Գևորգ Կոստանյանը պրոբացիոն ծառայության ներդրման մեջ անընդունելի կետեր նկատեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կառավարությունում քննարկվեց Հայաստանում պրոբացիոն ծառայություն ներդնելու հարցը: Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այս առնչությամբ կառավարությունում նշեց.

«Հայեցակարգի շրջանակներում նախատեսվում է ստեղծել Արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայություն: Այն ներառում է մի շարք միջամտություններ, որոնց թվում են վերահսկողությունը, ուղղորդումն ու աջակցությունն` ուղղված հանցագործություն կատարած անձի սոցիալական ներգրավվածությանը, ինչպես նաև հանրային կյանքի ներգավվածությանը: Պրոբացիոն ծառայության հիմնական խնդիրներ են՝ կատարել ազատությունից զրկելու, խափանման հետ կապված պատիժները, նպաստել քրեակատարողական հիմնարկների բեռնաթափմանը: Նպաստել առավել տեղեկացված, անաչառ որոշումների կայացմանը` խափանման միջոցի ընտրության և նշանակման գործընթացում: Նպաստել առավել տեղեկացված և անաչառ որոշումների կայացմանը՝ դատապարտյալին պատժի պայմանական վաղաժամկետ ազատման կամ պատժի չկրման նոր պատժատեսակով փոփոխման գործընթացներում»,- նշեց նախարարը:

Նախագծի մասին իր դիտարկումները ներկայացրեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Նա նշեց, որ հայեցակարգը բավականին երկար քննարկվել է:  Կոստանյանի խոսքով՝ իրենց առաջարկները վերաբերում են մինչդատական վարույթում պրոբացիոն ծառայության ներգրավման հնարավորությանը:

«Խնդիրը նրանում էր, որ պրոբացիոն ծառայողը պետք է կարծիք հայտնի, թե տվյալ անձի նկատմամբ ինչ խափանման միջոց պետք է կիրառի նախաքննության մարմինը, կամ դատարանն արդյոք կալանքը որպես խափանման միջոց կիրառելու ժամանակ ինչ չափով պետք է հաշվի առնի պրոբացիոն ծառայողի կարծիքը, տվյալ անձի նկատմամբ, տվյալ խափանման միջոցը կիրառելու նպատակահարմարության վերաբերյալ: Սա մեր խորին համոզմամբ անընդունելի է մի քանի պատճառներով»,- նշեց Գ. Կոստանյանը:

Արձագանքելով՝ Հովհաննես Մանուկյանը նշեց. «Ես ձեզ ուզում եմ ասել, որ մենք հենց այդ ծրագրով էլ գնում ենք: Եթե դուք նկատեցիք, ես ասացի, որ մենք փուլային ճանապարհով ենք գնում»:




Լրահոս