ԵՐԲ ՆՐԱՆՑ ԽՈՍՔԸ ԳՐՈՇԻ ԱՐԺԵՔ ՉՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի անեկդոտ կա. մեկը, այլեւս չհանդուրժելով իր բնակարանում փայտոջիլների ներկայությունը, զայրանում ու նրանց  տանից դուրս է անում: Փայտոջիլները շարք կազմած հեռանում են: Բայց տեսնելով ժպտացող տանտիրոջը՝ նրանցից մեկը բղավում է. «Տղե՛րք, խազեինը կատակ էր անում, հե՛տ դարձեք»:
Հիմա իշխանությունների վերջին շրջանի գործողությունները հիշեցնում են այս անեկդոտը: Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը պարբերաբար խորհրդակցություններ են անցկացնում, հեռուստախցիկների առաջ զայրանում երկրում տիրող կոռուպցիայի, հայտնաբերված խայտառակ չարաշահումների առնչությամբ, սպառնում, որ պաշտոնյաները կրելու են անհատական պատասխանատվություն: Բայց քանի որ նրանց խոսքերը հեռուստաեթերից հնչող դատարկ սպառնալիքներից այն կողմ չեն անցնում, շատերին թվում է՝ «խազեինը» կատակ է անում, ավելի ճիշտ՝ իր հերթական նախընտրական հոլովակը նկարահանում:
Չորս տարուց ավելի վարչապետի պաշտոնը զբաղեցրած Տիգրան Սարգսյանը միայն հիմա է բացահայտել, որ պետական միջոցները փոշիացվում են: Նրա հերթական բացահայտումը վերաբերում էր քաղաքաշինության ոլորտին: Վարչապետը  պարզել է, որ Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղում դպրոցաշինության համար հատկացվել է 270 մլն դրամ, որից 200-ն արդեն փոշիացվել է, քանի որ դպրոցի շենքը 3-րդ աստիճանի վթարային է ու կատարված ծախսերը եղել են անիմաստ: Նույնը, ըստ Տ. Սարգսյանի, եղել է նաեւ Մասիսում՝ թիվ 5 դպրոցի հետ կապված. «Մինչեւ այսօր մենք բավարարվել ենք հանձնարարականներով` շտկել, վերացնել, վերականգնել գումարները: Այսուհետեւ այդպես չի լինելու: Այսուհետեւ անձնական պատասխանատվություն են կրելու այն մարդիկ, որոնք թույլ են տվել այդ խախտումները… Այսուհետեւ լինելու են պատիժներ, եւ մեղավոր անձինք կրելու են պատասխանատվություն, մանավանդ եթե պետական բյուջեին հասցվում է ֆինանսական վնաս»:
Թե որքանով են լուրջ Տ. Սարգսյանի սպառնալիքները, որքանով է նա հետեւողական իր հայտարարություններում, դատե՛ք ինքներդ: Կառավարության սեպտեմբերի 20-ի նիստի ժամանակ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը խոսել էր պետական գնումների ոլորտում հայտնաբերված խախտումների մասին: Վարչապետը հարցրել էր, թե նա կոնկրետ ինչ լուծում է առաջարկում: «Անձանց տեսակետից առաջարկում եմ փոխել «Գնումների աջակցման կենտրոն»-ի ղեկավարությանը, որոնք կապ ունեն այդ գործունեության եւ թերացումների հետ»,-ասել էր Գաբրիելյանը: «Կոնկրետ ո՞ր պաշտոնատար անձանց մասին է խոսքը»,-հարցրել էր վարչապետը: «Ղեկավարների՝ ղեկավարի, տեղակալների, ստորաբաժանումների ղեկավարների, որոնք դրա հետ կապ ունեն»,-եղել էր պատասխանը: «Պարո՛ն Գաբրիելյան, այսօր ներկայացրե՛ք միջնորդությունը, եւ պարո՛ն Սարգսյան, պատրաստե՛ք հրամանները թվարկված պաշտոնատար անձանց այսօր եւեթ աշխատանքից ազատելու վերաբերյալ»,-հրահանգել էր վարչապետը: Նույն օրը աշխատանքից ազատվեց «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հակոբ Բեգլարյանը: Ու թեեւ Տ. Սարգսյանը հանձնարարել էր աշխատանքից ազատել նաեւ նրա տեղակալներին, ստորաբաժանումների պետերին, սակայն այս հանձնարարականից 20 օր անց նրանք դեռ շարունակում են պաշտոնավարել: Երեկ «Գնումների աջակցման կենտրոն»-ից տեղեկացանք, որ ո՛չ փոխտնօրենները, ո՛չ էլ որեւէ ստորաբաժանման պետ առայսօր աշխատանքից չեն ազատվել:
Հոկտեմբերի 4-ին տեղի ունեցած կառավարության նիստի հենց սկզբում եւս վարչապետը մի քանի հանձնարարական էր տվել. «Տեղյակ եք, որ հանրապետության նախագահը հանձնարարել է մեզ, որ այս խնդիրը լինի նախարարների ուշադրության կենտրոնում, եւ նախարարներն այսուհետ դրա համար պատասխանատվություն են կրելու… Կառավարության նիստին մենք լսելու ենք նախարարների հաշվետվությունը հարկային պարտավորության կատարման եւ ոլորտում տնտեսական աճի ներուժի վերաբերյալ:
…Հաջորդ նիստին մենք կսկսենք հաշվետվությունների լսումը: Առաջինը կրթության եւ գիտության նախարարը կզեկուցի ոլորտի իրավիճակի մասին, երկրորդը` տրանսպորտի եւ կապի նախարարը, երրորդը` էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը: Այսօրվանից տեղեկանքներ եւ մանրակրկիտ ուսումնասիրություններ պատրաստե՛ք տնտեսական, հարկային ներուժի եւ այն մասին, թե ինչպես են ձեռնարկությունները կատարում իրենց հարկային պարտավորությունները»:
Երեկ կառավարության «հաջորդ նիստն» էր, ու պետք է ԿԳ նախարարը վարչապետին ներկայացներ իր զեկույցը: Բայց նախարարներից ոչ մեկը չէր կատարել Տ. Սարգսյանի հանձնարարականը, ու որեւէ մեկը հաշվետվություն չներկայացրեց:
Էլ չենք խոսում Տ. Սարգսյանի մյուս հանձնարարականների ու ծրագրերի մասին՝ կապված «Հայկական աշխարհի», Գյումրու տեխնոպարկի, Դիլիջանը ֆինանսական կենտրոն դարձնելու եւ այլնի հետ:
Հ.Գ. Ի դեպ, Սերժ Սարգսյանն էլ հանձնարարել էր կոռուպցիոն երեւույթների, պետական միջոցների չարաշահման դեմ պայքարելիս «գլխից բռնել եւ բացահայտել մեղավորներին»: Առայսօր ձերբակալված ամենաբարձր պաշտոնյան եղել է ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը: Եւ վերջ:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս