Արմենիա TV-ն մեղավորներին ազատել է աշխատանքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Արմենիա” հեռուստաընկերությունը ևս մեկ անգամ ներողություն է խնդրել հեռուստադիտողներից, և հատկապես ֆուտբոլասերներից՝ Հայաստան-Իտալիա խաղի հեռարձակման ժամանակ տեղի ունեցած խոտանի համար, և տեղեկացրել, որ մեղավորները աշխատանքից ազատված են։ Հեռուստաընկերության տարածած հայտարարության մեջ ասված է.
Հարգելի՛ հեռուստադիտողներ և հատկապե՛ս ֆուտբոլասերներ.
ՊանԱրմենիան Մեդիա Գրուպի ղեկավարության անունից ներողամտություն ենք հայցում ֆուտբոլի սիրահարներից Արմենիա Թի Վի հեռուստաընկերության եթերով Հայաստան-Իտալիա ազգային հավաքականների հանդիպման հեռարձակման ընթացքում առաջացած տեխնիկական թերությունների համար:
Տեղի ունեցածն ուղիղ եթերի հեռարձակման կազմակերպման բարդ գործընթացի թերացում է, որը վրդովվեցրել
է մեզ բոլորիս՝ մեր ազգային հավաքականի երկրպագուներին:
Ձեռնարկվել են խստորոշ և հստակ քայլեր. պատասխանատուները պատժված են, մեղավորներն աշխատանքից ազատված: Կիրառված և սահմանված են բոլոր հնարավոր միջոցները՝ նման բան այլևս չկրկնվելու համար:
Մենք հասկանում ենք Ձեր վրդովմունքը և ավելին՝ կիսում այն: Քանի որ երկուստեք գնահատում ենք իրավիճակը նմանօրինակ, այս ամենը մեզ վստահություն է ներշնչում, որ մենք նորանոր հնարավորություններ կունենանք ապացուցելու մեր պրոֆեսիոնալիզմը և կարժանանանք Ձեր գոհունակությանը:
Շնորհակալություն, որ մեզ հետ եք:
Վազրիկ Սեկոյան
Նախագահ և Գլխավոր տնօրեն
ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ
Տեղեկանք
“Պանարմենիան Մեդիա Գրուպե միավորման կազմում ընդգրկված են “Արմենիա”, “Ա-ԹիՎի”, “Արմնյուզ” հեռուստաընկերությունները, “ԱրմՌադիո107″,”Ռադիո Ջան” ռադիոընկերությունները, “Նանե” ամսագիրը և “TV մոլ” շաբաթաթերթը:
2012թ-ի հուլիսի 18-ին ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պաշտոնապես հավանության է արժանացրել նշված միավորմանը և որոշում է կայացրել թույլատրել համակենտրոնացումը:
Նշված որոշման հիման վրա 2012 թվականի օգոստոսի 1-ին “Պանարմենիան Մեդիա Գրուպ” ՓԲ ընկերության և Արմենիա Թի-Վիե ՓԲ, “Ա-ԹիՎի” ՍՊ, “Արմնյուզ” ՓԲ, “Ռադիո 107 ՖՄ” ՍՊ , “Ռադիոո ՊՌՈ”ՍՊ, “ՊանԱրմ Փաբլիշինգ Հաուս” ՓԲ ընկերությունների միջև կնքվել են գործակալական կառավարման պայմանագրեր, ինչի արդյունքում “Պանարմենիան Մեդիա Գրուպ” ՓԲԸ ստանձնել է նշված ընկերությունների կառավարումը:
 




Լրահոս