Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես Armlur.am-ին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, Երևանի քաղաքապետի հրավերով ապրիլի 29-ից մայիսի 2-ը պաշտոնական այցով Երևանում գտնվող Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ:

Ողջունելով գործընկերոջը և պատվիրակության անդամներին՝ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու համար և վստահեցրել, որ Սանկտ Պետերբուրգի նահանգապետի այցով երկու քաղաքների միջև առկա փոխգործակցությունն ու գործընկերային կապերն էլ ավելի կամրապնդվեն ու կընդլայնվեն:

Քաղաքապետը նաև բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված Սանկտ Պետերբուրգի կառավարության ջանքերը՝ մեկ անգամ ևս շեշտելով, որ ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի հետ հարաբերությունները Երևանի համար առանձնակի են կարևորված` հատկապես հաշվի առնելով երկու քաղաքների արդյունավետ ու հաջողված փոխգործակցությունը:

«Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև առկա հարաբերություններն, իսկապես, տարեցտարի ավելի զարգանում և ընդլայնվում են: Քիչ անց մենք կստորագրենք երկու քաղաքների միջև առկա համագործակցության 2015-2020 թթ. ծրագիրը, որով նոր թափ կհաղորդենք փոխշահավետ գործակցությանն ու նոր էջ կբացենք գործընկերային հարաբերությունների մեր պատմության մեջ: Եվ համոզված եմ, պարոն նահանգապետ, որ համագործակցության այս նոր ծրագրով մենք գործնական նոր որակ կհաղորդենք Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև կառուցողական ծրագրերի իրականացմանը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար` Սանկտ Պետերբուրգի նահանգապետն իր հերթին նշել է, որ Երևանի հետ հարաբերությունները Սանկտ Պետերբուրգի համար միշտ էլ հեռանկարային են եղել, և որ երկու կողմերի հարաբերությունների ներուժն ակնհայտորեն զարգացման լայն հնարավորություններ է տալիս: Գեորգի Պոլտավչենկոն առանձնակի կարևորել է նաև երկու քաղաքաների միջև համագործակցության ընդլայնմանն ուղղված Երևանի քաղաքապետի պատրաստակամությունն ու վստահեցրել է, որ դա մեծապես նպաստում է արդյունավետ համագործակցության խթանմանը:

«Հայ և ռուս ժողովուրդների սերտ կապերն ու դարավոր բարեկամությունն ամուր հիմք են երկու պետությունների քաղաքների միջև աշխույժ ու դինամիկ զարգացում ապահովելու համար: Երևանը ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի համար կայուն և վստահելի գործընկեր է, և մենք կարևորում ենք երկուստեք փոխգործակցության ընդլայնումը: Բացի այդ, Երևանը մեզ համար նաև իսկապես հարազատ քաղաք է, և մենք բարձր ենք գնահատում կառուցողական գործընկերային այն մթնոլորտը, որն առկա է մեր հարաբերություններում:

Եվ ինչպես տեսնում եք, պարոն քաղաքապետ, մենք այս անգամ բավականին մեծ պատվիրակության կազմով ենք այցելել Երևան, ինչը մեկ անգամ ևս փաստում է այն կարևորությունը, որ մենք տալիս ենք Երևանի հետ հարաբերությունների խորացմանն ու ամրապնդմանը: Ու ես նույնպես համոզված եմ, որ ստորագրվելիք 5-ամյա ծրագիրն իսկապես նոր թափ կհաղորդի մեր փոխշահավետ համագործակցությանն ու հնարավորություն կտա ընդլայնել քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում արդյունավետ գործակցությունը»,- նշել է Գեորգի Պոլտավչենկոն:

Հանդիպման շրջանակում կողմերը պայմանավորվել են ստեղծել աշխատանքային խմբեր, որոնք կքննարկեն ստորագրված համագործակցության ծրագրով նախատեսված ուղղություններով գործնական քայլերի ժամանակացույցը:




Լրահոս