ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐՆ ԸՆԴԴԻՄԱՑԱՆ ԻՐԵՆՑ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 9-ին Ազգային ժողովում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարության նախագծի քննարկման ընթացքում ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարել էր, թե իրենք չեն կարող արժեւորել հռչակագրի դրույթները, «քանի որ այն լրջորեն վտանգում է ՀՀ եւ ԼՂՀ շահերը, եւ, ըստ էության, հակապետական փաստաթուղթ է»: Ու թեեւ Զուրաբյանը նշել էր, որ իրենք չեն մասնակցելու քվեարկությանը, ՀԱԿ խմբակցությունից երեկ հայտարարության քվեարկությանը մասնակցեցին Լյուդմիլա Սարգսյանն ու Ստեփան Դեմիրճյանը:

Նախ նշենք, թե Լ. Զուրաբյանն ինչպես բացատրեց իրենց` քվեարկությանը չմասնակցելու որոշումը. «Մեր կարծիքով, կոպտագույն սխալ է, որ ՀՀ արտաքին քաղաքականության հիմքում դրվում է Հայոց ցեղասպանության ճանաչումը: Այն ոչ միայն չպետք է դրված լինի պետական արտաքին քաղաքականության հիմքում, այլ նույնիսկ չպետք է լինի օրակարգում: Ցանկացած ցեղասպանություն, որ ժողովրդի դեմ էլ որ կատարվի, հանցագործություն է ողջ մարդկության դեմ: Եթե Հայաստանը Թուրքիայից պահանջում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այդպիսով այն վերածում է միայն ՀՀ-Թուրքիա միջպետական վեճի»:
ՀԱԿ խմբակցության ղեկավարը նշեց, որ պատգամավորների «հայրենասիրությունը» շատ թանկ է նստելու Հայաստանի եւ Ղարաբաղի վրա՝ վատթարացնելով առանց այդ էլ բարդ իրավիճակը: Ըստ Զուրաբյանի՝ ԱԺ-ի նման հայտարարությունը չի օգնելու ճանաչմանը, դրանով ընդամենը Սերժ Սարգսյանի գրած հռչակագրի շուրջ միասնականության պատրանք են ցանկանում ստեղծել. «Դա արվում է ներքին սպառման համար, եւ կեղծ ազգայնականների ձեռքին պոպուլիզմով են զբաղվում այն պատգամավորները, որոնք նախաձեռնել են այս հայտարարությունը»: Սակայն Լեւոն Զուրաբյանի այս հայտարարությունը կարծես թե հաշվի չառան ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Լյուդմիլա Սարգսյանն ու Ստեփան Դեմիրճյանը, որոնք երեկ ոչ միայն մասնակցեցին, այլ նաեւ «կողմ» քվեարկեցին:
«Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել երկու ընդդիմադիր պատգամավորների հետ` պարզելու համար, թե նրանք ինչու հաշվի չառան ՀԱԿ խմբակցության որոշումը եւ մասնակցեցին քվեարկությանը: Սակայն Ստեփան Դեմիրճյանը կտրականապես հրաժարվեց այս հարցի շուրջ խոսել:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆ
