Հրանտ Մաթևոսյանի ծննդավայր Ահնիձորը կխոշորացվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գրող Հրանտ Մաթեւոսյանի ծննդավայրում՝ Լոռու մարզի Ահնիձոր գյուղում ապրում է մոտ 173 բնակիչ: Գյուղապետ Վանիկ Քառյանի խոսքերով` բնակիչները հեռանում են գյուղից, որովհետեւ աշխատատեղ չկա, իսկ անասնապահությունով չեն կարողանում ընտանիք կերակրել: Գյուղը մանկապարտեզ չունի, իսկ դպրոցի աշակերտների թիվն ընդամենը քսան է: Մինչդեռ տարիներ առաջ նրանց թիվը հարյուրից անցել է: Armlur.am-ին հայտնի դարձավ, որ մոտ օրերս ՀՀ Լոռու մարզի Ահնիձոր գյուղում տեղի են ունեցել համայնքների խոշորացման թեմայով քննարկումներ: Այս եւ այլ հարցերի շուրջ Armlur.am-ը զրուցեց գյուղապետ Վանիկ Քառյանի հետ:

-Պարոն Քառյան, գյուղի բնակիչները հիմնականում ինչո՞վ են զբաղվում, եկամտի ի՞նչ աղբյուր ունեն:

-Անասնապահությամբ, ուրիշ ոչնչով: Գյուղի մարդիկ քիչ-քիչ հեռանում են, քանի որ աշխատատեղ չկա, գումար չեն կարողանում վաստակել: Չեն կարողանում ապրել:

-Մայիսի 17-ին համայնքների խոշորացման մասով ձեր գյուղում հանրաքվե կանցկացվի: Մինչ այդ քննարկումներ անցկացվե՞լ են:

-Այո, անցկացվել են: Մի քանի անգամ կազմակերպվել են:

-Այդ դեպքում բնակիչներին ի՞նչն է անհանգստացնում, ի՞նչ հարցերի մասին են նրանք բարձրաձայնում:

-Ամեն դեպքում, իրենք իրենց կարծիքը մայիսի 17-ին կհայտնեն, ես չեմ փորձում միջամտել, խառնվել, որովհետեւ դա ժողովուրդի գործն է: Բայց նշեմ, որ կոնկրետ խոշորացման մասով իրենք նույնպես անհանգստացած են: Կան նաեւ մարդիկ, ովքեր հույս ունեն, որ այս կերպ գյուղի համար մի բան կարվի, ծրագրեր կիրականացվեն, իսկ գյուղն էլ կզարգանա: Գումարներ կներդնեն, որն այս պահին չունենք:

-Եթե խոշորացման մասով անհանգստացած են, ապա դե՞մ կարտահայտվեն այս ծրագրին:

-Դա ժողովուրդի գործն է, ինչպես իրենք կորոշեն: Կանխատեսել չեմ ցանկանում, բայց երկու կարծիքն էլ կա գյուղում: Գյուղապետարանի աշխատողների կրճատումը, տեղեկանքի խնդիրը, շատ ու շատ հարցեր կան, որոնք անհանգստացնում են մարդկանց: Բոլորի մոտ էլ նույն խնդիրն է: Ուղղակի մեր գյուղը շատ փոքր է, բյուջեն նույնպես փոքր է եւ ոչ մի խնդիր չենք կարողանում լուծել:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ




Լրահոս