Հայաստանն ընտրել է ժողովրդավարությունը, այլ ոչ թե քսենոֆոբիայի ճահիճը. Է. Շարմազանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 17-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է մարդու իրավունքների հարգման տեսանկյունից իրավախախտումների կանխարգելմանը եւ կիբերտարածությունում հանցագործությունների դեմ պայքարին նվիրված ԱՊՀ ՄԽՎ համաժողովին եւ հանդես եկել ելույթով:
Ստորեւ ներկայացնում ենք այն.
“Հարգարժան գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք,
Այսօրվա համաժողովին քննարկվող հարցը շատ ակտուալ է ԱՊՀ ՄԽՎ անդամ երկրների համար: Չնայած ռասիզմի եւ քսենոֆոբիայի դեմ ինտենսիվ պայքարին՝ ցավով պետք է նշեմ, որ ԱՊՀ տարածքում կան երկրներ, որտեղ խրախուսվում են ռասիզմի երեւույթները: 
Այսօր Ադրբեջանի ռազմական հռետորաբանությունն առավել հաճախակի բնույթ է կրում, մինչդեռ Հայաստանն իր հասարակությանը պատրաստում է խաղաղության:
Այստեղ հարկ է մեջբերել Անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը.
“Մենք չպետք է պղտորենք մարդկանց միտքն ու հոգին հակամարդկային գաղափարներով ու այլամերժությամբ եւ չպետք է զոմբիացնենք երիտասարդներին: Հայաստանում մեծացող երեխաների բարոյական ու հոգեւոր պատշաճ նկարագիրն ինձ համար չափազանց թանկ արժե”:
Ի հակադրումն այս տեսակետի՝ այս տարվա գարնանն Ադրբեջանի նախագահը, ելույթ ունենալով կառավարության նիստին, հայտարարեց. “Մեր հիմնական թշնամին աշխարհասփյուռ հայությունն է”:
Տիկնայք եւ պարոնայք, 
Նման ռասիստական եւ հակամարդկային հայտարարություններն իրենց արտացոլումն են գտնում ԶԼՄ-ներում եւ համացանցում: Նաեւ կցանկանայի նշել, որ հեռուստատեսությունն ու համացանցը հեղեղված են հակահայկական քարոզչությամբ:
Հարգարժան գործընկերներ,
2004-ի փետրվարի 19-ին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի համատեղ ուսուցման ծրագրի շրջանակում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Դատարանը մարդասպանին ցմահ ազատազրկման ենթարկեց՝ առաջին 30 տարիներին առանց ներման իրավունքի: Ուշագրավ է, որ դեռ դատի ժամանակ ոճրագործի փաստաբանը հայտարարեց, թե “հայի սպանությունն Ադրբեջանում հանցագործություն չի համարվում”:
Հարգելի ընկերներ,
Արդյո՞ք կարող է լինել ռասիզմի եւ քսենոֆոբիայի առավել ցայտուն օրինակ: Իհարկե՝ ոչ:
Ինչպես հայտնի է, Ադրբեջանը, գործարքի մեջ մտնելով Հունգարիայի կառավարության հետ, մարդասպանին տուն վերադարձրեց եւ ներում շնորհեց: Քնած հայ սպային կացնահարածին ներում շնորհելը քսենոֆոբիայի ամենացայտուն օրինակն է: 
Պատահական չէ, որ բազմաթիվ երկրներ եւ միջազգային հեղինակավոր կազմակերպություններ, այդ թվում՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ու ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել են, որ Սաֆարովին ներում շնորհելը հակասում է միջազգային իրավունքի նորմերին եւ նպաստում տարածաշրջանում ապակայունության եւ լարվածության աճին:
Տիկնայք եւ պարոնայք,
Ավարտելով ելույթս՝ ուզում եմ եւս մեկ անգամ հավաստիացնել, որ Հայաստանը, ինչպես եւ ԱՊՀ մի շարք անդամ երկրներ, ընտրել է ժողովրդավարությունն ու հանդուրժողականությունը, այլ ոչ թե քսենոֆոբիայի ճահիճը”:




Լրահոս