ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, նորաստեղծ «Ալյանս» կուսակցության հիմնադիր Տիգրան Ուրիխանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ իր ղեկավարած կուսակցությունը որեւէ մեկից ֆինանսական աջակցություն չի ստանում:
-Պարո՛ն Ուրիխանյան, մայիսի 16-ին «Ալյանս» կուսակցությունը հիմնադիր համագումար է հրավիրել: Ի՞նչ է լինելու այդ օրը, ի՞նչ է ներկայացվելու հանրությանը:
-Նախ եւ առաջ, շատ ծավալուն ու բովանդակալից փաստաթուղթ է պատրաստվել, որը կոչվում է կուսակցության ծրագիր, ու այն շատ կտրուկ տարբերվում է հայաստանյան քաղաքական դաշտի գործող բոլոր՝ խորհրդարանական եւ ոչ խորհրդարանական կուսակցությունների ծրագրերից: Այնտեղ սեւով սպիտակի վրա շատ հակիրճ, բայց դիպուկ արտացոլվում է առկա իրավիճակը, ու շատ տեսանելի ձեւով արտաբերվում են անելիքները՝ կարճաժամկետ գործողությունների ծավալով: Հիմա խոսել ինչ-որ ընդհանուր, ականջահաճո ձեւակերպումներով, իհարկե, շատ հաճելի է, բայց այլեւս քաղաքական ուժերից հասարակությունը ակնկալում է գործնական, կիրառական տեսանելիություն ապահովող ծրագրեր:
-Իսկ ովքե՞ր են Ձեր թիմակիցները, ովքե՞ր են ընդգրկվել Ձեր ղեկավարած կուսակցությունում:
-Ես չեմ կարեւորում քաղաքական հավակնություններով մարդկանց առկայությունը կուսակցությունում, ես կարեւորում եմ կադրային ռեսուրսը, սա իմ անձնական մոտեցումն է, ես մտել եմ այս ամենի մեջ բացառապես մաքուր կենսագրությամբ՝ կիրթ, պատրաստված, հմտություններ ունեցող տարբեր ոլորտների ու տարբեր տարիքային խմբերի պատկանող մարդկանց համախմբելու համար: Ավելի ճիշտ, եղած մարդկանց պահանջարկի հիման վրա է սա ձեւավորվել: Բոլորի աչքի առաջ է տեղի ունեցել իմ ստիպված հեռանալը (ԲՀԿ-ից Ս. Գ.) ու այս ամենի ձեւավորումը. սա շատ օբյեկտիվ ու բնականոն ճանապարհով է տեղի ունեցել:
-Այնուամենայնիվ, արդեն իսկ խոսակցություններ են շրջանառվում, որ Ձեր ղեկավարած կուսակցությունը հեռվից կառավարվելու է որոշ մարդկանց կողմից: Մասնավորապես նշվում է, որ Ձեր կուսակցության «ղեկավարը» ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է:
-Որեւէ մեկը թող չուրախանա՝ մտածելով, որ մեր գործունեությունը կարող է կախված լինել ֆինանսավորումից, որեւէ մեկը թող չուրախանա՝ մտածելով, թե մեր թիմի միասնությունը, մեր գործողությունները, մեր ռեսուրսը կարող է հիմնված լինել բացառապես ֆինանսի վրա, հետեւաբար կարող է կապված լինել բարի կամքի դրսեւորման հետ, ինչ-որ մի մարդու, ինչ-որ մի կազմակերպության հետ: Ո՛չ, գլուխը քարին է տվել նա, ով կարող է թույլ տալ մեր մասին նման խոսակցություններ տարածել: Չկա որեւէ մեկը, ում կթույլատրվի ֆինանսավորել «Ալյանսը», որովհետեւ մենք չենք պատրաստվում լինել կապնված, կախված, հետեւաբար եւ կաշկանդված:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