-Տիկի՛ն Սարգսյան, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարել էր, որ Ձեր խմբակցությունը չի մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ԱԺ հայտարարության քվեարկությանը, սակայն Դուք ոչ միայն մասնակցեցիք, այլեւ «կողմ» քվեարկեցիք: Ինչո՞ւ որոշեցիք «ընդդիմանալ» խմբակցությանը:
-Մենք այդ հայտարարությանը ծանոթ ենք, բայց մենք խնդրել էինք, որ պարոն Զուրաբյանը հանդես գա ՀԱԿ կուսակցության անունից, որովհետեւ այդ կարծիքը մենք ամբողջությամբ չենք կիսում, խմբակցության մեջ կային նաեւ այլ կարծիքներ: Իսկ մեր կարծիքը հետեւյալն է՝ սա այն հայտարարությունն է, որը, ըստ էության, շատ մեծ նշանակություն չի ունենալու գործընթացների վրա ազդելու առումով, բայց մենք չենք կարող «դեմ» քվեարկել: Իսկ ինչ վերաբերում է ինձ, ապա ես ընդհանրապես չէի կարող դեմ քվեարկել, որովհետեւ ես ներկայացնում եմ Ցեղասպանությունը վերապրած կուսակցություն, ես ներկայացնում եմ մի կուսակցություն, որի ծրագրային դրույթներում ուղիղ ամրագրված է Ցեղասպանության ճանաչումն ու պահանջատիրությունը: Այդ դեպքում ով եմ ես, եթե իմ կուսակցության ծրագրին հավատարիմ չեմ մնում:
-Իսկ այդ քվեարկությամբ խնդիրներ չեք ունենա խմբակցության ղեկավարության հետ:
-Շատ ներողություն, ի՞նչ խնդիրներ, ես ինչո՞ւ պետք է խնդիրներ ունենամ:
-Այն առումով, որ Դուք պետք է «ենթարկվեիք» խմբակցության որոշմանը, ի վերջո, Դուք ՀԱԿ-ի շնորհիվ եք խորհրդարանում…
-Կներեք, բայց մեզանից յուրաքանչյուրն իր վաստակն ու ավանդն ուներ, դրա համար էլ ՀԱԿ-ի ցուցակում էի, որի առաջնորդը Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Այո՛, ընդունում եմ, որ կարեւորագույն մարդն այդ ցուցակում Լեւոն Տեր-Պետրոսյանն է, հանուն որի մենք ստացել ենք այդքան ձայներ: Բայց Լեւոն Տեր-Պետրոսյանը, ի տարբերություն շատերի, շատ ճիշտ է գնահատում իրավիճակը եւ շատ լավ գիտի իմ կուսակցության ծրագիրն ու նպատակները:
-Այսինքն` Դուք տեղեկացրե՞լ եք ՀԱԿ խմբակցությանը, որ մասնակցելու եք քվեարկությանը:
-Իսկ ինչ ունեի թաքցնելու, ես տեղյակ եմ պահել: Իմ կարծիքով այստեղ ընդհանրապես խնդիր չկա: Ես ոչ մեկի հետ թշնամի չեմ, ես փորձում եմ պահել խմբակցության շահերը, բայց երբեմն այդ շահերը չեն համընկնում: Բայց այդ մասով մենք խմբակցությունում որեւէ խնդիր չունենք: Իսկ թե ով ինչ է մտածում, ով ինչ է համարում ճիշտ, դա արդեն ինձ չի հուզում: Ես չեմ կարծում, որ նման բաներից հետո կարելի է ինչ-որ եզրակացություններ, վերլուծություններ անել, որոնք իրականության հետ ընդհանրապես կապ չունեն:

