Անուշիկ Ալավերդյանը` հայերիս օտարամոլ լինելու և իր մայրանալու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 30-ին, երբ  մայրաքաղաքը ջազ էր լսում, երեւանցիների օրը տոն դարձնելուն մասնակցում էր նաեւ երգչուհի Անուշիկ Ալավերդյանը: Նա Armlur.am-ի հետ կիսվել է համերգից ստացած տպավորություններով: Ապագա մայրիկը խոսել է նաեւ անձնականից` խոստովանելով, որ իր հղիությունն արդեն թաքցնել հնարավոր էլ չէ:

-Ջազի միջազգային օրը Երեւանում բացօթյա ջազ համերգ տեղի ունեցավ, որին մասնակցում էիք նաեւ Դուք: Ի տարբերություն մայրաքաղաքում ավելի վաղ կայացած ռեփ եւ ռոք համերգներին՝ ջազ համերգին, կարծես, այնքան էլ մեծ թվով մարդիկ չէին ներկայացել. ըստ Ձեզ, ո՞րն էր պատճառը:

-Ես իմ բենդով մեծամասշտաբ համերգներ չեմ տվել, բայց գրեթե  բոլոր համերգներին էլ դահլիճները լեփ-լեցուն են եղել, եկել  են ջազ սիրողներ ու իմացել, որ լավ երաժշտություն են լսելու: Իսկ երեկվա համերգին, ճիշտ է, շատ մարդիկ չկային, բայց, համենայն դեպս, կարեւորն այն է, որ եկել էին նրանք, ովքեր ուզում էին որակյալ երաժշտություն լսել: Եթե, օրինակ, Երեւան Ռեյ Չարլզի կալիբրի մեկը գար, համերգ տար, համոզված եմ, որ մեծ քանակով մարդիկ էին հավաքվելու, որովհետեւ  մենք օտարամոլ ենք…Բայց ոչինչ, մենք դրանից չենք նեղվում, թող մարդկանց թիվը քիչ լինի, բայց իմանանք, որ հանդիսատեսի ճաշակը  բարձր է: Ինքս իմ ելույթից հետո պարզապես վայելում էի համերգը:

անուշիկ

-Երկրպագուները համերգի ընթացքում արդեն ֆիքսել էին Ձեր մեծացած փորը, որը փորձել էիք ծածկել լայն զգեստով…

-Հղիությունս թաքցնել արդեն հնարավոր էլ չէ…(ծիծաղում է):

-Երեխայի սեռն արդեն պարզե՞լ եք:

-Դեռ չեմ ուզում ասել…

-Դեռ որքա՞ն ժամանակ կմնաք բեմում, իսկ մայրանալուց հետո ստեղծագործական դադարը երկար կտեւի՞:

-Առջեւում մի շարք նշանակված համերգներ ունենք, չգիտեմ, թե մինչեւ մայրանալը որքան ժամանակ կմնամ բեմում. կոնկրետ չեմ պլանավորել: Նույն կերպ դժվարանում եմ ասել, թե երբ կվերադառնամ բեմ: Համենայն դեպս, մի բան հստակ է. մենք երաժիշտների ընտանիք ենք եւ առանց երաժշտության ապրել չենք կարող…

Աննա Բաբաջանյան




Լրահոս