ռետինե նավակ է նստել, սակայն քամին շպրտել է դիմացի ափ. «Շատ ուժեղ քամի է մեզ մոտ այս պահին: Սուրալով փչում է: Երևի չի մտածել, որ հնարավոր է` քամին ուժեղ լինի, տանի իրեն էլ, նավակն էլ: Հիմա միայն նավակն են գտել: Փրկարարները անցել են լճի մյուս ափը` Շորժայի կողմից, մտածում են` այնտեղ կգտնեն նրան: Հնարավոր է` հաջողացրած լինի փրկվել, սակայն խելքին մոտ չի»:

Արամ Կատվալյանը հայտնեց նաև, որ այս պահին իրենց մոտ շատ ուժեղ քամի է, և այն, որ որոնվող տղամարդը դա հաշվի չի առել, զարմանք է պատճառել բոլորին: Նշենք, որ shamshyan.com-ի տեղեկություններով, որոնվողը Արարատի մարզի Այգեստան գյուղի բնակիչ է: Համայնքի ղեկավար Սոկրատ Հովսեփյանն Armlur.am-ին հայտնեց, որ ինքը դեռևս տեղյակ չէ` ինչ է կատարվել, սակայն նշեց նաև, որ եթե փնրտվողն իր իմացած մարդն է, ապա խոսքը հոգեպես անառողջ տղամարդու մասին է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ժամը 11.05-ին Դրախտիկ-Ծովագյուղ հատվածում` ափից մոտ 5 կմ հեռավորության վրա, հայտաբերվել է Ա. Մ.-ին պատկանող ռետինե, մեկ տեղանոց նավակը. քաղաքացին չի հայտնաբերվել: Ձկնորսի հավանական խեղդվելու վայրում ջրասուզակներն իրականացնում են որոնողական աշխատանքներ:

Լուսանկարը` shamshyan.com-ի:




Լրահոս