 

 

 

 
ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՄԻԱՍՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՆԱԼ

Երեկ հայրենի խորհրդարանը արտահերթ նիստ էր հրավիրել, որի ժամանակ 113 «կողմ» ձայներով ընդունվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ աշխարհի խորհրդարաններին ուղղված հայտարարություն: Քվեարկությունից անմիջապես հետո ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ իրենք պատգամավորների հետ փակ խորհրդակցություն են անցկացնելու, որպեսզի քննարկեն առաջիկա օրերի իրենց «երթուղին»: Գ. Սահակյանը ԱԺ աշխատակազմին հորդորեց ապահովել համապատասխան «միջավայր», որպեսզի լրագրողները չտեղեկանան իրենց քննարկած հարցերի մասին:

Նախ ներկայացնենք այն հայտարարություն-նախագիծը, որը միաձայն ընդունեցին պատգամավորները:
«Հիմք ընդունելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի՝ 1948 թվականի դեկտեմբերի 9-ին ընդունած «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիան, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի՝ 1988 թվականի նոյեմբերի 22-ին ընդունած «Օսմանյան Թուրքիայում հայերի 1915թ. ցեղասպանության դատապարտման մասին» օրենքը,
-արժեւորելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրով ամրագրված դրույթները,
-կարեւորելով միջազգային հանրության հետ համատեղ ուժերով մարդկության դեմ հանցագործությունների, ցեղասպանությունների դատապարտմանը եւ կանխարգելմանն ուղղված ջանքերում հայ ժողովրդի ներդրումը,
-երախտագիտություն հայտնելով բոլոր պետությունների խորհրդարաններին, պետական եւ տեղական կառույցներին ու միջազգային կազմակերպություններին, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքներ, ՀՀ ԱԺ-ն կոչ է անում բոլոր երկրների խորհրդարաններին, միջխորհրդարանական եւ միջազգային կազմակերպություններին պաշտոնապես ճանաչել եւ դատապարտել Օսմանյան կայսրության իրականացրած Հայոց ցեղասպանությունը` որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն»: Հայտարարության տեքստի տակ ստորագրել են պատգամավորներ բոլոր խմբակցություններից:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ քվեարկությունից հետո ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատգամավորների հետ քննարկել է այն հարցը, թե ապրիլի 23-24-ին որտեղ են լինելու ու ինչ են անելու: Սահակյանը նշել է, որ իրենք ցանկանում են, որպեսզի բոլոր խմբակցություններն այդ օրերին միասին մասնակցեն Հայոց ցեղասպանության հետ կապված միջոցառումներին: Սակայն պատգամավորները որեւէ հստակ պատասխան չեն տվել` հայտարարելով, որ իրենք այդ հարցը դեռեւս պետք է քննարկեն իրենց խմբակցություններում:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 
ԳՈՐԾԸ ԿԱՐՃԵԼ ԵՆ
Դերասան Վարդան Պետրոսյանի գործով 2015թ մարտի 19-ին ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ էր հարուցվել՝ իբր բժշկական փաստաթղթեր կեղծելու փաստի առիթով: Սակայն «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ նշված քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով: Հիշեցնենք, որ քրեական գործը հարուցվել էր Վ. Պետրոսյանի մասնակցությամբ վթարից տուժածների պաշտպան Ռուբեն Բալոյանի հաղորդման հիման վրա, թե իբր Վ. Պետրոսյանի սթափության վիճակի վերաբերյալ Եղվարդի «Նաիրի» ԲԿ կողմից տրված թիվ 113 արձանագրության եւ Երեւանի «Էրեբունի» ԲԿ ՓԲԸ-ում կազմված հիվանդության պատմագրի մեջ կատարվել են կեղծիքներ: Բայց ինչպես արդեն նշեցինք, ոչ մի կեղծիք այդպես էլ չի հայտնաբերվել:

 

ՎՆԱՍՆԵՐԸ ԿՓՈԽՀԱՏՈՒՑԵՆ
2015 թվականի փետրվարի 2-ից 20-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ Տավուշի մարզում տեղի ունեցած գնդակոծությունների հետեւանքով առաջացած վնասները գնահատելու նպատակով ՀՀ Կառավարության աշխատակազմի հանձնարարությամբ ուսումնասիրվել են Այգեպար, Ն. Կ. Աղբյուր, Մովսես, Բաղանիս, Բերդավան, Դովեղ, Վազաշեն եւ Չինարի գյուղերը: Պարզվել է, որ ընդհանուր առմամբ վնասվել է 8 համայնքի 82 բնակչի գույք՝ ընդամենը 3 մլն 705 հազար դրամ արժեքով: Այս նպատակով ՀՀ Կառավարությունն այսօր կայանալիք նիստում Տավուշի մարզպետարանին կհատկացնի 3 մլն 705 հազար դրամ:

 

ՍԵՎԱՆԻՑ ՋՈՒՐ ԿՎԵՐՑՆԵՆ
ՀՀ Կառավարությունն իր այսօրվա որոշմամբ Սեւանա լճից այս տարվա ոռոգման շրջանում Սեւան-Հրազդան ոռոգման-էներգետիկ համակարգով ջրի բաց թողման չափաքանակը կսահմանի մինչեւ 170 մլն. խորանարդ մետր: Տեղեկացնենք, որ այս տարվա մարտի 17-ի դրությամբ ջրօգտագործողների կողմից ներկայացված ջրօգտագործման պլան-ժամանակացույցի համաձայն՝ պայմանագրային ոռոգվելիք հողատարածությունների մակերեսը կազմել է 38 հազար 765 հեկտար, իսկ ոռոգման ջրի պահանջարկը համակարգերի գլխամասերում եւ Հրազդան գետի հունի լվացման նպատակով Աղբյուրակի ջրամբարից մինչեւ Երեւանյան լիճը, գետի հունով, բացթողնվող ջրի ծավալը կկազմի 481.6 մլն խ/մ: Նշենք, որ այդ ծավալի ջրի պահանջարկը նախատեսվում է ապահովել Հրազդան գետից` 153 հազար 962 մլն խ/մ, Ազատի ջրամբարից՝ 64 հազար 704 մլն խ/մ, Ապարանի ջրամբարից՝ 43 հազար 7 մլն խ/մ, Մխչյանի պոմպակայանների համակարգով 15 հազար 824 մլն խ/մ եւ Ռանչպար-Արեւշատի պոմպակայանների համակարգով` 34 հազար 19 մլն խ/մ ջրաքանակներով:




Լրահոս