Մոսկվայի «Սպարտակ»-ի գլխավոր տնօրեն Ռոման Ասխաբաձեն մեկնաբանել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսի հարցազրույցը: Վերջինիս ժամանակ հայ ֆուտբոլիստը քննադատել էր թիմի մարզչական կազմին:
«Այսօր առավոտյան հանդիպել և բավական կոշտ խոսակցություն եմ ունեցել Օզբիլիսի հետ: Արազը խախտել է պայմանագրի կետերը, և պետք է տուգանվի խոշոր գումարով: Օզբիլիսն ընդունել է, որ սխալ է վարվել, և ասել է, որ իր խոսքերն ավելի շատ խեղաթյուրված են եղել: Բոլոր դեպքերում` ֆուտբոլիստը նախ պետք է պրոֆեսիոնալ լինի և պահպանի պայմանագրում նշված կետերը»,- ասել է Ասխաբաձեն:
Նշենք, որ Օզբիլիսը մեկ այլ հարցազրույց է տվել և նշել, թե իր խոսքերը խեղաթյուրվել են: «Այո, հասկանում եմ, որ հնարավոր է` կատարել եմ չմտածված քայլ. խոսել եմ լրագրողի հետ առանց «Սպարտակի» մամուլի քարտուղարի թույլտվության։ Այդ պատճառով, բնական է, որ պատրաստ եմ կրել պատասխանատվություն։ Սակայն երբ այսօր կարդացի հարցազրույցը, անկեղծ ասած, զարմացա։ Առաջին հերթին, հարցազրույցի ժամանակ չեմ խոսել այլ ֆուտբոլիստների մասին։ Դա իմ խնդիրն է, եւ չեմ ցանկանում ուրիշ մարդկանց խառնել այդ գործին։ Մնացած ամեն ինչ սուտ է», – նշել է նա։