Քաղաքապետը ծանոթացել է ՀԸԲՄ շենքի կառուցման ընթացքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել են Երեւանում կառուցվող Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության շենքի շինարարական աշխատանքների ընթացքին:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե միության վարչական շենքի ճակատային հատվածը կկառուցվի 20-րդ դարասկզբի Երեւանի Դումայի շենքի համարակալված եւ պահպանված քարերով: Միության անդամները տեղում` պաստառների վրա, հյուրերին ներկայացնելով շենքի ավարտական տեսքը, նշել են, որ ժամանակակից շինարարական լուծումների կիրառման ու հին ճարտարապետության պատմամշակութային առանձնահատկությունների պահպանման զուգորդմամբ վերականգնվում է այն շենքի հորինվածքը, որը գոյություն է ունեցել անցյալում: Շենքի նախագծային ու շինարարական աշխատանքների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվում նաեւ քաղաքաշինական այնպիսի պահանջների, որով կպահպանվեն Երեւանի հին կենտրոնի միջավայրին հատուկ տարրերը: Միության պատասխանատուները, օգտվելով առիթից, հատուկ շնորհակալություն են հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ մշտական ուշադրության եւ քաղաքային իշխանությունների լիազորությունների շրջանակում ցուցաբերվող աջակցության համար:
Ողջունելով ներկաներին քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին վստահեցրել է, որ ՀԲԸՄ-ի հետ համագործակցությունը լինելու է շարունակական: “Երեւանի քաղաքապետարանն իր պատրաստակամությունն է հայտնում միշտ լինել միության կողքին եւ իր լիազորությունների շրջանակում աջակցել բոլոր այն  նախաձեռնություններին, որոնք ուղղված են ի բարօրություն մեր ժողովրդի ու համայն հայության մայրաքաղաքի: Ժամանակակից լուծումներին զուգահեռ քաղաքի պատմական դիմագծի պահպանումը, ըստ էության, հենց այն հիմնական պահանջն է, որը մեր կողմից առաջադրվում է քաղաքաշինական խոշոր ծրագրերի իրականացման հարցում: Եվ այդ տեսանկյունից այս կառույցը որպես այդ մոտեցման արդյունք կարելի է դիտարկել”,-նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Երեւանի կենտրոնում կառուցվող միության շենքը, պատասխանատուների հավաստմամբ, կդառնա Հայաստան-Սփյուռք հարաբերությունների հզորացման ու ՀԲԸ Միության գործունեության ընդլայնման խորհրդանիշ եւ մշակութային միջոցառումների նոր օջախ:




Լրահոս