ԴՐԱՄԱՀԱՎԱՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզի Հոռոմի գյուղի բնակիչ 56-ամյա Նշան Մարգարյանը «Ժողովուրդ»-ի միջոցով ահազանգում է, որ գյուղի միջնակարգ դպրոցում, հակառակ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի արգելքների ու նախազգուշացումների, դրամահավաք է իրականացվում՝ անցնելով չափն ու սահմանը: «Դասամատյանների համար առաջինից մինչեւ 10-րդ դասարան փող են հավաքում: Դա հերիք չէ, գերազանցիկ երեխաներին գովասանագիր տալու համար էլ են փող հավաքում»,-զայրացած ասաց Նշան Մարգարյանը` հավելելով որ նույն դպրոցում են սովորում նաեւ իր երկու թոռնիկները:
Մեզ հետ զրույցում Հոռոմի դպրոցի տնօրեն Լուսիկ Դարբինյանը, լսելով տեղեկությունը, զարմացավ: «Ես նման բան չեմ լսել եւ նման բողոք չեմ ստացել»,-ասաց նա՝ հավելելով, որ ինքը նոր է նշանակվել դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար եւ տեղյակ չէ դրամահավաքից: Մինչդեռ Նշան Մարգարյանը պնդում էր, որ իրենք դիմել են դպրոցի տնօրինությանը՝ դրամահավաքը դադարեցնելու կոչով: Սակայն տնօրինությունից ծնողներին պատասխանել են. «Մեզ կրթության եւ գիտության նախարարությունից ասել են՝ վաճառե՛ք, մենք էլ անում ենք»:




Լրահոս