Տեւական ժամանակ է, ինչ ՀՀ Լոռու մարզի Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի շուրջ կրքերը չեն հանդարտվում: «Ժողովուրդ»-ը արդեն տեղեկացրել է, որ բնապահպանության նախարարությունը ստուգումներ է իրականացնում «Ախթալայի ԼՀԿ»-ում: Երեկ «Ժողովուրդ»-ը բնապահպանության նախարարությունից տեղեկացավ, որ ստուգումների արդյունքում լուրջ խախտումներ են արձանագրվել, ինչի համար էլ «Ախթալայի ԼՀԿ»-ն տուգանվել է:
Հիշեցնենք, որ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը դեռեւս 2013 եւ 2014 թվականներին է ստուգումներ իրականացրել «Ախթալայի ԼՀԿ»-ում: Դրանց արդյունքում արձանագրվել են ընդերքօգտագործման ոլորտի եւ պայմանագրային պարտավորությունների կատարման որոշ խախտումներ, որոնցից մի մասն արձանագրվել է նաեւ 2013 թվականին իրականացված ստուգման ժամանակ:
ախտումների մի մասի վերաբերյալ ընկերությունը ներկայացրել էր առարկություններ եւ բացատրություններ, իսկ որոշների մասով էլ հայտնել էր, որ դրանց վերացման ուղղությամբ իրականացվող միջոցառումները գտնվում են ընթացքում: ԲՆ աշխատակազմի ընդերքի պետական տեսչության կողմից ընկերությանը տրվել էր հանձնարարական ծանուցում՝ արձանագրված խախտումները վերացնելու համար:
Տեղեկացնենք, որ «Ախթալայի ԼՀԿ»-ն ընդգրկված է նաեւ այս տարի ընդերքի պետական տեսչության կողմից ստուգման ենթակա ընկերությունների ցանկում, եւ առաջիկա ստուգումների արդյունքում հնարավոր կլինի պարզել, թե որքանով են նախորդ տարի տրված հանձնարարականների ուղղությամբ ընկերության կողմից իրականացված միջոցառումները բավարար:
Իսկ մինչ այդ արձանագրենք, որ երկու տարի անընդմեջ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը ստուգումներ է իրականացրել «Ախթալայի ԼՀԿ»-ում, սակայն չնայած հայտնաբերված խախտումներին` ընկերությունը ո՛չ տուգանվել է, ո՛չ էլ պատժվել: «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե ինչու նախարարությունը երկու տարի ստուգելուց եւ խախտումներ հայտնաբերելուց հետո չի տուգանել ընկերությանը, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը պատասխանեց. «Ե՛ւ կտուգանենք, ե՛ւ կպատժենք»:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ բացի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից՝ վերը նշված ընկերությունում իր հերթին ստուգումներ է իրականացրել նաեւ բնապահպանության նախարարությունը: Նշենք, որ ստուգումների արդյունքում ԲՆ-ն բավականին լուրջ խախտումներ է հայտնաբերել, սակայն չգիտես թե ինչու՝ բավարարվել է չնչին չափի տուգանքով:
ՀՀ բնապահպանության նախարարությունից «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությունը ստուգել է «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ում բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման ընթացքը: Արձանագրվել են բնապահպանական օրենսդրության մի շարք խախտումներ, ինչի համար գլխավոր տնօրենը ենթարկվել է վարչական տուգանքի՝ 300 հազար դրամի չափով, իսկ շրջակա միջավայրի աղտոտման եւ տրված չափաքանակից ավելի ջրային ռեսուրսների օգտագործման համար կազմվել է 5.19 մլն դրամի վնասի վերականգման ակտ: Միաժամանակ ընկերությանը տրվել է սեղմ ժամկետում շրջակա միջավայրի աղտոտման կանխարգելման բնապահպանական միջոցառումների ծրագրի մշակման հանձնարարական: Այսինքն՝ ԲՆ-ն բավարարվել է օրինախախտ ընկերությանը միայն 300 հազար դրամի չափով վարչական տուգանք նշանակելով եւ պարտադրել բնությանը պատճառված 5.19 մլն դրամի վնասը վերականգնել:
Տեղեկացնենք, որ վերջին երկու տարիներին «Ախթալայի ԼՀԿ»-ն գտնվում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանի վերահսկողության ներքո: Մաքսիմ Հակոբյանը ՀՀ իշխանություններին հարազատ մարդ է: Հավանաբար սա է պատճառը, որ խախտումները տուգանքների չեն վերածվում, այլ մնում են օդում կախված կամ էլ ստուգող մարմինները բավարարվում են ձեւական տուգանքով, որը ոչինչ չի փոխում:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